Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյան. Տիգրան Սարգսյանը Հայաստանի տնտեսությունը սարքեց «Անիի ավերակները»

Հոկտեմբեր 31,2016 12:35

«Բյուջեի ուղերձում ունենք նման նախադասություն՝ 2017 թվականի տնտեսական աճը արագացող կլինի՝ պայմանավորված ինչպես արտաքին զարգացումներով, այնպես էլ նրանով, որ 2016 թվականին իրականացվել է խթանող հարկաբյուջետային ու դրամավարկային քաղաքականություն: Չեմ կարողանում հասկանալ՝ 2017 թվականին դուք ոչինչ չեք անելո՞ւ»,- խորհրդարանում 2017 թվականի բյուջեի քննարկումների ժամանակ ֆինանսների նախարար Վարդան Արամյանին դիմեց ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը: «Աստված մի արասցե, որ այս բյուջեն կատարվի: Եթե սա կատարվի էլ, նորից աղետ է, ոչ մի դրական տեղաշարժ չի լինելու»,- վրդովվեց Հրանտ Բագրատյանը:

Հրանտ Բագրատյանը մի փոքր պատմական էքսկուրս կատարեց`2007 թվականին ՀՀԿ-ն մեծամասնություն կազմեց խորհրդարանում, ՀՀԿ-ի եւ Սերժ Սարգսյանի կողմից խոստումներ հնչեցին տարեկան 7 տոկոսանոց տնտեսական աճ ապահովելու մասին: Այս տարի լրանում է ՀՀԿ-ի կառավարման 10-ամյա ժամկետը: Հրանտ Բագրատյանը հաշվարկել է, որ տնտեսական աճի գումարային տոկոսը կազմել է 30 տոկոս: Մինչդեռ, եթե 7 տոկոսանոց աճի խոստումը պահպանվեր, ապա ստացվելու էր 91 տոկոս: «Ինձ թվում է՝ էս տնտեսագիտական թիմը լուրջ պրոբլեմներ ունի: Ամենամեծ խնդիրը էսօր դուք եք` դուք, փոխվարչապետը, Կենտրոնական բանկի ղեկավարությունը: Այ ընկերներ, աճ եք խոսք տվել, գնացեք գտեք էդ աճը:

Բերում եք, ասում եք՝ վերականգնողական, հարկաբյուջետային, բա դուք ինչի՞ համար եք: Հարց եմ տալիս՝ դուք ինչի՞ համար եք, ձեզ ինչի՞ համար ենք աշխատավարձ վճարում»,- ասաց Բագրատյանը դիմելով քննարկմանը ներկա իշխող ՀՀԿ-ի ներկայացուցիչներին, կառավարության անդամներին: Հրանտ Բագրատյանի բնորոշմամբ, ՀՀԿ-ական կառավարության գործելաոճն ու հայտարարություններն արդեն տասը տարի հիշեցնում են առանց բռնակի ճամպրուկ. «Առանց բռնակի ճամպրուկ բռնած կա՞ք, ավելի լավ է շորերը ձեռքով բռնեք գնաք: Մի հատ հլա դուք ինձ բացատրեք, ի՞նչ եք արել, որ ներդրում բերեք, անընդհատ ասում եք՝ պարտքը վատ է: Բա վատ ա, ինչի՞ էիք վատ պարտք վերցնում»:

Հրանտ Բագրատյանի կարծիքով նախկին վարչապետներից Տիգրան Սարգսյանն «Անիի ավերակներ» սարքեց տնտեսությունն ու գնաց, Հովիկ Աբրահամյանի ժամանակ տնտեսական աճը թեպետ ավելացել էր, բայց խոստացածից քիչ էր. «Այս բյուջեն, որ բերել եք, դուք ուզում եք ասել՝ մի քայլ էլ հետ գնանք, հա՞: Հիմա նոր վարչապետ է եկել, դուք բացատրե՞լ եք իրեն, որ այս բյուջեն եթե կատարվի էլ, նշանակում է, որ մենք հետ ենք մնալու: Անընդհատ ասում եք՝ կայուն լինի: Թող կայուն ըլնի. գերեզմանում էլ է կայունություն»:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31