Կառավարությանն այլեւս կսպասարկի 59 ծառայողական մեքենա: Այսօր խորհրդարանում 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարար Դավիթ Հարությունյանն ասաց, որ 24 ավտոմեքենա կրճատվել է: Առհասարակ, կառավարության համար նախատեսված բյուջեն կրճատվել է հենց սպասարկող ավտոմեքենաների կրճատմամբ պայմանավորված:
Ավելի ուշ, ՕԵԿ խմբակցության պատգամավորը Հովհաննես Մարգարյանը Դավիթ Հարությունյանից հետաքրքրվեց` հնարավո՞ր է, որ ինչ-որ փոխնախարար հեծանիվով սկսի աշխատանքի հաճախել ու նրան ծառայողական ավտոմեքենա չհատկացվի:
Կառավարության աշխատակազմի ղեկավարը պատասխանեց` ծառայողական մեքենա կհատկացվի ցանկացած դեպքում. «Կարող է, հեծանիվով աշխատանքի գալ, բայց այդ դեպքում պետք է գնա մարզ, չեմ կարծում, որ մենք մեզ կարող ենք թույլ տալ այդ շռայլությունը, որ որեւէ մեկը հեծանիվով գնա մարզ»:
Կարդացեք նաև
Կառավարության գործունեության համար 2017 թվականին հատկացվելու է 11,6 միլիարդ դրամ, որով կիրականացվի 29 ծրագիր: Դավիթ Հարությունյանն այդ գումարը բավարար չի համարում, բայց այլընտրանք էլ չկա. պետք է աշխատեն իրենց առջեւ դրված խնդիրները լիարժեքորեն իրագործել այդ գումարով:
Կառավարության փոփոխությունից հետո իրականացվող տեսչական բարեփոխումները`կրճատումների տեսքով, ազդե՞լ են, բյուջեի հատկացումների վրա`Դավիթ Հարությունյանին հարց ուղղեց ՕԵԿ խմբակցության պատգամավոր Հովհաննես Մարգարյանը:
Դավիթ Հարությունյանն ասաց, որ այդ բարեփոխումների լավագույն տարբերակը առավելապես ներքին բարեփոխումներն են, ոչ թե հաստիքների կամ ծառայությունների կրճատումը: Նա նաեւ մանրամասնեց, որ Շուկայի վերահսկողության տեսչության բարեփոխման աշխատանքներն արդեն սկսվել են:
Ի դեպ, Կառավարության աշխատակազմի ղեկավար-նախարարը նաեւ ասաց, որ կառավարությունում քննարկվում է փոխմարզպետների կրճատման հարցը: Այդ մասին հարցրել էր ԱԺ պատգամավոր Էդմոն Մարուքյանը: «Արդյոք դրանք ուռճացված ծախսեր չեն, հատկապես, երբ ստեղծվել էին կոալիցիոն համագործակցության շրջանակներում, բայց շարունակել են պահպանել հաստիքները նաեւ կոալիցիայի լուծարումից հետո»,- ասաց պատգամավորը` հավելելով, որ նոր կառավարությանն առաջարկ էլ է ներկայացրել:
Բացի փոխմարզպետների կրճատման քննարկումներից, վարչապետը հանձնարել է նաեւ մարզպետներից ստանալ առաջարկություններ`այլ կրճատումների մասին: «Սա կարծում եմ, որ ճիշտ որոշում է: Եթե նրանցից չստանա առաջարկություններ, ապա նման հանձնարարական կտրվի վարչապետի կողմից: Կարծում եմ, որ ոչ ուշ, քան մեկ ամսում կստանաք ձեր հացի պատասխանը»,- պատգամավորին ասաց նախարարը:
Հիշեցնենք, փոխմարզպետներին կրճատելու առաջարկ էր արել նաեւ «Առավոտը»:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ