«Ռուս-թուրքական մերձեցումը կարող է որոշակի վտանգներ առաջացնել Հայաստանի համար, բայց նույնը կարող ենք ասել ցանկացած մերձեցման մասին: Բոլորս խոսում ենք վտանգներից, բայց ոչ մեկը չի մտածում, որ հնարավոր են դրական արդյունքներ: Իհարկե, պետք է հաշվի առնել՝ այդ մերձեցումն այս կամ այն կերպ անդրադառնո՞ւմ է Արցախի խնդրի վրա: Այդ հարցում վտանգներ կան, բայց միանգամից ասել, թե երկու պետություն մերձեցավ, վտանգներ կան, սխալ է»,-Aravot.am-ի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց Ռուս-հայկական(սլավոնական) համալսարանի քաղաքագիտության ամբիոնի վարիչ, Ազգային անվտանգության բնագավառում հետազոտությունների լաբորատորիայի վարիչ Հովհաննես Սարգսյանը:
Նա կարծում է, որ ռուս-թուրքական մերձեցումը կարող է դրական լինել տարածաշրջանային տնտեսական խնդիրներ լուծելու տեսանկյունից. «Այն փակուղային իրավիճակը, որը մենք ունենք, չի կարող անընդհատ շարունակվել: Միգուցե հենց ռուս-թուրքական մերձեցման համատեքստում այս հարցում դրական տեղաշարժեր լինեն: Խոսքը կարող է գնալ Թուրքիայի հետ որոշակի տնտեսական կապերի կայացման մասին: Սա որպես քաղաքացի եւ գիտնական եմ ասում, ոչ թե որպես տարածաշրջանային փորձագետ: Պետք չէ կացնային դիրքորոշում եւ սեւ-սպիտակ մտածողություն ունենալ: Բոլոր պետություններն էլ շահեր ունեն, այդ թվում՝ մենք»:
Մեր զրուցակցի խոսքով՝ գուցե անհրաժեշտ է սեփական շահերը համադրել Ռուսաստանի եւ Թուրքիայի շահերի հետ՝ այդ կերպ գտնելով զարգացման հնարավորություններ:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ