Լրահոս
Օրվա լրահոսը

Սարալանջի եկեղեցում գյուղի սուրբ գրքի՝ «Նարեկի» միջոցով շարունակելու են մարդկանց բուժել (Տեսանյութ, ֆոտոշարք)

Հոկտեմբեր 31,2016 20:44

Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղում վերաբացվեց ու օծվեց եկեղեցին, որը 5-րդ դարի բազիլիկ ոճի կառույց է։

Եկեղեցին, որը վերջին շրջանում խոնարհվել էր, սովետական տարիներին օգտագործվել է որպես պահեստ, այսպիսով գյուղի ժողովրդին զրկել էին մկրտվելու, եկեղեցական հարսանիքներ ու այլ ծեսեր անելու հնարավորությունից։ Այն վերջերս վերանորոգել է ծննդով սարալանջցի, սակայն Արթիկում բիզնեսով զբաղվող Սանասար Ղազարյանը։

img_4522 img_4581 img_4586 img_4587 img_4589 img_4591 img_4595 img_4600 img_4604

Շիրակի թեմի առաջնորդ Միքայել եպիսկոպոս Աջապահյանը, օծելով եկեղեցին ու շնորհավորելով գյուղի բնակիչներին, ասաց․ «Եկեղեցին, որ կառուցվում է մի գյուղում, չի նշանակում վերջացավ, այլ նշանակում է սկսվեց, ոչ թե հիմա պետք է ձեռքերդ ծալեք, ասեք՝ ինչ լավ է, եկեղեցի ունենք, կարող ենք այլևս ոչ մի բանի մասին չմտածել, ո՛չ, եկեղեցին պատասխանատվություն է և պարտականություն է։ Սկսվեց, հոգևոր կյանք սկսվեց, եթե մինչև հիմա զանազան պատճառաբանություններ ունեիք, թե ինչու ձեր երեխաները մկրտված չեն ժամանակին, այլևս հիմա այդ պատճառաբանությունը չունեք։ Գյուղում այլևս անկնունք երեխա չպիտի մնա, պիտի ամաչի այն ընտանիքը, որտեղ չմկրտված երեխա կա, պիտի ամաչի, պիտի ամոթ զգա, որովհետև ոչ մի պատճառաբանություն չի կարողանալու բերել, մնացած բոլոր պատճառաբանությունները ցնդաբանություններ են։ Գյուղում ոչ մի ամուսնական զույգ, ամուսնացող զույգ առանց եկեղեցական պսակի չի կարող ընտանիք կազմել, էս ինչ տղան էս ինչ գյուղից աղջիկ փախցրեց, ափալ-թափալ ամուսնացավ, չի կարող լինել նման բան՝ առանց պսակի արարողության այս եկեղեցում»,- ասաց Միքայել Սրբազանը։

Արթիկի թեմի առաջնորդ Հայր Նարեկ վարդապետ Ավագյանն էլ ասաց, որ եկեղեցին կոչվեց «Սուրբ Նարեկ» Սուրբ Գրիգոր Նարեկացու անունով՝ գյուղում բազում մարդկանց բուժած, հրաշագործություններ կատարած «Նարեկի» շնորհիվ։ Նա նաև ասաց, որ ամեն տարի հոկտեմբերի ամսի երկրորդ շաբաթ օր՝ թարգմանչաց տոնին, որը Նարեկացու տոնն է, այս եկեղեցու ուխտի օրն է լինելու։

Տեր Եղիշե քահանա Ղազարյանն էլ պատմեց, որ մեծ զորություն ունեցող սուրբ գիրքը՝ «Նարեկը» եղել է գյուղի քահանայի՝ Տեր Հարությունի ձեռք գիրքը, այն 1700-ական թվականի գիրք է, այն բազում մարդկանց կյանքեր է փրկել, հրաշագործություններ կատարել։ Գիրքը պահպանվել է քահանայի ընտանիքում, ու նրա ժառանգները եկեղեցու վերաբացումից հետո հանձել են եկեղեցուն։ Նա ասաց․ «Նարեկը տեղափոխեցին եկեղեցի, որպեսզի այն ոչ թե մեկի տանը լինի, այլ եկեղեցում լինի, որպեսզի մարդիկ գան, համբուրեն, բժշկվեն, զորանան,պատարագին ժամերգության ժամերին այս «Նարեկով» պիտի կատարենք նաև բժշկության կարգ»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31