Բաց, հրապարակային աշխատանքը, հանրությանը հաշվետու լինելը Էջմիածնի քաղաքապետ Կարեն Գրիգորյանի համար աշխատաոճ է: Այսօր էլ քաղաքապետի եւ համայնքային նորընտիր ավագանու պաշտոնամուտի արարողությունն էր, որ անցկացվեց քաղաքապետարանի նիստերի դահլիճում` Էջմիածնի ողջ ակտիվի մասնակցությամբ:
Կարեն Գրիգորյանը երդվեց Էջմիածնի քաղաքապետի լիազորություններն իրականացնելու ընթացքում անվերապահորեն պահպանել Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, Էջմիածին քաղաքի ավագանու որոշումները, ազնվորեն և բարեխղճորեն կատարել Էջմիածնի քաղաքապետի լիազորությունները, ծառայել Էջմիածնի զարգացմանը, գործել ի բարօրություն նրա բնակիչների և այցելուների:
Քաղաքապետը երդմամբ պարտավորվեց հոգ տանել հնագույն հոգևոր մայրաքաղաքի փառքի պահպանման և բազմապատկման համար, պաշտպանել համայնքի իրավունքները, օրինական շահերը և սեփականությունը, ուժերի անմնացորդ նվիրումով սատարել ժողովրդի հավատին, նպաստել նրա նյութական և հոգևոր վերելքին, աջակից լինել ամեն մի ազնիվ նախաձեռնության, որը միտված կլինի համաքաղաքացիների նվիրական գաղափարների իրականացմանը:
Էջմիածնում միշտ էլ տեղ է տրվում ավանդույթներին: Այսօր դրվեց եւս մեկ ավանդույթի հիմք: Այսօրվանից եւ հետայսու ընտրված քաղաքապետի երդմնակալության արարողության ժամանակ նա պետք է կրի խորհրդանշական լանջաշղթան: Այս ատրիբուտի հեղինակը ժողովրդական վարպետ Արշակ Մանուկյանն է, ով, ի դեպ, նաեւ Էջմիածնի դրոշի եւ զինանշանի հեղինակն է: Հենց նրանից էլ քաղաքապետն ստացավ լանջաշղթան, որ մշտապես ցուցադրված կլինի քաղաքապետարանի նախասրահում:
Ավագանու անդրանիկ նիստը, քաղաքապետի առաջարկությամբ որոշեց հարկային արտոնություն տրամադրել կարկտից տուժած թվով 232 ջերմոցային տնտեսությունների: Զիջվող գումարի ընդհանուր ծավալը գերազանցում էր 2 մլն դրամը:
Կարդացեք նաև
Էջմիածնի նորընտիր ավագանու անդրանիկ նիստում մեկ կարեւոր որոշում եւս կայացվեց : Իսակով փողոցի մեկ հատվածը, ուր ապրել է սիրված երգիչ, գուսան Արամ Ասատրյանը, այսուհետ կկրի հենց նրա անունը: Որոշումն ուժի մեջ կմտնի նոյեմբերի 6-ից, քանի որ հենց այդ օրը լրանում է երգչի մահվան տասը տարին:
Մամլո հաղորդագրություն