Լրահոս
Օրվա լրահոսը

«Ես չեմ ասել խոսքեր, որոնցից ամաչեմ՝ հետ կանգնեմ»

Հոկտեմբեր 31,2016 15:00

Արտակ Դավթյանը՝ Գագիկ Ծառուկյանի վերադարձի մասին

2015 թվականի փետրվարյան հայտնի իրադարձություններից հետո ՀՀԿ խորհրդի անդամ Արտակ Դավթյանը ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի մասին ասել էր. «Համակարգը ծնում է նմանատիպ հրեշ, մարդ, ով ձեւացել է կեղծ բարերար, կեղծ փրկիչ: Տարիներ շարունակ մենք իրերը չէինք կոչում իրենց անուններով: Ինչ վերաբերում է նախագահական ընտրություններին չմասնակցելու շարժառիթներին, ապա կարծում եմ՝ դրա պատասխանը հենց Գագիկ Ծառուկյանը պետք է տա: Միգուցե այդ շարժառիթները իր շրջապատի գրագետ մարդիկ փորձեն ձեւակերպել եւ հրամցնել հասարակությանը: Գագիկ Ծառուկյանի խոսքերը որեւէ տրամաբանության մեջ չեն տեղավորվում եւ դժվար էլ տեղավորվեն: ՀՀ նախագահը նշեց այդ մասին: Եթե մարդը ընկալման հետ խնդիր ունի, ապա ինչի՞ մասին է խոսքը:

Կարծում եմ` Գագիկ Ծառուկյանին ոչինչ չի խանգարում հրավիրել մամուլի ասուլիս եւ գոնե փորձել արտաբերել այն ամենը, ինչ իր համար գրել են այս ելույթում: Եթե նա համարձակություն ունենա գնալ այդ քայլին, ապա ես կարծում եմ, որ մենք եւս մեկ անգամ կհամոզվենք ՀՀ նախագահի առաջ քաշած գնահատականների եւ հարցադրումների ճշմարտացիության մեջ»: Արտակ Դավթյանը նաեւ կարծիք էր հայտնել, որ Գագիկ Ծառուկյանը թագավոր է հռչակել իրեն եւ հրովարտակներ է արձակում: Օրերս ԲՀԿ նախկին նախագահը հայտարարեց, որ ներում է բոլոր մարդկանց, ում հետ գժտվել էր, ովքեր իրեն վիրավորել էին: «Առավոտի» հետ զրույցում պատասխանելով հարցին` Դուք ձեզ ներված զգո՞ւմ եք, Արտակ Դավթյանը պատասխանեց. «Իր խոսքն ուղղված չէ ՀՀԿ-ին: Ասում է` բոլոր այն մարդկանց, ովքեր իրեն վիրավորել են: Ես չեմ կարծում, որ ես որեւէ մեկին վիրավորել եմ: Եթե որեւէ մեկին էլ վիրավորում եմ ինչ-որ իրավիճակում` ինքս անմիջապես ներողություն եմ խնդրում: Հարցի պատասխանի հասցեատերը ամենեւին ես չեմ: Հետեւաբար ես որեւէ մեկի ներման անհրաժեշտությունը չեմ տեսնում»:

Արտակ Դավթյանի որակումները բավական անմեղ են թվում ՀՀԿ-ականներ Արմեն Աշոտյանի եւ Կարեն Ավագյանի հայտարարությունների համեմատ: Կարեն Ավագյանը օրերս խորհրդարանում լրագրողների հարցերին ի պատասխան՝ ասաց, որ այդ մասին չի խոսելու: Արտակ Դավթյանը չի պատրաստվում կուսակցական ընկերների փոխարեն պատասխան տալ. «Հարցազրույց տալ-չտալն իրենց իրավունքն է: Կարծում եմ՝ ճիշտ կլինի, որ իմ գործընկերներն իրենք արտահայտեն իրենց դիրքորոշումը»: Արտակ Դավթյանն էլ մնում է իր տեսակետին, ինչ որ ժամանակին արտահայտել է. «Ես չեմ ասել խոսքեր, որոնցից ամաչեմ՝ հետ կանգնեմ: Ես ասել եմ կոնկրետ բառեր, նախադասություններ, որոնք, կարծում եմ, ժամանակի իրադարձություններին համահունչ են եղել: Այս առումով որեւէ բան չի փոխվել:

Առաջիկա գործունեությունը կլինի դրական` դրական կարտահայտվեմ, իր մեջ կպարունակի որոշակի տարրեր, որոնք վտանգ կներկայացնեն, ինչպես ինքն էլ նշել է` մեր պետականությանը, երկրի եւ Արցախի անվտանգությանը, կարտահայտվեմ այնպես, ինչպես այդ պահին հարկ կհամարեմ: Իսկ ընդհանրապես, ես չեմ արել ու ասել այնպիսի բան, որ ինքս ինձ հետ հաշտ չապրեմ»:

Կվերադառնա՞ ի վերջո Գագիկ Ծառուկյանը քաղաքականություն, թե՞ ոչ, մեր զրուցակիցը չի ցանկանում կանխագուշակել: Ի դեպ, Արտակ Դավթյանը համամիտ չէ այն դիտարկմանը, որ ՀՀԿ-ին բավական ձեռնտու կլինի, եթե Գագիկ Ծառուկյանը վերադառնա եւ ընդդիմությանն իր շուրջը համախմբի: «Վերադառնում է` իր գործն է, չի վերադառնում` իր գործն է: Ասել, թե ՀՀԿ-ին ձեռնտու է կամ ձեռնտու չէ… ԲՀԿ-ի ներկայացուցիչներն էին, որ վերջին շրջանում անընդհատ խոսում էին Ծառուկյանի վերադարձի մասին: Եվ, ըստ էության, Գագիկ Ծառուկյանի վերադարձն առաջին հերթին պետք է ԲՀԿ-ին ձեռնտու լինի:

Եթե սա ընդունում ենք, ապա պետք է ընդունենք նաեւ, որ այն, ինչը ձեռնտու է ԲՀԿ-ին, պարտադիր չէ, որ ՀՀԿ-ին էլ ձեռնտու լինի կամ հակառակը: ԲՀԿ-ն կայացած քաղաքական ուժ է: Որքանո՞վ կարդարացվի Ծառուկյանի վերադարձը, արդյոք այդ վերադարձը կլինի՞ ԲՀԿ-ի ծիրին մեջ` չգիտեմ: Ինքն իրեն որտե՞ղ է տեսնում: Կարծես թե ԲՀԿ-ից անջատված այլ քաղաքական ուժեր եւս կան»,- ասաց մեր զրուցակիցը` նկատի ունենալով Վարդան Օսկանյանի ստեղծած «Համախմբում», Տիգրան Ուրիխանյանի` «Ալյանս» եւ Վահան Բաբայանի «Ռեֆորմիստներ» կուսակցությունները: Այս ուժերը ԲՀԿ-ի հետ եւ Ծառուկյանի անձի շուրջ ինչպե՞ս կհամագործակցեն` ժամանակը ցույց կտա: Բայց նախ՝ Գագիկ Ծառուկյանը պետք է հստակ ազդարարի իր մուտքը:

«Լսել եմ, աչքիս ընկավ, երբ անցնում էի լրահոսի վրայով, բայց կանգ չեմ առել, չեմ կենտրոնացել: Ու ես չեմ կարծում, որ դա է եղել իր հայտարարության պատճառը: Իրենց գործն է` ձեւի մեջ ինչպե՞ս կանեն, ինչպե՞ս կմատուցեն: Այդքան էլ կարեւոր չի, թե ես ինչպես եմ ընդունում կամ վերաբերվում դրան: Բայց հետաքրքրության արժանի չէ այն ամենը, ինչը նոր, առաջադեմ բաներ չի պարունակում»,- այսպես պատասխանեց Արտակ Դավթյանը դիտարկմանը, թե Գագիկ Ծառուկյանի տան մոտ ԲՀԿ-ական շարքերը հավաքներ են անում, նրան հորդորում են վերադառնալ քաղաքականություն, փաստորեն՝ նրա վերադարձի հանրային պահանջարկը կա:

 

ՆԵԼԼԻ ԳՐԻԳՈՐՅԱՆ

«Առավոտ»

29.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31