Վերջին ժամանակներս մեզանում սնկի նման սկսել են աճել համահայկական տարբեր նախաձեռնությունները։ «Միացյալ Արմենիա», «Գլոբալ հայեր», «Արդարություն Հայաստան» վերտառությամբ հայտարարությունների ու նախաձեռնությունների միջոցով ասպարեզ են նետվում հայկական աշխարհի «մոդելավորման» մի քանի տարբերակներ։
Հենց սկզբից նշենք, որ այսօրինակ հետաքրքրությունը միանգամայն սպասելի էր երկու հիմնական պատճառներով, իսկ ահա բումի վերածվելու տպավորությունը՝ դրանց մեկտեղման ակնհայտ փաստով։
Առաջինը Հայաստանի ներկա եզակի աշխարհաքաղաքական կացությամբ պայմանավորված՝ մեր հանդեպ հետաքրքրության աճի միտումն է, որը համաշխարհային ուժի տարբեր կենտրոններում վերածվում է հակառակ ուղղվածության զորաշարժերի, այսինքն՝ հայկական առանձին սփյուռքների ակտիվացման միջոցով հայոց Հայրենիքի վերահսկողության փորձերի։
Երկրորդը մոտեցող ընտրություններով պայմանավորված՝ տարբեր քաղաքական ռազմավարությունների աշխուժացումն է, որոնց սուբյեկտները համահայկական դաշտում հաստատվելու եւ ճանաչվելու խնդիր ունեն։ Վերջին առումով իր դերն է խաղում նաեւ Հայաստանի կառավարության փոփոխությունը, ինչը նույնպես փորձ է արվում արժեւորել համահայկական կտրվածքով։
Բայց բոլոր դեպքերում, ինչպիսին էլ լինեն նման նախաձեռնությունների անմիջական շարժառիթները, դրանք կարեւոր են եւ օգտակար որպես գոյություն ունեցող պրոբլեմի հաստատագրումներ։ Դրանք ապացուցում են, որ ողջ աշխարհի հայերի համախմբման եւ անգամ միավորման խնդիրը կա, գոյություն ունի որպես չլուծված հիմնախնդիր, որը գլուխկոտրուկի է վերածվել կոնկրետ ձեւաչափերի որոնման մակարդակով։ Այսինքն՝ ամենքին էլ պարզ է, որ դա լավ բան է, բայց թե ինչպես օգտվել նման առավելությունից՝ դեռեւս անհայտ է մնում։
Անցած տարիներին Հայաստանի համապատասխան նախարարության միջոցով իրականացվել են սոսկ Հայրենիք-Սփյուռք կապերի ամրապնդմանն ուղղված քայլեր՝ հաճախ բավարար ուշադրություն չդարձնելով հակառակ ուղղությամբ անհրաժեշտ «երթեւեկության» վրա։ Մինչդեռ համահայկականությունը ենթադրում է երկկողմանի հարաբերությունների հաստատում, ուր Սփյուռքը եւս նախաձեռնողի դերում է։
Որպես օրինակ կարող ենք մատնանշել Արեւմուտքում հզոր արմատներ ձգած մի շարք ազգերի սփյուռքյան կառույցների ակտիվ դերը նրանց պետականության ամրապնդման ու արդիականացման գործում։ Հրեաները կամ իռլանդացիները, հաստատվելով Ամերիկայում, կարողացել են այնպիսի հաջողությունների հասնել այդ երկրի տնտեսության մեջ ու քաղաքական կյանքում, որ հետագայում դարձել են հզորագույն նեցուկներ իրենց ազգային պետությունների համար։ Այսօր այդ պետությունները հասել են արդիականացման աննախադեպ մակարդակի։
Վարդան Գրիգորյան
Հոդվածն ամբողջությամբ կարդացեք «Հայոց Աշխարհ» օրաթերթի այսօրվա համարում