Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղի 5-րդ դարի խոնարհված եկեղեցին վերակառուցած գործարար Սանասար Ղազարյանը իր հայրենի գյուղում բացել է ձկնաբուծական ֆերմա։ Այս մասին Aravot.am-ին տեղեկացրեց գործարարը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե գյուղի եկեղեցին կառուցելուց ու հոգևոր կյանքն ապահովելուց բացի, չի մտածում արդյոք իր ծննդավայրում աշխատատեղ ստեղծելու ու արտագաղթը կանխելու մասին։
Հիշեցնենք, որ այս գյուղի բնակիչների բնութագրմամբ, իրենց գյուղը հանրապետության ամենաաղքատ, խեղճ տեղանքն է՝ հարևան Նահապետավանի հետ այն եզակի գյուղերից են, որոնք զուրկ են գազաֆիկացումից ու Աստծո բարեհաճությունից։ Գյուղացիները նաև փաստում էին, որ գյուղական աշխատանքի անօգուտ, անեկամտաբեր լինելու ու վարկերի տակ ընկնելու պատճառով գյուղացիների 30 տոկոսը ընտանիքներով արտագաղթել են Ռուսաստանի Դաշնություն։
«Այո, մտածել եմ աշխատատեղեր ստեղծելու մասին, ֆերմերային տնտեսություն եմ հիմնել, որը գրեթե պատրաստ է, արդեն կարող ենք գործարկել, սկզբնական շրջանում 10-15 հոգի են աշխատելու»,- ասաց Սանասար Ղազարյանը։
Գործարարը մանրամասնեց, որ ձկնաբուծարան է հիմնել, որն աշխատելու է դրսի շուկայի համար։ Մեր հարցին, թե խոսքը կոնկրետ ո՞ր երկրի շուկայի մասին է, ասաց․ «Ռուսաստանի Դաշնություն ենք արտահանելու, շուկան արդեն կա»։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ