Լրահոս
Օրվա լրահոսը

Պայթեցված տպարանի շենքի սեփականատեր. «Մենք չենք ուզում քաղաքին վատություն անել» (Տեսանյութ)

Նոյեմբեր 01,2016 15:06

Նոյեմբերի 1-ին Հայաստանի ճարտարապետների միության շենքում քննարկվեց հոկտեմբերի 27-ին պայթեցված Առաջին տպարանի կառուցապատման նախագիծը: Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը նշեց, որ Քաղաքաշինության մասին օրենքի համաձայն՝ ցանկացած նախագիծ անցնում է փորձաքննություն, քննարկվում է:

«Քոնսեկոարդ» ՍՊԸ-ի տնօրեն Վռամ Թեւոսյանը նշեց, որ Առաջին տպարանի կառուցապատման նախագծի հարցով երկու հանդիպում է նախատեսված, որոնցից առաջինը, դեռեւս մտադրությունների ու ընդհանուր տեղեկությունների մասին ծանուցում է, իսկ երկրորդ հավաքի ժամանակ ամեն ինչ ավելի հստակ կլինի:

chartarapet2

Նրա տեղեկացմամբ, Առաջին տպարանի տեղում հյուրանոցային համալիր է կառուցվելու, ուսումնասիրվել են, որ քանդման աշխատանքների ժամանակ ինչ քանակի չդիֆերենցված փոշի եւ թունավոր նյութեր են առաջանալու: Ըստ նախնական հաշվարկի, այդ աշխատանքների ընթացքում 560 կգ փոշի, 399 կգ ածխածնի մոնօքսիդ, 43 կգ ծծմբի երկօքսիդ եւ այլ նյութեր կարտազատվեն: Իսկ շինարարական աշխատանքները կձգվեն երկու տարի: Մասնագետը հավելեց, որ արտանետումները կլինեն 90 օրվա ընթացքում, կբարձրանա նաեւ աղմուկի մակարդակը, որը դեռ չի հաշվարկվել:

Նա նշեց, որ շինարարական աշխատանքները պետք է իրականացվեն ցերեկային ժամերին, ու աղմուկն էլ չպետք է գերազանցի 55 դեցիբելը: Ներկայացնելով իրավիճակը՝ Վռամ Թեւոսյանը տեղեկացրեց, որ հիմնական բնապահպանական ռիսկերը կապված են լինելու կաթսայատան աշխատանքների հետ:

Ճարտարապետները տեղեկացան նաեւ, որ երկու տարի առաջ 15 հարկանի բնակելի համալիր կառուցելու նախագիծ էր արվել, հարցը քննարկվել էր քաղաքաշինական խորհրդում ու Ճարտարապետների միությունում, եւ դեռ այն ժամանակվանից պարզ էր, որ տպարանի մեջտեղի մասը քանդվելու է, իսկ կողքի հատվածները պահպանվելու են: Այժմ պատվիրատուն փոխվել է, եւ շենքի հարկերն էլ կրճատվել են մինչեւ 10:

chartarapet1

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը շինարարին ու կառուցապատողին հորդորեց պահպանել տպարանի հատվածները:

Առաջին տպարանի տարածքի սեփականատերը՝ «Մաքուր երկաթ» ՓԲԸ նախկին գլխավոր տնօրեն Գենիկ Կարապետյանը հայտարարեց, որ այս պահին դադարեցված են նախագծային աշխատանքները: Նա դիմեց Ճարտարապետների միությանը. «Թող հարցը մասնագետներն ուսումնասիրեն, որ թյուրիմացություններ չլինեն, որ վաղը ճարտարապետները չասեն, թե աղավաղեցին Թամանյանին: Ուզում եմ արագ կերպով քննարկումներ կազմակերպենք: Մենք ոչ թե ուզում ենք քաղաքին վատություն անել, այլ տուրիստների համար հետաքրքիր դարձնել: 98-ից այդ շենքը սեփականաշնորհված էր եւ բարձիթողի վիճակում էր»:

Նրա համոզմամբ, տպարանի շենքի ներս ընկած մասը, միեւնույն է, չէր երեւում, արժեքավոր բան չէր, ի տարբերություն փողոցին նայող երկու «թեւերի»:

Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930