Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտի կուրսանտ Հայկազ Բարսեղյանի սպանության գործով դատական նիստի սկզբում այսօր ամբաստանյալներ Նորիկ եւ Վաչե Սահակյանները հայտարարեցին, որ իրենց ինքնազգացողությունը վատ է: Դատական նիստը ընդմիջվեց: Այդ ընթացքում «Շտապօգնության» բժիշկները զննեցին ամբաստանյալներին:
Մոտ կես ժամ ընդմիջումից հետո, դատարանը որոշեց հետաձգել դատական նիստը՝ հրապարակելով «Շտապօգնության» զննման արդյունքները՝ Նորիկ Սահակյանի ճնշումը արձանագրվել է 150.90, նրա մոտ առկա են ստամոքսի խանգարման նշաններ:
Նույն վիճակում էր նաեւ Վաչե Սահակյանը, ըստ բժշկական տեղեկանքի՝ նրա ճնշումը 130.85 էր, նա եւս ուներ ստամոքսի խանգարում:
Զննության արդյունքում, արձանագրվել էր նաեւ, որ Նորիկ եւ Վաչե Սահակյաններին անհրաժեշտ է բուժօգնություն հիվանդանոցային պայմաններում:
Կարդացեք նաև
Ի դեպ, այս գործով դատական նիստերը պարբերաբար հետաձգվում են տարբեր պատճառներով:
Հիշեցնենք, որ Հայկազ Բարսեղյանի սպանության համար մեղադրվում են նրա համակուրսեցիները` կուրսանտներ Գնել Թեւոսյանը, Նորիկ Սահակյանը, Վաչե Սահակյանը եւ Մովսես Ազարյանը։ Հունվարի 29-ին՝ ժամը 02:00-ից 03:00-ի սահմանում, կուրսանտ Հայկազ Բարսեղյանին զորամասի ննջարանում դաժանությամբ սպանելու, ապա հետքերը թաքցնելու նպատակով նրա մարմինը մարզահրապարակում գտնվող պտտաձողից կախելու համար: Ի դեպ, ամբաստանյալներից մեկն էլ սպանված կուրսանտի անունից գրություն էր թողել, թե իբր ինքնասպան է եղել:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ