Լրահոս
Օրվա լրահոսը

«Հոնկոնգյան, չինական ու պարսկական գրիպ» չի եկել մեր երկիր (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2016 13:44

«Հոնկոնգյան գրիպ, իրանական գրիպ, չինական գրիպ, չկա նման բան: Վիրուսներն ունեն իրենց անվանումները, որոնք բժշկական տերմիններով են»,- այսօր «Հայելի» ակումբում այսպես արձագանքեց Հայաստանի գլխավոր ինֆեկցիոնիստ Արա Ասոյանը: Ըստ բժշկի, եղանակային պայմանները նպաստում են սուր շնչառական հիվանդությունների աճին, եւ եթե գրիպի ախտանշաններ կան պետք է դիմել բժշկի կամ գոնե հեռախոսով առաջնային բուժօգնության օղակից խորհրդատվություն ստանալ:

Այս պահին մեր երկրում տարածված է ռինովիրուսը, որը, Արա Ասոյանի խոսքերով, սուր շնչառական վիրուսային հիվանդություն է: Ռինովիրուսը արտահայտվում է ջերմությամբ, օրգանիզմի թուլությամբ, գլխացավով, որին հաջորդում է հազը:

Արա Ասոյանը վստահեցրեց, որ գրիպի վարակների աճի դեպքում բուժծառայությունները պատրաստ են բնակչությանը անհրաժեշտ բուժօգնությունը տրամադրել:
Աղիքային վարակներին անդրադառնալով՝ բժիշկն ասաց, որ դրանք էլ ունեն սեզոնայնություն եւ դրանց պիկը նկատվում է ամռանը: Այս տարի սննդային կամ այլ վարակներից թունավորման զանգվածային դեպքեր, ի տարբերություն նախորդ տարիների, չեն գրանցվել:
«Անցյալ տարի ունեցել ենք 14 զանգվածային թունավորման դեպք: Հարսանիքներ, ծնունդներ, կնունքներ, ճամբարներ եւ այլն: Այս տարի մինչ օրս ոչ մի նման դեպք չենք ունեցել: Ինչ-որ ծառայություններ սկսել են լավ աշխատել»:

Aravot.am-ի հարցին, թե Գումի շուկայի մերձակայքում մսի առուվաճառքով զբաղվող կրպակները շարունակում են միսը վաճառել հակասանիտարական պայմաններում, որպես գլխավոր մասնագետ սա ձեզ չի՞ մտահոգում, Արա Ասոյանն ասաց. «Դիմեք, դրա համար հատուկ ծառայություններ կան, դա իմ մասով չէ»:
Ըստ պարոն Ասոյանի. ինֆեկցիոն ծառայությունը միջգերատեսչական է. «Մենք հրշեջի դեր կատարող ծառայություն ենք, որի պատճառը կարող է լինել ջրից սկսած, սննդի արտադրություն, սննդի վաճառք, այդ բոլորի վատ աշխատանքի արդյունքում լինում են ինֆեկցիոն հիվանդություններ եւ համաճարակներ»:

Հարցին, թե Ռուսաստանում սիբիրյան խոցի դեպքեր են գրանցվել, ինչպիսի վտանգ է ներկայացնում մեր երկրի համար, պարոն Ասոյանն ասաց. «Ինչո՞ւ միայն Ռուսաստանում, մենք դեպք ունեինք Վրաստանից, ազգականների մոտ էին գնացել, նրանք էլ կով էին մորթել, այդ մարդկանց էլ մի 15 կիլո նվեր էին տվել: Բայց փառք Աստծո մենք մեր տեղական դեպքերը չենք ունեցել»:

Լուսինե ԲՈՒԴԱՂՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31