Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղի նոր դպրոցը, որը շահագործման է հանձնվել 2001 թվականին, կառուցվել է փոսի մեջ՝ այնպիսի դիրքով, որ անձրևաջրերը ու հալված ձյունը թափվում են դպրոցի շենք՝ քայքայելով հատակը, պատերը, և որ ամենաահավորն է` երեխաների առողջությունը։
Երեկ գյուղ ոտք դնելուն պես մեզ մոտեցան գյուղի տարեց տղամարդիկ՝ խնդրելով մի ճար անել, փրկել իրենց երեխաներին խոնավությունից։ Դպրոցում սունկ է աճում, իսկ սա էժան չի նստում աշակերտների առողջության վրա։ Դպրոց մտնել հնարավոր չէ, խոնավության հոտից խեղդամահ ես լինում։ Դպրոցի անձնակազմն ու տնօրենը մեղադրում են շինարարին՝ փնթի գործ անելու մեջ։
Դպրոցի 35 տարվա ֆիզկուլտուրայի ուսուցիչը՝ Ոսկան Սարգսյանը, մեզ հետ զրույցում ասաց, որ շինարարության ավարտից հետո ջրատարներ չեն տեղադրել, նախատեսված չեն եղել, կտուրից ջուրը լցվել է ներքև ու քաշվել դպրոցի հատակը։
Ըստ ուսուցչի, մարզպետ Աշոտ Գիզիրյանի կառավարման օրոք ծրագիր են բերել, ամբողջ դպրոցի հատակը փոխել, իրենց մի պահ թվացել է, թե հարցը լուծվել է, պրծել են խոնավությունից, սակայն 4-5 տարի անց տախտակները խոնավությունից լրիվ քայքայվել են։ «Ի սկզբանե դպրոցը հապճեպ կառուցվեց, նախկին տնօրինությունը ու շինարարական կազմակերպությունը, անունը չեմ հիշում, բայց Հովհաննիսյան Դերենիկն է, նա Արթիկից է, գումարներ տնտեսելու համար ոչ թե վերանորոգեցին դպրոցի հին շենքը, որը մի քիչ ավել ծախսատար էր, այլ բերեցին, կառուցեցին նորը փոսի մեջ։ Պատկերացրեք 100 մետր ֆունդամենտ շահելու համար էդպես արեցին։ Աշոտ Բլեյանը, որը կրթության նախարարն էր, եկավ, ասաց՝ մի լավ բան անենք այս երեխաների համար, մեղք են, բայց փաստորեն մենք մրից ելանք, մրջուրն ընկանք»,- դժգոհեց Ոսկան Սարգսյանը։
Կարդացեք նաև
Նա առաջ քաշելով նստարանները՝ ցույց տվեց հատակին աճած սնկերը, պատերին կպնել չէր լինում, ծեփը թափվում էր։ Ֆիզկուլտուրայի ուսուցիչն առաջարկում է անհապաղ դրենաժային ջրահեռացման համակարգ տեղադրել։
Ոսկան Սարգսյանի ներկայացմամբ, մարզպետարանը երկու անգամ գումար է հատկացրել այս նպատակի համար, սակայն շինարարները դարձյալ անբարեխիղճ են գտնվել, կիսատ-պռատ գործ են արել, ջրերն ավելի շատ են դպրոց լցվել։ «Գումար հատկացվել է, բայց անօգուտ է ծախսվել, դարձյալ նույն տաշտակն է՝ նորից խոնավություն, նորից փտած հատակներ։ 135 աշակերտ ունենք, երեխաներն այնքան շուտ-շուտ են հիվանդանում, ռիսկ չես անում ծնողին հարցնես, թե ինչի՞ չես ուղարկում երեխային դպրոց, գիտենք, որ պատճառը դպրոցի խոնավությունն է։ Սպորտդահլիճի գնդակների վրա կարեր կան, խոնավությունից փտում են, ես նորից կարկատում եմ, որ յոլա գնանք, էսպիսի վիճակ որտե՞ղ կա։ Երևանի դպրոցները ոնց որ եվրոպական դպրոցներ լինեն, էդ ոնց որ մայրաքաղաքի երեխան պիտի գնա լուսավոր դպրոց: Մենք որ գյուղացի ենք՝ դատապարտվա՞ծ ենք․ մեր մանկավարժական հանրույթը բոլորը բարձրագույն կրթություն ունեն, մեր երեխաները տարբեր բուհեր են ընդունվում։ Մենք Արցախյան ազատամարտում 17 մասնակից ենք ունեցել, որից 3-ը զոհվել են, ապրիլյան քառօրյա պատերազմում էլ ունեցել ենք մասնակից, պատկերացրեք 1140 բնակիչ ունեցող գյուղից այդքան հերոսներ, բա կթողնեն, որ ապագա զինվորները այսպես հիվանդանա՞ն, մեր հայ երեխաներն են, մեղք են»,-ասում էր ուսուցիչը։
Շրջայց կատարելով դպրոցի շենքում՝ տեսանք, որ դասասենյակների առաստաղներն արդեն թափվում էին խոնավությունից, դպրոցի տնօրեն Մակիչ Սարգսյանն ասաց, որ շինարարը կտուրները կառուցելիս էլ խնայողություն է արել, անորակ կղմինդր են տեղադրել, իսկ կղմինդրյա կտուր ունեցող դպրոց Հայաստանում ընդհանրապես չկա։
«Տնտեսվարն ու բանվորն անձրևային օրերին միշտ տանիքի վրա են, ուղղում են, որ ջրերը երեխաների գլխին չթափվեն, կղմինդրը պիտի անհապաղ փոխվի, թիթեղյա դառնա»,-ասաց տնօրենը։
Մեր հարցին՝ ձեր դպրոց կրթության ու գիտության որևէ նախարար այցելե՞լ է, տեսե՞լ է՝ որտեղ են սովորում երեխաները, դպրոցի տնօրենը նախարարներից հիշեց միայն Աշոտ Բլեյանին, որը եկել էր 1998 թվականին։ Նշենք, որ այս գյուղը զուրկ է գազաֆիկացումից, դպրոցում խնդիր է նաև ջեռուցումը։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ