Լրահոս
Օրվա լրահոսը

«Ինքը դեռ փոքր է, որ շենքերի արժեքավորությունը գնահատի». Ֆերդինանտ Առաքելյանը՝ Արմեն Ամիրյանի մասին

Հոկտեմբեր 31,2016 14:08

Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը պարզաբանում է, որ միությունում «առաջին տպարանի» շենքի պայթեցման վերաբերյալ քննարկում չի եղել, ինչպես պնդում է շենքի սեփականատերը:

«Հայելի» ակումբում լրագրողների հետ հանդիպմանը պարոն Մինասյանը տեղեկացրեց, որ այդպիսի քննարկում պետք է կազմակերպվեր նոյեմբերի մեկին, բայց «չգիտենք՝ վերացնելուց հետո ի՞նչ պետք է քննարկենք»:

Պարոն Մինասյանը մտահոգություն հայտնեց, թե այս վիճակին հասել ենք այն պատճառով, որ պատմամշակութային հուշարձանների ցանկում ոչ թե պետք է ներառվեին առանձին շենքեր, այլ թաղամասեր. «Այն հուշարձանները, որոնք պատմամշակութային հուշարձանների ցանկում չեն, դրանց շատ վատ սեփականաշնորհում է կատարվել: Չնչին գումարով շենքերը սեփականաշնորհվում են, և սեփականատերերը թողնում են, որ շենքն այս վիճակի հասնի, նոր տերն էլ արդեն շենքը մաշված վիճակում է ձեռք բերում: Սա հաստատուն գործընթաց է. շենքը բերում հասցնում են այս օրի, որ էլ վերականգնել հնարավոր չլինի»:

Պարոն Մինասյանը նաև քննադատեց շենքը քանդելու ձևը, ինչը և՛ վտանգավոր էր, և՛ արհամարհական: Նա տեղեկացրեց, որ շենքի հիմնական մասը՝ Ալավերդյան փողոցի կողմից ճակատն ու մյուս հատվածը, մնալու են և հետագայում ներառվելու նոր նախագծի շրջանակներում:

Մկրտիչ Մինասյանն այլ միտում էլ է տեսնում. յուրաքանչյուր խորհրդային կառույցի նկատմամբ բարբարոս վերաբերմունք, կարծես թե մենք այնտեղ չենք ապրել:

Քանդակագործ Ֆերդինանդ Առաքելյանի դիտարկմամբ՝ ամենասարսափելին արհամարհանքն է ժողովրդի, պետության, պետականության, առավել ևս պրոֆեսիոնալիզմի նկատմամբ:

Արձագանքելով մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի հայտարարությանը, թե տպարանի շենքը «մի երևելի բան չէ»,  քանդակագործը վրդովվեց. «Էդ ի՞նքն էր գնահատում այդ արժեքավորը, ինքը դեռ փոքր է, որ շենքերի արժեքավորությունը գնահատի: Այ քեզ բան: Ինքն էլ նոր նախարար է, թող իր չափը չանցնի, մենք գիտենք չափը»:

Կինոռեժիսոր Հրանտ Վարդանյանը պնդեց, թե տպարանի շենքը ամուր շենք էր: Նա վրդովվեց, որ չի հասկանում՝ ի՞նչ պետք անել, որ այս արհավիրքը կանգնեցվի: Այնուհետև հարց բարձրացրեց՝ ո՞վ է սեփականատերը, ո՞նց պատահեց, որ քանդվեց այս ճանապարհով, որ հանկարծ ակտիվիստները, լրագրողները չգնան, ահազանգեն. «Որոշեցին, որ գողի պես պիտի անեն: Սա բարբարոսություն, գողություն, նսեմություն, նենգություն է: Այս ամենի պատճառն այն է, որ այս քաղաքը չեն սիրում: Հիշողություն են ջնջում: Շանորդիություն է այս ամենը: Սրանք լկտիության վերջին ձևերն են: Պրոֆեսիոնալներն անտեսված են, ինչ որ հաստագլուխ որոշում է ինչ պիտի արվի»:

Պարոն Վարդանյանը շեշտեց, թե բոլոր ժամանակներում էլ ճարտարապետները «կռվով են» ինչ-որ բաներ փորձել պաշտոնյաներին հասկացնել, բայց այժմ ավելի բարդ ժամանակներ են. «Խեղճ ճարտարապետը գծում է, մեկ էլ մի ինչ-որ հաստագլուխ ասում է՝ պապայիս ուզածը պիտի լինի. անտաշ բան է դառնում»:

Ֆերդինանտ Առաքելյանն էլ հեգնեց, թե «վաղը մեկը կարող է գալ հայտարարել, որ Հանրապետության հրապարակի մեջտեղում ուզում է բիոզուգարան կառուցել»:

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31