Արման Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ գիտակցելով՝ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, անձին մեղադրելով ծանր հանցագործության մեջ, կատարել է սուտ մատնություն:
Համաձայն մեղադրական եզրակացության՝ Ա. Փիրումյանը 2015թ. ապրիլի 24-ին ոստիկանության Իջեւանի բաժնում սուտ հաղորդում է տվել այն մասին, թե իբր Տավուշի մարզի Ազատամուտ գյուղում տեղակայված «Անհատ ձեռներեց Դավիթ Ղալթախչյան» ավտոպահեստամասերի վաճառքի կետից 2015թ. ապրիլի 20-ին 45 միլիոն ՀՀ դրամ արժողությամբ ապրանքների գողությունը կազմակերպել է Ազատամուտ գյուղի բնակիչ Շահնազար Ալավերդյանը:
Նախկինում հայտնել ենք` խանութը, որտեղից ավտոպահեստամասերի գողություն է կատարվել, փաստացի պատկանում է Ազատամուտ համայնքի ղեկավար Ժորա Մարտիրոսյանին:
Ըստ «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգի` Ա. Փիրումյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 333 հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով («Հանցագործության մասին սուտ մատնությունը, եթե անձը գործել է՝ գիտակցելով, որ իր տրամադրած տեղեկատվությունը կեղծ է, որը զուգորդվել է ծանր կամ առանձնապես ծանր հանցագործության մեջ մեղադրելով»): Այդ հոդվածով բնութագրված արարքի համար որպես պատիժ նախատեսված է առավելագույնը հինգ տարի ժամկետով ազատազրկում:
Կարդացեք նաև
Ա. Փիրումյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել չհեռանալու մասին ստորագրությունը: Նշված քրեական գործով դատավարությունը ներկայումս ընթանում է Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանի Իջեւանի նստավայրում:
Ոսկան ՍԱՐԳՍՅԱՆ