Լրահոս
Օրվա լրահոսը

Ճարտարապետն ակնկալում է, որ վարչապետը կփոխի հուշարձան շենքերի նկատմամբ պետական վերաբերմունքը

Հոկտեմբեր 31,2016 20:00

«Ողջունում եմ, որ պայթեցման հետ կապված արձագանք եղավ, բայց կուզեի նաեւ, որ հատկապես` կենտրոնում ու հատկապես` հին շենքերի` հուշարձանների հետ կապված վերաբերմունքն էլ փոխվեր»,-Aravot.am-ի հետ զրույցում ասաց ճարտարապետ Արսեն Կարապետյանը` մեկնաբանելով վարչապետ Կարեն Կարապետյանի այսօրվա հանձնարարականը, որն առնչվում է հոկտեմբերի 27-ին տպարանի շենքի պայթեցմանը:

Վարչապետն այսօր կառավարությունում տպարանի շենքի շուրջ ստեղծված աղմուկի առիթով աշխատանքային խորհրդակցություն է հրավիրել, որին ներկա է եղել նաեւ տարածքի սեփականատերը: Կարեն Կարապետյանը ասել է. «Սա փորձադաշտ չէ: Սա ռազմական պոլիգո՞ն է, ի՞նչ է: Իրականում այն տպավորությունն է, որ այս քաղաքում ով ինչ ցանկանա՝ կարող է անել: Ինչպե՞ս են մարդիկ որոշել, որ պետք է պայթեցնել, ո՞ւմ պետք է տեղյակ պահեին եւ ո՞վ պետք է բնակիչներին տեղեկացներ»:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 27-ին, պայթեցնելու  միջոցով տարածքի սեփականատերը քանդել է Երեւանի կենտրոնում գտնվող 100 տարվա պատմություն ունեցող առաջին տպարանի շենքը, ինչը հասարակության շրջանում դժգոհության մեծ ալիք էր բարձրացրել:
Ճարտարապետ Արսեն Կարապետյանը տպարանի շենքի հետ կապված ֆեյսբուքյան իր էջում դիմել էր կառավարությանը գրելով` «Օրը ցերեկով պայթեցվեց Երեւանի լավագույն շենքերից մեկի՝ Հանրապետության եւ Վարդանանց փողոցների խաչմերուկում գտնվող տպարանի մի մասը: Շենքը կառուցվել է 1920-ականներին, լավ պահպանված էր, եզակի է, այս պահին ժամանակ չունեմ նյութեր գտնելու, բայց եթե չեմ սխալվում, Թամանյանն էր սկսել նախագծումը, հետո ուրիշ ճարտարապետ էր ավարտել:

Դիմում եմ ձեզ, քանի որ դուք զբաղվում եք մշակույթով, քաղաքաշինությունով, տուրիզմով, մարդու իրավունքներով, առողջապահությունով եւ բնապահպանությունով:
Նախ, այս շենքը կարելի էր օգտագործել, վերանորոգել, ադապտացնել եւ այլն, բայց ոչ երբեք՝ պայթեցնել կամ քանդել»:

Մեզ հետ զրույցում Արսեն Կարապետյանն ասաց. «Հուշարձանների ցանկը Աստվածաշունչ չէ, թերի է, եւ պետք է վերանայվի»: Ըստ ճարտարապետի հուշարձանների ցանկն էլ թերի է եւ վերանայման կարիք ունի:

Անդրադառնալով պայթեցման միջոցով շենքը քանդելուն, ճարտարապետն ասաց, որ այդ եղանակով հին շենքից ազատվելն ավելի արագ է եւ քիչ ծախսատար, բայց այդ միջոցով քանդում են, եթե այն հեռու է բնակավայրերից, եւ խիտ կառուցապատված տարածքում չէ:
Արսեն Կարապետյանը կառավարությանը հասցեագրված կոչում նաեւ գրել էր. «էկոլոգիայի տեսակետից, քաղաքի կենտրոնում այսպիսի բարբարոսությունը պետք է իրավական գնահատականի արժանանա: Բացի փոշուց եւ մնացածից, ասում են, որ նույնիսկ հարեւաններին չեն զգուշացրել»:

Այս առնչությամբ էլ վարչապետը նշել է. «Առաջինը՝ շինարարը կամ սեփականատերը պետք է տեղեկացներ համայնքի համապատասխան ատյաններին, որ շենքն ապամոնտաժելու են ոչ թե այս կամ այն եղանակով, այլ՝ պայթեցման: Այդ իսկ պատճառով, պետք է հասկանալ, թե ինչ պատիժ է հասնում սեփականատիրոջը կամ շինարարին և նրա նկատմամբ կիրառել առավելագույն պատիժը: Երկրորդ՝ լիցենզավորված կառույցը, որը պայթեցրել է շենքը, պետք է իր լիցենզիային համապատասխան պաշտոնապես տեղեկացներ բնակչությանը: Չի տեղեկացրել, ուստի նրա նկատմամբ եւս պետք է կիրառել առավելագույն պատիժ»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31