Այն, որ 2017 թվականի բյուջեի նախագծով նվազեցվել են նախագահի աշխատակազմին հատկացվող գումարները, չի նշանակում, որ նախագահի աշխատակազմի աշխատանքը խաթարվելու է, անորակ է լինելու: Այդ մասին խորհրդարանում լրագրողների հետ զրույցում ասաց նախագահի աշխատակազմի ղեկավար Արմեն Գեւորգյանը:
Ի դեպ, ծախսերը կրճատվել են ոչ միայն աշխատակիցների կրճատման, այլ նաեւ կապիտալ վերանորոգման ծախսերի նվազման հաշվին: Արմեն Գեւորգյանը խոստացավ անել ամեն ինչ, որպեսզի որեւէ, այդ թվում նաեւ որակական, խնդիր չլինի:
Արմեն Գեւորգյանը չբացառեց, որ նախագահի աշխատակազմում էլի կրճատումներ լինեն. «Հիմա ներկայացրել է այն, ինչ քննարկվել է վերջին երկու ամսվա ընթացքում կառավարությունում, ազգային ժողովում: Հնարավորության դեպքում էլի խնայողություններ կլինեն»:
Լրագրողներից մեկի դիտարկմանը, որ 2017 թվականին կայանալիք խորհրդարանական ընտրություններից հետո նախագահի ինստիտուտն առաջնային չի լինելու, ուստի ճիշտ կլիներ, որ նախագահի աշխատակազմում էլի կրճատումներ լինեին, Արմեն Գեւորգյանը հակադարձեց. «Համակերպվեք այն մտքի հետ, որ հանրապետության նախագահի ինստիտուտը լիարժեք աշխատելու է այսօրվա Սահմանադրության սկզբունքներով մինչև 2018 թվականի ապրիլը»:
Կարդացեք նաև
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ