Զովունիում բողոքի նոր ալիք է հասունանում: Համայնքի նորընտիր գյուղապետ Վրույր Սիմոնյանը Aravot.am-ին պատմեց, որ գործող գյուղապետի գործողություններին ընդդիմացող համայնքի բնակիչները պատրաստվում են առաջիկայում քաղաքացիական անհնազանդություն դրսեւորել, բողոքի ակցիաներ անել, փակել փողոցները:
Ըստ պարոն Սիմոնյանի, նոյեմբերի տասին նախատեսված է համայնքի մանկապարտեզի մասնաշենքերի աճուրդը, ինչը զայրացրել է տեղի բնակիչներին.
«Երեխաների ծնողները ոտքի են ելել, ասում են՝ անհնազանդություն ենք անելու: Գյուղի 50 % իրենց երեխաներին, թոռներին տանում են Երեւանի մանկապարտեզներ, ինչ է թե Զովունիի մանկապարտեզում տեղ չկա:
Մանկապարտեզի շենքը չորս, հինգ տարի առաջ պետական միջոցներով վերանորոգվել է, վերանորոգումից հետո շենքի կեսը անօրինական ձեւով գյուղապետը վերցրել, դարձրել է հանդիսությունների սրահ՝ հարսանիք, կնունք, ծնունդ, թաղումների ժամանակ հոգեհաց է տալիս, փող աշխատում: Այդ անօրինականությունը հինգ տարի արել է, բիզնես է դրել, որտեղ է գրանցված, այդ գումարներն ուր են գնացել, ոչ ոք չգիտի: Հիմա էլ այդ անօրինականությունները շարունակում է ու մանկապարտեզի կեսն է մրցույթի որոշել հանել…. Մանկապարտեզի 2000 մետր կանաչ տարածքն էլ, որը երեխաների զբոսանքի համար է նախատեսված, կրկին աճուրդի է պատրաստվում հանել: Հանրապետությունում նման բան կա՞, որ մանկապարտեզի շենքը պետական միջոցներով նորոգեն ու աճուրդի հանեն»:
Կարդացեք նաև
Հիշեցնենք, որ գործող գյուղապետ, ՀՀԿ-ական Սերժիկ Ավետիսյանն իր լիազորությունները վայր կդնի նոյեմբերի տասներկուսին, բայց մինչ այդ մի շարք աճուրդներ է նախատեսել:
Նոյեմբերի տանսերկուսից գյուղապետի լիազորությունները կստանձնի նորընտիր գյուղապետ Վրույր Սիմոնյանը, բայց նա մի մեծ մտահոգություն ունի, որ գործող գյուղապետը գնալուց առաջ գյուղում էլ շենք, շինություն չի թողնի՝ ամենը աճուրդի հանելով. «Մինչեւ ամսի տասներկուսն ուզում է ամեն ինչը փոշիացրած լինի, վերջացնի: Ժողովուրդն էլ վեր է կացել, ասում է՝ քաղաքացիական անհնազանդության միջոցին ենք դիմելու: Դրա պատասխանատվությունն ո՞ւմ վրա է ընկնելու: Նոյեմբերի տասին գնալու են, լցվեն գյուղապետարան, Աստված ոչ անի, մի միջադեպ լինի, ո՞վ է պատասխան տալու»:
Հիշեցնենք, որ այս տարեսկզբից գործող գյուղապետն արդեն ութից ավելի աճուրդ է կազմակերպել: Հերթական աճուրդն էլ տեղի ունեցավ այսօր:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ