Թուրքիան տարածաշրջանային մեծ հավակնություններ ունի եւ փորձում է իր սեփական խաղը խաղալ: Դա են վկայում խոսակցությունները, որ Աթաթուրքի «ազգային ուխտը», որը սահմանում է նոր Թուրքիայի սահմանները, ընդգրկում է Մոսուլի վիլայեթը: Այս մասին այսօր «Տեսակետ» մամուլի ակումբում ասաց թուրքագետ Անուշ Հովհաննիսյանը: Անդրադառնալով Թուրքիայի նախագահի հայտարարությանը, թե «Մոսուլը եւ Հալեպը մերն են», նա նշեց. «Համարում են, որ Հալեպը միշտ եղել է Օսմանյան կայսրության մի մասը»:
Անդրադառնալով իրաքյան Մոսուլի ազատագրման գործողությանը՝ փորձագետը թվարկեց այն նպատակներն ու խնդիրները, որոնցով Թուրքիան մասնակցում է այդ գործողությանը. «Առաջնահերթ, երբ որոշվի Մոսուլի կարգավիճակը, Թուրքիան ցանկանում է ձայնի իրավունք ունենալ բանակցությունների սեղանին: Մյուսը՝ թույլ չտալ, որպեսզի քրդերը ակտիվանան եւ կարողանան գործակցել թուրքական եւ սիրիական քրդերի հետ: Մյուս խնդիրը՝ Իրանի ազդեցության զսպումն է: Բացի այդ, Թուրքիան մտադիր է վերահսկողության տակ պահել էներգետիկ միջանցքները: Մոսուլը էներգետիկ կարեւոր միջանցք է»:
Լուիզա ՍՈՒՔԻԱՍՅԱՆ