Քաղաքական գործիչներից շատերը պնդում են, որ «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքի նախագիծը չի սահմանում բավարար չափով պատասխանատվությունը կուսակցությունների համար:
Հիշեցնենք, որ սահմանադրական փոփոխություններից հետո վերանայվել են մի շարք օրենքներ, որոնց թվում է «Կուսակցությունների մասին» ՀՀ օրենքը, որն ունի սահմանադրական օրենքի կարգավիճակ և ԱԺ-ում այն դրված է շրջանառության մեջ:
«Մեդիա կենտրոնում» հրավիրված քննարկմանը քաղաքագետ Ստեփան Դանիելյանը, հիշեցնելով, թե ինչ աշխուժություն էր տիրում «Ընտրական օրենսգրքում» կատարվող փոփոխությունների ժամանակ, ցավով նշեց, որ «Կուսակցությունների» մասին օրենքի նկատմամբ չկա այդ մթնոլորտը. «Կուսակցությունների մասին» օրենքն ավելի կարևոր է, քան Ընտրական օրենսգիրքը: Մտածում ենք՝ ինչպես է ընտրական գործընթացը տեղի ունենում, բայց չենք մտածում, թե ում ենք ընտրելու»:
Ստեփան Դանիելյանը մտահոգված է, որ ամբողջ իշխանությունը տալով կուսակցություններին, երբ չունենք համապետական նախագահական ընտրություններ, այդ կուսակցությունների վրա որևէ լուրջ պատասխանատվություն չի դրվում: Նա մատնանշեց, որ այլ երկրներում լուրջ չափանիշներ կան, թե ովքեր կարող են լինել կուսակցականներ: Մինչդեռ մենք ունենք կուսակցություններ, որտեղ համագումարներն անցնում են փակ՝ առանց լրագրողների, որտեղից դուրս գալու իրավունք չկա, երդվում են ատրճանակի վրա, ու եթե դուրս գան, կարող են կրակել, կամ կան կուսակցություններ, որտեղ անդամը դուրս գալու իրավունք չունի, այլ նրան միայն կարող են հեռացնել:
Կարդացեք նաև
Ստեփան Դանիելյանը քննադատեց նաև այն երևույթը, որ մեկ անձը կարող է ողջ կուսակցության ցուցակը գրել. «Ունենք օրինակներ, որ Սերժ Սարգսյանը ոչ միայն ՀՀԿ-ի ցուցակն է գրում, այլև շատ ընդդիմադիր կուսակցությունների ցուցակներ են նրա հետ համաձայնեցվում»:
Ռազմավարական և ազգային հետազոտությունների հայկական կենտրոնի ղեկավար Մանվել Սարգսյանը զարմանում է, եթե ՀՀ-ում գոյություն չունեն ազատ ընտրություններ, կուսակցությունների գոյությունն անհասկանալի է. «Եթե այս երկրում բոլոր կուսակցություններն ընդունում են, որ գոյություն չունեն ազատ ընտրություններ, ապա այդ կուսակցությունների գործառույթները որո՞նք են: Նույն օրը պետք է լուծարվեն: Բայց սնկի պես ամեն տարի կուսակցություններն ավելանում են: 70-90 կնիք գոյություն ունի, հիմնականում դրանք մարդ-կուսակցություններ են, և 20 տարի կարող է այդ անձն իրեն ներկայացնել որպես կուսակցության ղեկավար: Ինչո՞ւ է այս ամենը տասնամյակներով գործում: Թող մի լավ մարդ գտնվի գա ու երկիրը ղեկավարի»:
Մանվել Սարգսյանի պնդմամբ՝ օրենքի նախագծում որևէ պահանջ չկա, թե ինչ ուղղվածություն և ինչ շերտեր է ներկայացնում այդ կուսակցությունը: Կրոնական ուղղվածության հետ կապված դրույթն էլ է հանվել. «Կարծում եմ՝ պարզ է, թե ինչու է հանվել: Բայց ինչո՞ւ են այդպես մարդիկ ստանում սահմանադրական իրավունք ընտրվելու և զբաղեցնելու պաշտոններ պետական կառավարման համակարգում, կառավարելու այս երկիրը: ՀՀԿ-ի պես կուսակցությունն իրավունք չունի գոյություն ունենալու: Եթե հանրությունը կարողանա պարտադրել օրենք, մյուսներն էլ օրենքով գնալու են տուն»:
Պարոն Սարգսյանը ցավով նշեց, որ նորաստեղծ կուսակցություններն էլ իրենց առաջ խնդիր չեն դնում ձևավորել ներկուսակցության ժողովրդավարություն: Նա հիշեցրեց, որ արդեն 1992-ից սկսած ՀՀ-ում կուսակցությունները բարձրացրել են իշխանափոխության հարցը: 25 տարի է անցել, բայց նորաստեղծ կուսակցությունները նույնն են ասում. «Գաղափարական մի թեմա է ստեղծվել, որից դուրս ցանկացած զրույց անընդունելի բան է դարձել: Հարցնում ես՝ ո՞րն է քո ծրագիրը, ասում են՝ ուրեմն Դուք Բաղրամյան 26-ից եք: Տեսեք՝ուր ենք հասել»:
Նա համեմատության համար նշեց, որ եթե եվրոպական երկրներում կան սահմանափակումներ կուսակցության անդամների հետ կապված, համաձայն որոնց՝ պետք է անձն ունենա անբասիր կենսագրություն, ապա մեր երկրում նման բան չկա. կուսակցությունների անդամների մեծ մասը դատապարտված են տարբեր քրեական հոդվածներով. «Պատահական չէ, որ այս օրենքն էլ ավելի լիբերալ է, քանի որ խնդիր է դրված ունենալ կուսակցականներ, որոնք ոչ թե անբասիր են, այլ կառավարելի, ունենալ կուսակցություններ, որոնց հետ ավելի հեշտ լինի կատարել մանիպուլյացիաներ: Այս օրենքով կարելի է բանդա ստեղծել, լիբերալիզմն ուրիշ արժեք է»:
Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Լուսանկարը՝ «Մեդիա կենտրոն»-ի