ՀՀ Ազգային ժողովի նախագահ Գալուստ Սահակյանը նոյեմբերի 1-ին ընդունել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյի գլխավորած պատվիրակությանը:
Գալուստ Սահակյանը, ողջունելով բարեկամ Բելգիայի Սենատի նախագահին Հայաստանի խորհրդարանում, կարեւորել է Հայաստանի եւ Բելգիայի օրենսդիր մարմինների միջեւ փոխգործակցությունն ու երկխոսության զարգացումը եւ համոզմունք հայտնել, որ տիկին Դըֆրենյի այցը նոր լիցք կհաղորդի հայ-բելգիական միջխորհրդարանական հարաբերությունների հետագա խորացմանը: Այս համատեքստում պարոն Սահակյանը հատկապես կարեւորել է խորհրդարանական բարեկամական խմբերի գործունեության ակտիվացումը:
Անդրադառնալով երկու երկրների միջեւ հարաբերություններին՝ ՀՀ ԱԺ նախագահը նշել է, որ զարգացման մեծ ներուժ կա, սակայն փոխշահավետ համագործակցությունը դեռեւս տեսանելի չէ բոլոր ոլորտներում:
Խորհրդարանի ղեկավարը, դատապարտելով 2016թ. մարտին Բրյուսելում տեղի ունեցած դաժան ահաբեկչական գործողությունը, ասել է. «Կիսելով ազատության եւ մարդու իրավունքների միեւնույն արժեհամակարգը եւ մերժելով ահաբեկչության ցանկացած դրսեւորում՝ մենք խստորեն դատապարտում ենք ցանկացած ահաբեկչական գործողություն եւ մշտապես կանգնած ենք լինելու մեր բարեկամների կողքին»:
Կարդացեք նաև
Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչման հարցին՝ Գալուստ Սահակյանը շնորհակալություն է հայտնել 2015թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցի վերաբերյալ ընդունված բանաձեւի կապակցությամբ եւ հույս հայտնել, որ Քրիստին Դըֆրենյի ջանքերի շնորհիվ Բելգիայի խորհրդարանը կընդունի Հայոց ցեղասպանության ժխտումը քրեականացնող օրինագիծ, քանի որ մեր օրերում եւս, ցավալիորեն, շարունակվում է մարդկության գլխին կախված մնալ ցեղասպանությունների կրկնության վտանգը:
Խոսելով ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացի մասին՝ խորհրդարանի ղեկավարը վերահաստատել է, որ Հայաստանը խնդրի լուծումը տեսնում է բացառապես խաղաղ ճանապարհով՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո: Նա նշել է, որ դա Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միակ ձեւաչափն է, որը կարգավորման ուղիներ գտնելու բավականաչափ ներուժ ունի: Այս համատեքստում Գալուստ Սահակյանը նշել է. «Ադրբեջանի կողմից ապրիլյան ագրեսիան լուրջ վնաս հասցրեց բանակցությունների գործընթացին: Խնդրի խաղաղ կարգավորման գործում փոխվստահությունը վերականգնելու նպատակով անհրաժեշտ է ձեռնարկել միջոցներ, որոնք կկանխեն ուժի նոր գործադրումը եւ նպաստավոր պայմաններ կստեղծեն խաղաղ բանակցությունների առաջ մղման համար»:
Խորհրդարանի ղեկավարը գոհունակությամբ է ընդգծել այն փաստը, որ վերջին մեկ տարվա ընթացքում բելգիական չորս խորհրդարանական պատվիրակություն է այցելել Հայաստան, որոնք զուգորդվել են նաեւ Լեռնային Ղարաբաղ այցելությամբ: Այդ այցերը, Գալուստ Սահակյանի գնահատմամբ, կարեւոր են Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի հանգուցալուծման գործընթացի, հակամարտության նախապատմության մասին համակողմանիորեն իրազեկվելու, այդ տեղեկություններն ու ստացած տպավորությունները գործընկերների հետ կիսելու տեսանկյունից:
Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյը, շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար, կարեւորել է երկու երկրների խորհրդարանականների միջեւ փորձի փոխանակումը: Անդրադառնալով Հայոց ցեղասպանության ճանաչմանը՝ Քրիստին Դըֆրենյը հիշեցրել է, որ Բելգիան եվրոպական երկրների շարքում առաջիններից էր, որ 1998 թ. Հայոց ցեղասպանությունը խստորեն դատապարտող եւ ճանաչող բանաձեւ ընդունեց:
Խոսելով 2015 թ. հուլիսին Բելգիայի Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման վերաբերյալ բանաձեւի ընդունման մասին` նա ասել է, որ դա ընդամենը մի քայլ է ցեղասպանության ճանաչման ճանապարհին եւ հավելել է, որ այն ամբողջական կդառնա Հայոց ցեղասպանության ժխտումը դատապարտող օրենքի ընդունմամբ: Նա հույս է հայտնել, որ իրենց շարունակական աշխատանքի շնորհիվ վերոնշյալ օրենքը կյանքի կկոչվի: Այս համատեքստում Քրիստին Դըֆրենյը ասել է. «Մենք պետք է ընդունենք ժխտումը դատապարտող օրենք, որպեսզի թույլ չտանք ժխտել Հայոց ցեղասպանությունը»:
Անդրադառնալով Լեռնային Ղարաբաղի հակամարտության խնդրին՝ տիկին Դըֆրենյը բարձր է գնահատել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը եւ նշել է, որ Բելգիան Լեռնային Ղարաբաղի հակամարտության լուծումը տեսնում է խաղաղ բանակցային ճանապարհով եւ պատրաստ է այդ հարցում ունենալ իր ներդրումը:
Հանդիպման ընթացքում զրուցակիցները համոզմունք են հայտնել, որ կարվի հնարավորը՝ Հայաստանի եւ Բելգիայի միջեւ համագործակցության առավել սերտացման եւ ընդլայնման ուղղությամբ:
Քրիստին Դըֆրենյը գրառում է կատարել ՀՀ ԱԺ պատվավոր հյուրերի գրքում:
Հանդիպման ավարտին ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ ծավալած գործունեության եւ միջխորհրդարանական բարեկամական կապերի ամրապնդման գործում ներդրած ավանդի համար ՀՀ Ազգային ժողովի Պատվո մեդալով պարգեւատրել է Բելգիայի Թագավորության Սենատի նախագահ Քրիստին Դըֆրենյին:
Այնուհետեւ խորհրդարանի այգում` «Հիշողության պուրակում», նրանք տնկել են հայ-բելգիական բարեկամությունը խորհրդանշող մշտադալար եղեւնի:
ՀՀ ԱԺ հասարակայնության եւ տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչություն