Լրահոս
Օրվա լրահոսը

Խրամատներից վառոդով լցված խորհուրդ՝ կառավարությանը

Հոկտեմբեր 31,2016 14:30

Արթուր Ալեքսանյանը միջազգային մեծ արձագանք
ունեցող նոր շարժում է նախաձեռնում

«Սա չէ իմ երազած երկիրը»,- տարիներ առաջ «Ամարաս» ՀԿ-ի հիմնադիր, Արցախյան պատերազմի վետերան, ՀՀ եւ ԼՂՀ «Մարտական խաչ» առաջին աստիճանի շքանշանի ասպետ, գնդապետ Արթուր Ալեքսանյանն այսպիսի հայտարարություն էր արել՝ իր մտահոգությունները հայտնելով երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ: Այսօր նա նոր շարժում է նախաձեռնել՝ իր երազած երկիրը կառուցելու համար, եւ այդ ուղղությամբ հստակ առաջարկներ է ներկայացնում:

«Անհրաժեշտ է, որ Հայաստանը հնարավորինս արագ համայն հայության հայրենիքը լինելուց զատ՝ նաեւ համայն հայության երկիրն ու պետությունը դառնա: Սփյուռքը պետք է լիարժեքորեն ներգրավված լինի Հայաստանի հասարակական-քաղաքական կյանքում եւ պետական կառավարման ոլորտում: Դրա համար անհրաժեշտ է ստեղծել երկպալատ Համազգային ժողով, որի Վերին պալատը կազմված կլինի Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքից համամասնորեն ընտրված Հայաստանի քաղաքացիներից (երկքաղաքացիներից), ինչի շնորհիվ հայրենիքի համար կարեւորագույն հարցերում որոշում կայացնելու իրավունք ու պատասխանատվություն կընձեռվի ողջ հայությանը»,- «Առավոտի» հետ զրույցում ասաց Արթուր Ալեքսանյանը:

Թե ինչպես է հնարավոր դա իրականացնել՝ Արթուր Ալեքսանյանն իր բանաձեւն է առաջարկում. «Սփյուռքի, Արցախի եւ Հայաստանի յուրաքանչյուր հարյուր հազարանոց համայնքից պետք է ընտրվի մեկական պատգամավոր (թվային բանաձեւն, անշուշտ, պայմանական է). նրանք պետք է Հայաստանում իրենց լեգիտիմ մասնակցությունն ունենան համազգային բոլոր հարցերի լուծման եւ մեր երկրի հզորացման գործում։ Մեր ցանկությունն է, որ Հայաստանի քաղաքացիություն ունենալու ցանկություն հայտնած բոլոր հայերը, առանց բյուրոկրատական քաշքշուկների, արագորեն Հայաստանի Հանրապետության քաղաքացու անձնագիր ստանան:

Կարծում եմ՝ անհրաժեշտ է ազգային տուրք սահմանել, որի պայմանական չափը կլինի 1 դոլար, թե 10 դոլար՝ ժողովրդի որոշելիքն է: Վերին պալատում ընտրվելու իրավունք կունենան, օրինակ, 5 տարի Հայաստանում բնակված կամ 250 եւ ավելի աշխատատեղ բացած, կամ շոշափելի ներդրում կատարած եւ հայրենիքում ու Սփյուռքում իրենց վաստակն ունեցող անձինք: Համապատասխան չափորոշիչներ մշակելը դժվար չի լինի։ Սփյուռքահայերի հետ միասին մենք կարող ենք ստեղծել զարգացած տնտեսությամբ, հզոր եւ արդար երկիր: Միայն մեր երազած պետությունը կառուցելուց հետո աշխարհի տիրակալները եւ մեր դաշնակիցներն ու հակառակորդները կսկսեն մեզ հետ հաշվի նստել։ Այնպես չէ, որ աշխարհը Հայաստանի կարիքը չունի, սակայն այսպիսի հիվանդ, տկար եւ օրեցօր դատարկվող երկիրն իսկապես ոչ մեկին չի կարող հետաքրքրել։ Վստահ եմ, որ մեր սփյուռքահայ բանիմաց հայրենակիցները կլծվեն այս հայրենանվեր գործին: Իմ նշած Վերին պալատը, որը կարող ենք պայմանականորեն Սենատ կոչել, միանշանակորեն պետք է լինի վերկուսակցական եւ ժողովրդական մարմին: Այս հարցում երկրորդ կարծիք լինել չի կարող։

Այս 25 տարիների ընթացքում մենք համոզվեցինք, որ ոչ մի կուսակցություն մեր ժողովրդի աչքի լույսը չդարձավ։ Բոլոր կուսակցություններից էլ մեր ստացած վնասները տասնապատիկ ավելի են եղել, քան դրանց տված օգուտը։ Կուսակցությունները միայն իշխանության հասնելու եւ ժողովրդի վրա ազդեցություն ունենալու միջոց են դարձել։ Մինչ այժմ Սփյուռքը Հայաստանի համար պարզապես կթու կով է եղել։ Հիմա, չնայած բավականին ուշացած, բայց ժամանակն է, որ այդ սխալն ուղղվի սփյուռքահայերին Հայաստան հրավիրելով, որպեսզի նրանց հետ միասին կառավարենք մեր եւ նրանց Երկիր Հայրենին: Համայն աշխարհում ապրող հայերի մասին խոսելիս բոլորս բարձրաձայնում ենք, որ նրանց թիվն անցնում է տասը միլիոնը, մինչդեռ նրանց մասին հիշում ենք միայն ազգային ծրագրերի իրականացման համար գումարներ պահանջելիս։ Ես էլ ուզում եմ բարձրաձայնել, որ սփյուռքահայերը մեր պատկերացրածից հազարապատիկ ավելի հարուստ են: Այո՛, հազարապատիկ, որովհետեւ նրանց հարստությունը, նախեւառաջ, իրենց խելքն է, փորձը, համբավը, հեղինակությունը եւ կրթությունը, որին մենք, ցավոք, շատ քիչ ենք ուշադրություն դարձնում: Օտարության մեջ մեծացած յուրաքանչյուր հայ կրկնակի եւ եռակի հայ է, որովհետեւ նրանց թիկունքին հայկական պետություն չկա կանգնած։ Եվ այդ պայմաններում նրանք, բացի իրենց քաղաքացիական պարտքը կատարելուց, նաեւ բնակության երկրներում շատ թանկ գնով իրենց հայությունն են պահպանում: Մենք պետք է ոչ թե նրանց ձեռքին նայենք, այլ մտքին:

Այդ մարդիկ մեզ միշտ տվել են այն, ինչ ուզել ենք, բայց հիմա արդեն վստահություն չունեն: Գոնե այս ձեւով կարող ենք նրանց վստահությունը վերականգնել: Նրանք կգան եւ իրենց հետ փո՛ղն էլ կբերեն, շուկա՛ն էլ: Հիմա մենք աշխարհով մեկ ընկած՝ շուկա ենք փնտրում: Իրենք նույնը կարող են այստեղ արտադրել ու արտահանել: Իսկ նրանց վստահությունը շահելու համար պետք է մի շարք օրենքներ ընդունել, որոնք միտված կլինեն գործարար միջավայրի համար բարենպաստ պայմաններ ստեղծելուն: Օրինակ՝ կարելի է 5-10 տարով նրանց ազատել հարկերից, օրենքով պաշտպանված մրցակցային դաշտ ստեղծել, պետպատվերների շուկայում հնարավորություններ տրամադրել, արժանավորների համար պարգեւատրումներ սահմանել եւ այլն»:

Արթուր Ալեքսանյանը համոզված է, որ եթե իշխանություններն այս ճանապարհով չգնան, մեր հայկական գենոֆոնդն աշխարհում տարեցտարի նվազելով՝ ի վերջո, կվերանա:
«Ամեն տարի մի եկեղեցի է փակվում, մի դպրոց է փակվում: Հայաստանը պարտավոր է պահել արտերկրի հայկական դպրոցները: Պետք է վերջապես հասկանալ՝ լեզուն է մեզ պահում որպես ազգ: Լեզուն է մեր զենքը, մեր ամենամեծ հարստությունը: Ինչո՞ւ մեր պետությունը չպիտի հոգա Սփյուռքում գործող հայկական դպրոցների ծախսերը»:
Տարիներ առաջ Արթուր Ալեքսանյանը տնտեսությունը ոտքի հանելու համար նոր ծրագիր էր ներկայացրել կառավարությանը, որով առաջարկվում էր երկարաժամկետ պայմանագրեր կնքել պետական գնումների գործընթացն ավելի ճիշտ կազմակերպելու համար: Մեր հարցին, թե որեւէ արձագանք եղե՞լ է Ձեր առաջարկությանը, նա պատասխանեց. «Շատ լավ ընդունեցին, Տիգրան Սարգսյանը, Հովիկ Աբրահամյանը ողջունեցին, ու դրանով ամեն ինչ ավարտվեց։ Նույնիսկ Ազգային ժողովի երկու հանձնաժողովներում մի շարք պատգամավորների հետ քննարկումներ եղան։ Բայց՝ ապարդյուն։ Մեր պետական կառավարման համակարգը ո՛չ առողջ է, ո՛չ հիվանդ, այն պարզապես իմպոտենտ է եւ արտադրել ու տնտեսության պահանջարկի գոնե մեկ երրորդը բավարարել չի կարողանում։ Ուստի այն մեր ազգային հարստության մեծ մասը տալիս է թե՛ մեր թշնամի, թե՛ դաշնակից կոչեցյալ երկրներին: Այդպիսով մենք ոչ թե տեղում դոփում ենք, այլ երեք քայլ ետ ենք գնում, կես քայլ՝ առաջ։ Մինչեւ Հայաստանը չսկսի լայնամասշտաբ սեփական արտադրություններ հիմնել եւ իր պահանջարկի առնվազն 75%-ը բավարարել, մենք իշխանություններին ոչ մի կերպ չենք կարողանա հավատալ։ Մեր երկրի ու ողջ հայության փրկության միակ բանաձեւը ուժեղ տնտեսություն ունենալն է, նոր աշխատատեղերի եւ սեփական արտադրությունների ստեղծումը:

Տնտեսությունն է բոլոր հարցերի լուծման միակ բանալին: Տնտեսությունդ ուժեղ եղավ՝ բոլորը քեզ հետ հաշվի կնստեն, եւ այդ դեպքում արդեն այնքան էլ կարեւոր չէ՝ նախագահդ ով է, վարչապետդ ով է եւ այլն:
Եվս մի կարեւոր դիտարկում. ուժեղ տնտեսություն ունենալու համար պետք է մեր ընդերքի հարստությունը Հայաստանում մշակվի որպես վերջնական արտադրանք, ոչ թե որպես հումք, չնչին հարկեր վճարելով՝ երկրից դուրս տարվի: Դա ես հանցագործություն եմ համարում: Իսկ առկա պայմանագրերով գնումների, տենդեր կոչեցյալ միջոցառումների համար միանշանակ կարելի է կառավարությանը դատել: Անհրաժեշտ պայմաններ ստեղծել. բանկային համակարգի, պետության կողմից տրվող երաշխիքների վերանայման միջոցով, սեփական հումքը օգտագործելով՝ հենց ամենամեծ սպառողի, օրինակ, հայկական բանակի, ԱԻՆ-ի, ԱԱԾ-ի, ոստիկանության ներքին զորքերի եւ այլ գերատեսչությունների պահանջարկի հիման վրա սեփական արտադրություններ հիմնել, աշխատատեղեր բացել: Հազարավոր ապրանքատեսակներ անհամեմատ թանկ գներով դրսից գնելու փոխարեն՝ հայրենիքում արտադրելու համար միայն քաղաքական կամք եւ ցանկություն է անհրաժեշտ: Այդ դեպքում մենք կարող ենք ոչ միայն մեզ համար արտադրել, այլեւ ողջ տարածաշրջանի շուկայի պահանջարկը բավարարել: Բայց մենք դա չենք անում։ Չգիտեմ՝ ինչու։ Կամ՝ գիտեմ, ուղղակի էլ չեմ ասի, որովհետեւ նույն բանն անդադար կրկնելն արդեն ամոթ է:

Գնումների քաղաքականությունը պետք է 180 աստիճանով փոխենք: Եթե մի ապրանքի պահանջարկը մշտապես առկա է, ուրեմն պետք է ներմուծողի վրա երկարաժամկետ պայմանագրերով պարտավորություններ դնենք, որպեսզի տվյալ ապրանքը փուլ առ փուլ սկսի Հայաստանում արտադրվել: Սկզբում՝ 10 տոկոսը, հետո՝ 20, եւ այդպես շարունակ, նայած, թե ինչ ապրանք է: Եթե որեւէ զինատեսակ է, ասենք՝ տանկ, զրահատեխնիկա, կարելի է փուլ առ փուլ սկսել այստեղ հավաքել։ Այդպիսով աշխատատեղեր էլ կստեղծվեն: Պետությունը կարող է որպես երաշխավոր հանդես գալ, որպեսզի բանկերը ցածր տոկոսադրույքներով վարկեր տրամադրեն: Արդյունքում՝ կարճ ժամանակ անց մենք նույն ապրանքը կամ ավելի որակյալը կարող ենք արդեն ամբողջապես այստեղ արտադրել: Անդադար մատնանշվում է, որ մենք բարձր տեխնոլոգիաների ոլորտում մեծ հաջողություններ ունենք: Ինչպե՞ս է հնարավոր IT ոլորտում հաջողություններ ունենալ, իսկ կոշիկի, կտորեղենի, մատիտի, գրչի, անիվի, սննդի, դեղերի եւ այլ արտադրությունների մեջ չունենալ»:
Մեր հարցին, թե Պուտինը մեզ թույլ կտա՞ զենք արտադրել՝ հաշվի առնելով, որ ՌԴ-ն է մեզ զենք վաճառում եւ խաղի կանոններ թելադրում, Արթուր Ալեքսանյանը պատասխանեց. «Պուտին, Պուտին ենք ասում, տեսնելով, որ այդ մարդը մի օր Բաքվում է, մի օր՝ Թուրքիայում: Այդ մարդուն ոչ մի ուրիշ տեղ էլ չեն ընդունում. Թուրքիա, Ադրբեջան, Ղազախստան, վե՛րջ: Բոլորը գիտեն, որ մեր գլխին սեւ ամպեր են կուտակվում: Միայն մենք տեղյակ չենք։ Պուտինը չէ, որ մեզ պետք է արգելի կամ ուղղություն տա, թե ինչ արտադրենք կամ չարտադրենք: Նա ինքն էլ ուրախ կլինի, եթե մեր երկիրը ուժեղ լինի, ու մենք էլ քիչ նվնվանք։ Մենք տեսնում ենք, որ Ռուսաստանն ինքն էլ միայն շուկա կամ էներգառեսուրսներ ունեցող երկրների հետ է շփվում։ Վստահ եմ, որ Ռուսաստանը միայն այն ժամանակ է թելադրողի դիրքում, երբ իրենից պարտքով փող կամ պարտքով ապրանք ենք վերցնում»:

Մեր դիտարկմանը, որ այդ ծրագրերն իրականացնելու համար երկարաժամկետ վարկերի անհրաժեշտություն կլինի, այնինչ մեր պետական պարտքն արդեն անթույլատրելիի շեմին է հասել՝ պարոն Ալեքսանյանն արձագանքեց. «Այդ պարտքերը հենց մեր դիլետանտ կառավարության խելքից են կուտակվել: Դա էլ պրոբլեմ չէ: Դրա համար էլ լուծումներ կան»:

Մեր հարցին, թե ինչ կարծիք ունի նոր վարչապետի մասին, Արթուր Ալեքսանյանն ասաց. «Ընդգծված դրական վերաբերմունք ունեմ Կարեն Կարապետյանի անձի նկատմամբ, գնահատում եմ նրա մտավոր ու կազմակերպչական ունակությունները: Ցավով պիտի նշեմ սակայն, որ եթե Հայաստանում առկա կառավարման արատավոր համակարգը չփոխվի, նրա բոլոր նախաձեռնություններն այդպես էլ նախաձեռնություն կմնան»:
Իր խոսքն ամփոփելով՝ Արթուր Ալեքսանյանն ասաց. «Ես իմ հայրենիքը շատ եմ սիրում, դրա համար եմ այսքան մտահոգ: Ուզում եմ իմ երեխաներն այստեղ մեծանան: Զույգ աղջիկներս ԱՄՆ-ում են ծնվել, բայց այստեղ են ապրում, դպրոց հաճախում: Ցավ եմ ապրում, երբ տեսնում եմ, որ նրանց տրամադրությունը փոխվում է, անընդհատ ասում են՝ «Հայրի՛կ, այստեղ մենք ապահով չենք զգում, ուզում ենք հետ գնալ, ԱՄՆ-ում ապրել»: Ես հիմա իմ ընկերների հետ ուզում եմ ամեն ինչ անել, որպեսզի նրանց կարծիքը փոխվի: Որպեսզի մեր երեխաների ապագան ապահովենք Հայաստանում, ոչ թե ուրիշ երկրում: Հայաստա՛նն է մեր միակ հանգրվանը, ուրիշ տեղ մենք չենք կարող ապաստան ունենալ»:

 
ՀՌԻՓՍԻՄԵ ՋԵԲԵՋՅԱՆ

 

«Առավոտ»

29.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31