Քանի որ վերջին շրջանում շատ էին բորբոքված կրքերը Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի շուրջ, հույս կար, որ ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը իր վերջին մամուլի ասուլիսում մի փոքր կպարպի այդ մթնոլորտը, երկրպագուներին լավատեսական բնույթի խոսքեր կասի, Արթուր Պետրոսյանին հավաքականի գլխավոր մարզիչ նշանակելու հետ կապված հեռանկարները կներկայացնի։
Տեղի ունեցավ ճիշտ հակառակը։ Իբր քիչ էր մարզաշխարհը զայրացած, Ռուբեն Հայրապետյանը կրակի վրա հավեսով յուղ լցրեց։ Պարզվեց, թե ով է մեղավոր հայկական ֆուտբոլի ներկայիս անմխիթար վիճակի, հավաքականի տխուր մրցելույթների, «Կարմիր գրքում» հայտնվող հայկական ակումբների համար։ Բայց տվյալ դեպքում մեզ ավելի հեշտ է ասել, թե ով չի մեղավոր դրա համար։ Իհարկե, Ռուբեն Հայրապետյանը։ Նա ամեն ինչ անում է, որ մեր ֆուտբոլը զարգանա։ Բայց իրեն խանգարում են։
Խանգարում են լրագրողները, երկրպագուները, որոշ առաջատար հայ ֆուտբոլիստներ, օտարերկրյա բոլոր մարզիչները՝ սկսած Կապելոյից, վերջացրած Գվարդիոլայով։ Ո՞ւմ մոռացանք։ Մի խոսքով, բոլորը մեղավոր են։
Եթե հավաքականի հանդիպումներին ոչ մի երկրպագու այլեւս չհաճախի, խաղը ոչ մի լրագրող ու լրատվամիջոց չլուսաբանի, հավաքականը համալրվի բացառապես «Փյունիկի», մի քիչ էլ՝ «Բանանցի» կադրերով, մարզիչն էլ միայն զտարյուն հայ լինի՝ ծագումնաբանությամբ, ծնունդով, կնունքով, պետռեգիստրի վկայականով հաստատված, որ հայ է, վստահ ենք, հայկական ֆուտբոլը յոթմղոնանոց քայլերով այնպիսի վերելք կապրի, ինչպիսին չի եղել «Արարատ–73»-ի ժամանակներից ի վեր։
Կարդացեք նաև
Եկեք չխանգարենք Ռուբեն Հայրապետյանին եւ դրանով մեր լուման ներդնենք հայկական ֆուտբոլի զարգացմանը։
Մհեր ՂԱԼԵՉՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Չորրորդ իշխանություն» թերթի այսօրվա համարում