ԲՀԿ նախկին առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ քաղաքականություն վերադառնալու կամ չվերադառնալու հարցը «Ժառանգություն» կուսակցության փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը համարում է անձնական որոշում:
«Այդ հարցը միայն Գագիկ Ծառուկյանին կարելի է տալ, թե արդյոք նա վերադառնում է, թե՝ ոչ: Համենայնդեպս, ՀՀ յուրաքանչյուր քաղաքացի իրավունք ունի Սահմանադրության շրջանակում գործունեություն ծավալել, այդ թվում՝ քաղաքական եւ եթե ցանկություն ունի, իր որոշելիքն է: Կվերադառնա՞, կտեսնենք, թե քաղաքական ինչ օրակարգ առաջ կքաշի: Մի փոքր էլ սպասենք եւ կերեւա, թե վերադառնում է, թե՝ ոչ»,- Aravot.am-ին ասաց Արմեն Մարտիրոսյանը:
Գագիկ Ծառուկյանն այսօր լրագրողների հարցերին ի պատասխան ասել էր, որ կվերադառնա, երբ քաղաքական գործիչները, ժողովուրդը իր պահանջարկը զգան, նա նաեւ առանց մանրամասնելու, թե ովքեր, ասաց, որ իրեն պետք է խնդրեն, որ այդ ծանրության տակ մտնի:
Կարդացեք նաև
Պարոն Մարտիրոսյանից հետաքրքրվեցինք, քաղաքական դաշտում նրա պահանջարկը կա՞. «Ի՞նչ իմանամ, սուբյեկտիվ մոտեցում կլինի իմ կողմից, որովհետեւ ես քաղաքական դաշտի ներկայացուցիչ եմ, եթե էգոիստաբար մոտենամ, ապա որքան քիչ մարդիկ լինեն, այնքան ավելի լավ: Բայց մյուս կողմից, կարող եմ նաեւ ասել, որ եթե իր գալը այնպիսի քաղաքական օրակարգով է լինում, որը բացարձակ «Ժառանգության» հետ հատում չի ունենում, ապա այդ դեպքում, ինքը որեւէ ձեւով քաղաքական դաշտում գաղափարական շրջանակում մրցակից չի կարող լինել»:
Նա դժվարացավ ասել, թե ում նկատի ուներ Գագիկ Ծառուկյանը՝ ասելով, որ իրեն պետք է խնդրեն, որ ծանրության տակ մտնի:
ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Լեռնիկ Ալեքսանյանն էլ բացառեց, որ իշխանությունները Գագիկ Ծառուկյանին խնդրեն վերադառնալ. «Իշխանությունները խնդրելու խնդիր չունեն: Իշխանություններին պետք է, որ քաղաքական դաշտը կայանա: Եթե Ծառուկյանի գալով՝ ԲՀԿ-ն կդառնա կուսակցություն, ավելի ուժեղ, քաղաքական դաշտի դեմքը, ապա ՀՀԿ-ն ուրիշ կուսակցության անդամին ի՞նչ խնդրի»:
Ըստ նրա, Գագիկ Ծառուկյանի պահանջարկ լինելու, չլինելու մասին պետք է ասեն ԲՀԿ-ականները. «Իսկ որոշումն իրենն է, ինքը կմտնի՞ քաղաքական դաշտ, թե՞ չի մտնի: Իր կուսակիցների մեջ այդ պահանջարկը կա, քաղաքական դաշտում ինքն է որոշում՝ ինչու է մտնում, ոնց է մտնում»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ