Հոկտեմբերի 31-ին «Մոդուս Վիվենդի» կենտրոնում կայացավ «Կարսի մարզը Հայաստանի Առաջին հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ.). նյութեր եւ փաստաթղթեր» գրքի շնորհանդեսը:
Գիրքը «Մոդուս Վիվենդի» կենտրոնի կողմից հրատարակվող հնավանդ գրքերի և վավերագրերի մատենաշարի Գ հատորն է եւ հրատարակության է պատրաստվել Վլադիմիր Հարությունյանի աշխատասիրությամբ եւ «Հիքսոս» հիմնադրամի աջակցությամբ:
«Մոդուս Վիվենդի» կենտրոնի հիմնադիր և նախագահ Արա Պապյանը նշեց, որ մատենաշարը ստեղծելիս հիմնվել են փաստաթղթերի վրա, այնտեղ չկա որեւէ վերաբերմունք եւ զուտ փաստեր են ներկայացված:
Կարդացեք նաև
Ինչ վերաբերում է «Կարսի մարզը Հայաստանի Առաջին հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ.). նյութեր եւ փաստաթղթեր» գրքին, նրա խոսքով, այնտեղ եւս փաստաթղթեր են ներկայացված, որոշակի հետազոտություն եւ առաջաբան, որի հետ ընթերցողը կարող է համաձայնել կամ ոչ: Զետեղված են նաեւ Կարսի նահանգապետ Ստեփան Ղորղանյանի հուշերը:
«Գիրքը արդիական է նաեւ այսօր: Այսօր հոկտեմբերի 31-ն է, իսկ 1920 թ. հոկտեմբերի 30-ին Կարսի անկման օրն է, եւ մենք իրադրությունների միջեւ նմանություններ ենք տեսնում: Ընդ որում, Կարսը ընկավ ոչ թե այն պատճառով, որ հայկական բանակը զենք չուներ, այլ որ բարոյալքված էր, հույսն էլ Հյուսիսի վրա էր»,- նշեց Արա Պապյանը: Նա նաեւ հավելեց, որ հնարավոր է՝ առաջիկայում Ղորղանյանի ամբողջական հուշագրությունը հրատարակվի:
«Մոդուս Վիվենդիի» ղեկավարը տեղական արխիվների հետ աշխատանքին էլ անդրադարձավ, ասելով, որ հայկական արխիվները երբեմն ավելի փակ են ու նրանց ղեկավարությունն ավելի դժվարակամ է՝ համագործակցության առումով: «Անցյալը հասկանալու համար չկա ոչինչ կարեւոր, քան սկզբնաղբյուրները, որպեսզի դրանց վրա հիմնվելով հետեւություններ անես ու կարողանաս խուսափել այն սխալներից, որոնք ժամանակին ողբերգական են եղել»,- նշեց նա՝ ներկայացնելով նորատիպ աշխատությունը:
«Կարսի մարզը Հայաստանի Առաջին հանրապետության կազմում (ապրիլ 1919 թ.-հոկտեմբեր 1920 թ.). նյութեր եւ փաստաթղթեր» գրքի կազմող Վլադիմիր Հարությունյանը մասնագիտությամբ ֆիզիկոս լինելով հանդերձ՝ ամենայն քրտնաջանությամբ է աշխատել արխիվային փաստաթղթերի հետ: Վլադիմիր Հարությունյանը փաստեց, որ Հայաստանի օրացույցում սեւ օրերը մեծաթիվ են, եւ դրանցից մեկն էլ Կարսի անկման օրն է: Նա Կարսի անկումը կրակոց որակեց Առաջին Հանրապետության քունքին ու ասաց, որ այդ հարցը դեռ շատ է հուզելու բոլորին: «Կարսը ընկավ, որովհետեւ հայկական բանակը չկռվեց: Իսկ ինչո՞ւ չկռվեց, որովհետեւ այլ մթնոլորտ էր տիրում…Երկու գեներալներ՝ Հովսեփյանն ու Փիրումյանը փորձում էին չեզոքացնել Կարսի քաղաքացիական ղեկավարությանը… Հատկապես Փիրումյանը դարձել էր թալան կուտակող, բանակի վերաբերյալ ռեալ մոտեցում չցուցաբերող մեկը…Թալանվում էին ԱՄՆ-ից ստացված օգնությունները, որբանոցները, կաթի փոշին…Փաստորեն, կաթի փոշի թալանելը հին հայկական սովորույթ է»,- ասաց նա:
Նաեւ հավելեց. «Հարցը զուտ քաղաքը հանձնելը չէր, այլ այն, արդյոք ուզո՞ւմ ենք պահել պետականությունը: Եվ հիմա արդյոք պահելո՞ւ ենք, թե՞ ոչ»:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ