Դեռ 1952թ. Թուրքիան անդամագրվեց ՆԱՏՕ-ին՝ պահպանելու ռազմավարական կարևոր նշանակություն ունեցող երկիրը ռուսական ագրեսիայից: Թուրքիայի խորհրդային օկուպացումը կամ հնարավոր կոմունիստական հեղափոխությունը կարող էր հնարավորություն տալ Խորհրդային Միությանը իր ազդեցությունը տարածել Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի վրա, «Ալ-Արաբիայի» կայքում գրում է սյունյակագիր, թուրքական Today’s Zaman թերթի լրագրող Մահիր Զեյնալովը:
Այդ ժամանակից ի վեր Թուրքիայի անվտանգության համար միակ խոշոր սպառնալիքը եղել է Ռուսաստանը: Անկարան մեծ կարևորություն է տվել անվտանգության ոլորտում Արևմուտքի հետ իր ինտեգրմանը՝ Սևծովյան և Կկովկասյան տարածաշրջաններում Ռուսաստանին դիմակայելու համար:
1568թ. ի վեր Օսմանյան կայսրությունը և Ռուսաստանը պատերազմել են 12 անգամ, դրանցից 9-ը՝ Ղրիմի նկատմամբ վերահսկողություն սահմանելու համար: 2014թ., այնուամենայնիվ, Ռուսաստանը բռնակցեց Ղրիմը: Բացառությամբ մեղմ դիմակայության՝ Անկարան այս հարցում հիմնականում լուռ էր: Ղրիմի նկատմամբ վերահսկողությունը Մոսկվային թույլ տվեց իր ազդեցությունը տարածել տարածաշրջանում:
Ռուսաստանի աճող գերակայությունը
Ղրիմի բռնակցումից հետո Ռուսաստանը զգալիորեն ավելացրեց իր ռազմական ներկայությունը Սև ծովում: Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանը դատապարտեց Ռուսաստանին՝ Սև ծովը «ներքին լճի» վերածելու համար: Օգոստոսին Ռուսաստանի բանակի ղեկավարությունն ընդգծեց, որ Սև ծովում իրենց նավատորմը շատ ավելի ուժեղ է, քան Թուրքիայի նավատորմը:
Թուրքիայի սահմանակից մի շարք երկրներ՝ Սիրիան, Իրանը, Ադրբեջանը, Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը, Ռուսաստանի դաշնակիցներն են: Եվ այս ամենը զարգանում է մի ժամանակ, երբ Ռուսաստանի և Թուրքիայի գլխավոր դաշնակցի՝ ԱՄՆ-ի միջև հարաբերությունները ամենալարվածն են 40 տարվա կտրվածքով:
Տեղեկություններ կան նաև, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն իր ատոմային հրթիռները մոտեցրել է Եվրոպայի արևելքին և ավիակիրներ ուղարկել Հյուսիսային ծով: Մոսկվան հայտարարել է, որ կխոցի կոալիցիայի ցանկացած օդանավ, որը հարված կհասցնի Ասադի բանակին:
Էրդողանը թեքվում է դեպի Մոսկվա
Թուրքիայի կողմից արդարացված կլիներ, եթե նա, իրեն անպաշտպան զգալով, խորացներ անվտանգության շուրջ համագործակցությունը ՆԱՏՕ-ի ավանդական դաշնակիցների հետ և փորձեր դիմակայել Ռուսաստանի գերակայությանը: Այնուամենայնիվ, թվում է, հակառակ բանն է տեղի ունենում:
Թուրքիան անցնում է ռուսական ճամբար՝ խորացնելով համագործակցությունը ռազմական և առևտրային ոլորտներում և Մոսկվան դիտելով որպես տարածաշրջանում իր շահերն առաջ տանելու միջոց: Մինչ Ռուսաստանը ԱՄՆ-ին սպառնում է Սիրիայի հարցով, Թուրքիային խոստանում է համագործակցություն:
Թուրքիայում հուլիսի 15-ի տապալված հեղաշրջման փորձից հետո նախագահներ Էրդողանը և Պուտինը հանդիպել են 3, և հեռախոսազրույց են ունեցել 4 անգամ: Ռուսաստանի բանակի ղեկավարը օգոստոսին 11 տարվա ընդմիջումից հետո առաջին անգամ այցելել է Թուրքիա:
Թուրքիան փորձում է վերստանալ Ռուսաստանի օգնությունը՝ Ակույուում ատոմակայանի շինարարության հարցում՝ հավատացնելով Ռուսաստանին, որ Թուրքիան անվտանգ երկիր է ռուս զբոսաշրջիկների համար: Տեղեկություններ կան նաև, որ Ռուսաստանը պատրաստվում է ռազմաբազա բացել Մերսինում, զարգացում, որը կհիասթափեցնի ՆԱՏՕ-ին, կարծում է հոդվածագիրը:
Հիասթափություն Արևմուտքից
Էրդողանի կողմից դեպի Մոսկվա շրջվելն իր պատճառներն ունի: Արևմուտքը շարունակում է քննադատել Էրդողանի յուրաքանչյուր քայլ: Ավելին, թվում է, Արևմուտքը մտադիր չէ միանշանակ կերպով դատապարտել հուլիսին երկրի ռազմական հեղաշրջման փորձը, ինչը Էրդողանին ստիպում է մտածել, որ իր գլխավոր սպառնալիքն Արևմուտքից է, ոչ թե Ռուսաստանից:
Բացի այդ, շաբաթ օրը Էրդողանը ևս մեկ անգամ հայտարարեց, որ պատրաստվում է վերադարձնել մահապատիժը, որոշում, որը, անկասկած, վերջ կդնի Թուրքիայի և ԵՄ-ի բանակցություններին, և նշան, որ Անկարան պատրաստ է դրան:
Տասնամյակներ շարունակ ԵՄ-ը Թուրքիային առաջարկել է արժեքներ՝ բարելավելու համար իր հանրային ինստիտուտները և բարձրացնելու կենսապայմանները: Վաշինգտոնը եղել է անվտանգության երաշխիք: Թուրքիան, որն այժմ առավել անվտանգ է իրեն զգում Ռուսաստանի հետ, կարող է երես թեքել ՆԱՏՕ-ից և ԵՄ-ից: Վերջին տարիներին ԵՄ-ն ավելի շատ խոչընդոտում էր Սիրիայում անվտանգության գոտի ստեղծելու Թուրքիայի ծրագրերին և զինում է քրդական ջոկատներին:
Նման պայմաններում Թուրքիան կարող է մտածել, որ իրեն ավելի հարմար է ապագան կապել Մոսկվայի հետ համագործակցության հետ, և ոչ թե Արևմուտքի, որը միայն «դասախոսություններ է կարդում» մարդու իրավունքների և ժողովրդավարության մասին, եզրափակում է հոդվածագիրը:
Պատրաստեց՝ Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ
Այ,Թուրքիայի դիվանագիտության առեղծվածը հենց դրանում է՝չգիտես հաջորդ քայլին ում կմիանա:Ռուսաստանի դեպքում սա ,,թայմ աուտ,,է,ռուսների ցասումը մեղմելու,ինչու չէ,նաև քրդերի ,,հարցը,,լուծելու նպատակով:Երևում է Ժիրինովսկու սպառնալիքները իրենց ազդեցությունը թողել են՝քրդերին և հայերին թուրքիայի դեմ հանելու վերաբերյալ:Մյուս կողմից՝Եվրոմիության նկատմամբ ,,շանտաժ,, է անվիզա ռեժիմը արագացնելու համար՝արագ չիրականացնեք,կմիանամ Ռուսաստանին:Թուրքիան միշտ կարողանում է իր արժեթղթերը ճիշտ պահին թանկ վաճառել….:Մի գեղեցիկ օր ռուսները կփոշմանեն Թուրքիայի հետ ,,սիլի-բիլի,,անալու համար:Առաջին անգամը չէ….