Aravot.am-ն այսօր Քաղավիացիայի գլխավոր վարչության օդային փոխադրումների կարգավորման վարչության պետ Աննա Չոբանյանից հետաքրքրվեց, թե ինչպիսի՞ պետական աջակցություն են ակնկալում օտարերկրյա ավիաընկերությունները, որը չստանալով` Հայաստանից հեռանում են: Տիկին Չոբանյանին ներկայացրինք Հայաստանում ԵՄ դեսպան Պյոտր Սվիտալսկու դժգոհությունը, որը պարոն դեսպանը հայտնել էր ՏՄՊՊՀ ղեկավարի հետ հանդիպման ժամանակ: Դեսպանն ասել էր, որ լեհական «Լոտ» ավիաընկերությունը 6 ամիս դադարեցրել էր թռիչքը Հայաստանից եւ նա 6 ամիս չի կարողացել մեր երկրից ուղիղ թռիչքով Լեհաստան` իր հայրենիք մեկնել: Պատճառն ըստ դեսպանի, մեր երկրում պետական աջակցության բացակայությունն է:
Այս առնչությամբ Աննա Չոբանյանն ասաց, որ դեսպանի ասածները լավ չենք հասկացել եւ խոսքը ոչ թե Հայաստանի պետական աջակցության, այլ` Եվրոպայում իրենց կոմերցիոն փոխադրողների նկատմամբ գործում են որոշակի պայմաններ եւ այդ դաշտը կարգավորվում է իրենց համապատասխան ռեգուլյացիաներով, որի համաձայն՝ իրենց պետությունը եւ Եվրոպական հանձնաժողովը տրանսպորտի եւ կապի համապատասխան բաժինները կարող են եւ իրավունք ունեն աշխատանքներ տանել ավիաընկերությունների հետ:
Մեր այն դիտարկմանն ի պատասխան, թե դեսպանը հենց Հայաստանից էր ակնկալում պետական աջակցություն, քանի որ ՏՄՊՊՀ ղեկավարը օտարերկրյա գործարարներին էր հավաքել լսելու նրանց ունեցած խնդիրները Հայաստանում, այլ ոչ թե նրանք ինչ խնդիրներ ունեն իրենց երկրներում, տիկին Չոբանյանն ասաց. «Ես գիտեմ, որ որեւէ ավիաընկերությանը, ոչ միայն «Լոտին», այլ նաեւ այլ` եվրոպական լինի, ռուսական լինի, մենք այո, չենք ցույց տալիս որեւէ աջակցություն մեր շուկայում»:
Մանրամասները` տեսանյութում
Կարդացեք նաև
Այսօր Աննա Չոբանյանը հյուրընկալվել էր «Արմենպրես» մամուլի սրահում: Որքան էլ տիկին Չոբանյանը վստահեցնում էր, թե բաց երկնքի քաղաքականությանն անցնելուց հետո Հայաստանում ավիատոմսերը զգալի էժանացել են, ուղեւորահոսքն ավելացել է, ավիաշուկան ավելի մրցակցային է դարձել, լրագրողները օրինակներ բերելով հարցնում էին` ինչո՞ւ վրացական շուկային հաջողվում է բաց երկնքի քաղաքականությունն ավելի արդյունավետ օգտագործել, Հայաստանին` ոչ, ինչո՞ւ են մեր քաղաքացիները նախընտրում Վրաստանից թռչել, ինչո՞ւ են Վրաստանում ավիատոմսերն ավելի մատչելի:
Աննա Չոբանյանի խոսքերով, 2016-ին 2015 թվականի համեմատությամբ ուղեւորահոսքը մեր երկրի 30 տոկոսով աճել է: Նա նաեւ ասաց, որ Հայաստանից Փարիզ, Նյու Յորք, Լոս Անջելես ուղղություններն ավելի էժան են, քան` Վրաստանից: Իսկ թե ինչու է Վրաստանում մրցակցությունն ավելի մեծ, տիկին Չոբանյանն ասաց, որ այդ երկրում բաց երկնքի քաղաքականությունը 2005 թվականից է, Հայաստանում` 2013-ից եւ այս երեք տարիների ընթացքում մեր երկրում մի շարք ուղղություններով տոմսերի գները նվազել են:
Այդուհանդերձ օդային փոխադրումների կարգավորման վարչության պետը նշեց, որ դեպի Եվրոպա ուղղություններով «որոշակի բացեր դեռեւս ունենք»:
Անդրադառնալով ռուսական «Պոբեդա» ավիաընկերությանը, որը Գյումրիի Շիրակ օդանավակայանից անհամեմատ մատչելի գներով թռիչքներ է իրականացնելու դեպի Մոսկվա, Աննա Չոբանյանը հարցին, թե արդյոք անվտանգ են եւ հին չեն այդ ավիաընկերության օդանավերը, ասաց. «Օդանավի հին լինելը ո՞րն է, օդանավը պետք է լինի անվտանգ: Օդանավը պետք է ճիշտ սպասարկվի տարիների ընթացքում»:
Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ