Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Սերժ Սարգսյանը կշարունակի մնալ ակտիվ քաղաքականության մեջ». Գագիկ Մելիքյան

Հոկտեմբեր 31,2016 16:13

ՀՀԿ խմբակցության քարտուղար Գագիկ Մելիքյանը չի կարծում, թե Սերժ Սարգսյանի վերջին հայտարարությունը նախկին խոսքից հետ կանգնել էր:

Հիշեցնենք, որ «Ալ-Ջազիրա» հեռուստաալիքի` Հայաստանի մասին 25 րոպեանոց ռեպորտաժում Սերժ Սարգսյանը չէր բացառել ընտրություններից հետո վարչապետի պաշտոնին իր հավակնությունը, «եթե ՀՀԿ-ն ստանա շատ լավ քվե»։

Մինչդեռ մեկ տարի առաջ Սերժ Սարգսյանը բացառում էր իր`՛ վարչապետի պաշտոն ստանձնելու հավանականությունը:

«Հայելի» ակումբում այս թեմայով բանավեճ ծավալվեց Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանի և ՀՀԿ-ական Գագիկ Մելիքյանի միջև:

Գագիկ Մելիքյանը պնդեց, թե խոսքից հետո կանգնելու հարց այստեղ չկա. «Նախագահ Սարգսյանը դեռ անկախության առաջին տարուց եղել է ակտիվ քաղաքականության մեջ: Նա կա ակտիվ քաղաքականության մեջ և դեռևս երկար ժամանակ, կարծում եմ, կլինի: Կարևոր չեն պաշտոնները: Այստեղ ամեն ինչ բխում է պետական և ազգային շահերից»:

Հիշեցնելով, որ 2017-ի ապրիլին և 2018-ի փետրվարին սպասվում են կառավարության հրաժարականներ` որպես նոր Սահմանադրության անցման արդյունք, պարոն Մելիքյանը նշեց, թե Սերժ Սարգսյանի` քաղաքականության մեջ մնալու հարցը կախված է, թե առաջիկա համապետական ընտրություններն ինչպիսի ընթացք կունենան և ՀՀԿ-ն ու մյուս քաղաքական ուժերն ինչպիսի ձայների կտիրապետեն:

Հարցին` կուսակցության լիդեր մնա՞լն էլ է  ակտիվ քաղաքականություն համարվում, պարոն Մելիքյանը պատասխանեց. «Առաջատար քաղաքական ուժի լիդերը, իհարկե, համարվում է ակտիվ քաղաքական գործունեության մասնակից»:

Եզրափակելով թեման` ՀՀԿ-ական պատգամավորն ասաց. «Ակտիվ քաղաքականությունից երբևէ Սերժ Սարգսյանը դուրս չի մնա»:

Ազատ Արշակյանն էլ հավելեց, թե «Եվրասիական կայսրությունում նախագահները չեն փոխվում». «Ո՛չ Լուկաշենկոն, ո՛չ Նազարբաևը, ո՛չ Պուտինը չեն փոխվում: ՀՀ նախագահը նրանց գործընկերն է: Եթե ժամանակին Եվրասիական կայսրությունում որոշում էին, որ Լոբովը պետք է լինի ՀՀ երկրորդ քարտուղար, ՀՀ կոմունիստներին չէին հարցնում` Անիսիմովի՞ն, թե՞ Լոբովին եք ուզում: Մենք եկել մտել ենք այդ կայսրության մեջ: Նազարբաևն ու Լուկաշենկոն են ՀՀ-ում ընտրում իրենց համար գործընկեր, մեզ չեն հարցնում»:

Ազատ Արշակյանը այլ կերպ է ընկալել Սերժ Սարգսյանի` մեկ տարի առաջ արած հայտարարությունը. «Ես այն ժամանակ չեմ հասկացել, թե նա այլևս հրաժարվում է քաղաքական վարչական կարիերայից: Ես հասկացել եմ, որ Սերժ Սարգսյանն ասում է, թե ես Սահմանադրությունը չեմ փոխում իմ կարիերան շարունակելու համար»:

Ազատ Արշակյանը Սահմանադրության փոփոխությունը կապում է Եվրասիական միությանը ՀՀ-ի անդամակցության հետ. «Ռուսաստանում այն ժամանակ օրենք ընդունվեց, համաձայն որի` ՌԴ-ում պետք է մեկ նախագահ լինի` ինքնավար մարզերի, հանրապետությունների և ազգային փոքրամասնությունների բոլոր նախագահները պետք է հայտարարվեն ոչ նախագահ: Հիմա մնացել է միայն Թաթարիայի նախագահի պաշտոնը. ժամկետը լրանալուց հետո այդտեղ էլ այլևս չի լինի նախագահ: Ու քանի որ կար այս եվրասիական ծրագիրը, և ՀՀ-ն պետք է միանար ՌԴ-ին, հետևաբար Հայաստանին էլ նախագահ պետք չէ. արդեն կա խան: ՀՀ-ն ի՞նչ է իրենից ներկայացնում, որ նախագահ ունենա, մեծամտանա, ինքնիշխանության մասին խոսի, պետք է լինի ֆիկտիվ նախագահ և պետություն, ֆիկտիվ Սահմանադրություն, թույլ, հակասական»:

Ըստ Ազատ Արշակյանի` իրականում Սերժ Սարգսյանն իր թիմին պետք է ասեր, թե մենք միասին ենք, քանի որ ՀՀԿ-ն բազմաշերտ է, այլ ոչ միայն ռոմանտիկ ՀՀԿ-ականները, նրանց շարքում են օլիգարխները, կոռուպցիոներները, որոնք, երբ լսեն լիդերի հեռանալու մասին, թիմը կսկսի քանդվել: Պարոն Արշակյանը եզրափակեց. «Իսկ առջևում ընտրություններ են, և առանց թիմի ի՞նչ նախագահ: Ուստի հիմա Սերժ Սարգսյանը հայտարարում է, թե սխալ եք հասկացել»:

Արդարացնելով խորհրդարանական ձևաչափին անցման որոշումը` պարոն Մելիքյանը նշեց. «Խորհրդարանական ձևաչափին անցնելու առաջարկությունը բխում է ժողովրդավարության ճանապարհի ընդունումից: Իսկ դա որևէ մեկը մեզ չի պարտադրել: Ժողովրդավարությունը մեզ հուշում է, որ խորհրդարանական ձևաչափը շատ ավելի ժողովրդավարական է մեր տիպի երկրների համար. աշխարհի փորձը դա է ցույց տալիս»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31