Լրահոս
Օրվա լրահոսը

Քաղաքական «միջադիրներ»՝ ընտրություններին ընդառաջ

Նոյեմբեր 01,2016 22:00

Հայաստանում խորհրդարանական ընտրություններին մնացել են հաշված ամիսներ, եւ իշխանությունն ընտրողներին փորձում է ներկայանալ նույն «դեկորացիաներով»: Ուրիշը չունի: Իհարկե, այդ «դեկորացիաներն» ամեն անգամ «ներկվում են» տարբեր գույներով, իսկ բեմ բարձրացած «դերասանները» փորձում են նույն «երգի» ռիթմն ու բառերը փոխել, որ նորովի երեւան, սակայն շատ մեծ ինտելեկտ պետք չէ՝ հասկանալու համար, որ ըստ էության իշխանությունը նոր բան չունի ներկայացնելու:

Եվ հենց դա է պատճառը, որ իշխանություն-հասարակություն քաղաքական շփման կետերում քաղաքական «միջադիրների» առկայությունը դառնում է ցանկացած հետխորհրդային իշխանության համար ուղղակի կենսական անհրաժեշտություն, քանզի անմիջական շփումից այն արագորեն կենթարկվի ինքնափլուզման:

Գաղտնիք չէ, որ հետխորհրդային համակարգերն առանձնանում են իշխանության բնույթով, եւ իշխանություններն օժտված են կասկածելի լեգիտիմությամբ, կասկածելի ծագման ունեցվածքով, այդ երկուսի սերտաճմամբ եւ կետային բռնաճնշումների իրականացմանը ծառայող ուժային ապարատով, ինչպես նաեւ այդ ամենն ընտրությունից ընտրություն ինքնավերարտադրելու համար նախատեսված «մեքենայով»:

Ինքնավերարտադրության գործընթացը դինամիկ է, եւ այդ «մեքենայի» բոլոր դետալները դրվում են շարժման մեջ, մեծանում են ռիսկերը, որ ամենաանհարմար պահի «մեքենան» կարող է ինքնափլուզվել՝ «տեղ չհասնելով», եթե «դեֆորմացիաներն» անցնում են թույլատրելիի սահմանները: Դրա վառ օրինակներն են գունավոր հեղափոխությունները:
Ուստի այդ ռիսկերը գոնե տեսականորեն նվազագույնի հասցնելու համար իշխանություններն այդ «մեքենայի» առավել ռիսկային հատվածներում տեղադրում են տարբեր տրամաչափի եւ ձեւի «միջադիրներ»:

Իշխանական համակարգերը, որն ուղղահայաց ինտեգրված կոռուպցիոն համակարգ են, որտեղ սերտաճել են քաղաքականությունը, բիզնեսը, բյուրոկրատիան, կրիմինալը եւ բռնաճնշման ապարատը, հասարակության հետ իր հարաբերություններում, բնականաբար, խնդիր ունեն պաշտպանվելու հասարակությունից, այլ ոչ թե սպասարկելու նրան, հաշվետու լինելու: Հետեւաբար այդ «միջադիրները» կոչված են իրենց վրա վերցնելու այդ պաշտպանական գործառույթները՝ լինելով եւ մնալով այդ համակարգի կարեւորագույն մասը:

Ամեն բանից «միջադիր» չես սարքի, հետեւաբար այդ «քաղաքական նյութը» պետք է օժտված լինի համապատասխան որակներով: Օրինակ՝ սանտեխնիկական միջադիրները պետք է լինեն պինդ ռետինից, որ դիմանան մեխանիկական ճնշմանը եւ անթափանց լինեն հեղուկ նյութերի համար:

Իսկ քաղաքական «միջադիրն», ըստ այդմ, պետք է ունենա հնարավորինս ցածր ինտելեկտ, հնարավորինս ցածր բարոյականություն, որոշակի ֆինանսական ռեսուրս եւ հանկարծ ոչ մի դեպքում չունենա որեւէ քաղաքական բովանդակություն: Երրորդ կետն իշխանությունը կօգնի իրականություն դարձնել մասամբ, բայց առաջին երկուսը եւ վերջինը պետք է լինեն «ի բնե» եւ ինքնաբուխ, ստեղծագործաբար, եւ այս հարցում իշխանությունը կարող է ցուցաբերել միայն բարոյական աջակցություն: Միեւնույն ժամանակ նրանք պետք է օժտված լինեն հնարավորինս հնչեղ, անառարկելի եւ քաղաքականապես անիմաստ անվանմամբ, ասենք՝ «Շատ լավ Հայաստան», «Ճիշտ Ղրղըզստան», «Առողջ Ղազախստան», «Կուշտ Բելառուս» կամ «Հարգված Մեծ Ռուսաստան» եւ այլն: Իսկ դրանց քաղաքական նշանաբանը պետք է մոտավորապես լինի «հանուն ամենայն լավի եւ ընդդեմ ամենայն վատի» հանգույն:

Բնականաբար եւ իրականում, այդ «միջադիր» ուժերը, բացի քարոզչական հարթությունից, այլ հարթության մեջ, մանավանդ՝ քաղաքական, անելիք չունեն: Հետեւաբար իշխանության մասին պատեռնալիստական (հայրիշխանական) եւ «ավանդապահ» պատկերացումների գերիշխանության պայմաններում նրանց տրված է միայն ի ցույց դնել իրենց ցածր ինտելեկտը եւ ցածր բարոյականությունը:

Դա անխուսափելիորեն բերում է հասարակական ֆրուստրացիայի, ինչը նույնպես կենսականորեն անհրաժեշտ է ինքնավերարտադրման գործընթացի հաջողության համար: Իշխանություններն իրատեսություն են դրսեւորում եւ հասկանում են, որ անհնարին է ընտրություններին հանդես գալ «Իշխանությունը լա՛վն է» «շրջանակային կարգախոսով», որովհետեւ դրան միանգամից փաստերով կառարկեն: Դրա համար առաջ է բերվում ուրիշ բան. «Բոլորն են վատը», կամ «Բոլորն էլ մեկ են, մենք մնանք՝ գոնե կայունություն կլինի»: Իսկ «միջադիրներից» ոմանք էլ կասեն, որ «մեզ արյունահեղություն պետք չէ», «թող ամեն ինչ ազնիվ լինի, եւ մենք հպարտորեն կսեղմենք նորընտիր իշխանության ձեռքը», «մենք չենք ժխտում իշխանության հետ համագործակցությունը, եթե դա ծառայում է ժողովրդին», եւ «մենք դեմ ենք ցնցումներին»: Իսկ մի շարք ԶԼՄ-ներ էլ կգրեն. «մեկ ա՝ բան չի փոխվելու»:

Եվ այդտեղ տեղի կունենա ամենակարեւորը. «կլիենտը»՝ ընտրողը, պատրաստ կլինի հանելու իր ձայնը վաճառքի: Իսկ գնորդներն ընտրությանն ընդառաջ կհաճախեն այդ «շուկան»՝ կատարելու իրենց գնումներն այն չափով, որ չափով կասի «շեֆը», որովհետեւ ամեն ինչ «վերեւում» վաղօրոք հաշվված է, կշռված է եւ բաժանված: Իսկ դժգոհներին եւ ընդվզողներին էլ «կհավաքեն» իրավապահները, իհարկե՝ բացառապես «օրենքով»: Ընտրություններից հետո էլ «ժողովուրդը կասի», իսկ ԶԼՄ-ները կգրեն. «Բա ասում էինք, չէ՞, որ ոչինչ չի փոխվելու»: Ի վերջո, ո՞վ է հիշում, թե որ կուսակցությունն ինչ էր ասում 2012թ. ընտրություններին ընդառաջ, որ պատգամավորի ծրագրում ինչ էր գրված, հիշեն, որ ի՞նչ անեն:

Իսկ հիմա նորից ակտիվացել են «միջադիրները». առջեւում ընտրություններ են, ինքնավերարտադրությունը պետք է անցնի անխափան եւ անցնցում: Եվ եթե դա հաջողվի, ապա հաջորդ տարի մենք կունենանք Ռուսաստանի Պետդումայի կամ Ադրբեջանի Միլի Մեջլիսի մատրիցաներով հավաքած ինչ-որ մի բան: Իհարկե, «տեղական առանձնահատկությունների» շեղումով:

Իսկ դա թույլ չտալու համար մինչ որոշելը, թե ինչ անել, պետք է հստակ լինի, թե ինչ չանել: Նախ՝ այդ «միջադիրները» պիտի դուրս բերվեն ջրի երես՝ անկախ նրանց «բարեգործությունից» կամ բոցաշունչ ճառերից, եւ դրանց հետ կարող է աշխատել միայն մեկ սկզբունք. մի՛ հավատա, մի՛ վախեցիր, մի՛ խնդրիր, մի՛ համագործակցիր: Միայն այդ պայմաններում է հնարավոր հետո խոսել արժեքներից, դրանց շուրջ միավորվելուց, քաղաքական բովանդակությունից, ծրագրերից, կազմակերպական աշխատանքներից եւ ընդհանրապես՝ ընտրական եւ քաղաքական գործընթացից: Իշխանությանը պետք է ուղղակի բերել այն ռեժիմի, որից նա խուսափում է՝ հասարակության հետ առանց «միջադիրների», ուղղակի շփման ռեժիմի: Դա անխուսափելիորեն կմեծացնի հասարակության շանսերը:

 
ՌՈՒԲԵՆ ՄԵՀՐԱԲՅԱՆ

«Առավոտ»

01.11.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Վախթանգ Սիրադեղյան says:

    «Իշխանությանը պետք է ուղղակի բերել այն ռեժիմի, որից նա խուսափում է՝ հասարակության հետ առանց «միջադիրների», ուղղակի շփման ռեժիմի: Դա անխուսափելիորեն կմեծացնի հասարակության շանսերը:» Եթե այդ «բերելը» կատարվելու է ցնցումների միջոցով, ապա ես չէի ուզենա լինել դրա ժամանակակիցը՝ չինական «փոփոխությունների ժամանակ ապրես» խոսքին/անեծքին հանգույն. ցնցումների մասին կարդալը հետաքրքիր է միայն պատմական գործերում՝ լինեն դրանք վեպ թե դասագիրք:

Պատասխանել

Օրացույց
Նոյեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հոկ   Դեկ »
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930