Լրահոս
Օրվա լրահոսը

Հրանտ Բագրատյանը հեգնեց վիճպետվարչության պետ Ստեփան Մնացականյանին

Հոկտեմբեր 31,2016 12:15

Խորհրդարանում, 2017 թվականի բյուջեի նախագծի քննարկումների ժամանակ  ՀԱԿ խմբակցության պատգամավոր Հրանտ Բագրատյանը հեգնեց Ազգային վիճակագրական ծառայության ղեկավար Ստեփան Մնացականյանին: Նախկին վարչապետ, ընդդիմադիր պատգամավորը հակադարձում էր կառավարությանը՝ թվեր ներկայացնելով: Իր խոսքի ընթացքում նա վկայակոչեց Ստեփան Մնացականյանին. «Վիճվարչության պետը այստեղ է, թույլ չի տա, որ ես սուտ խոսեմ, սուտ խոսելու մոնոպոլիան իրենն է»:

Հրանտ Բագրատյանի այս հեգնական դիտողությունից հետո կառավարության անդամներն ու պատգամավորները սկսեցին ծիծաղել: Հրանտ Բագրատյանը ներկայացրեց բանջարեղենի, կարտոֆիլի, խաղողի եւ այլ ապրանքների արտադրության ծավալը՝ նշելով, որ վիճվարչությունը կեղծ թվեր է հրապարակել, ուռճացրել վիճակը: «Հիմա, նոր կառավարությունը ճշտո՞ւմ է այս թվերի իսկությունը»,- հարց ուղղեց պատգամավորը` հավելելով, որ գյուղատնտեսության նոր նախարարը հայտարարում է, թե այս տարի խաղող երկու անգամ քիչ չի մթերվել. «Քիչ չի մթերվել, անցած տարվա թիվն է կեղծ ներկայացվել»:

Մինչ այդ, ֆինանսների նախարար Վարդան Արամյանն Ազգային ժողովում ներկայացրել էր այն սկզբունքները, որոնց հիման վրա կազմվել է հաջորդ տարվա բյուջեի նախագիծը: Ըստ այդմ, կառավարությունում առանձնացրել են չորս կարեւորագույն սկզբունք` կանխատեսվող մակրոտնտեսական միջավայրին համահունչ բյուջեի նախագիծ պետք է լինի:

Հաջորդ կարեւոր սկզբունքը մակրոտնտեսական միջավայրի կայունությունն է, ինչն, ըստ նախարարի, տնտեսվարողների սուբյեկտների, հատկապես ներդրումների համար է կարեւոր: Մակրոտնտեսական կայունության կարեւոր սկզբունքներից մեկը, նրա խոսքով, պարտքի կայունությունն է, դրա համար բյուջեն կազմվել է այնպես, որպեսզի միջնաժամկետ հատվածի համար ունենանք կանխատեսելի ու կառավարելի պարտք: Երրորդ սկզբունքը հարկային եկամուտների հավաքագրումներն են: Նախարարը հայտարարեց` տնտեսվարողների համար լրացուցիչ ու անհարկի բեռ չի ստեղծվի: Նման խոստում վարչապետն էլ էր տվել իր խոսքում: «Եթե իրականում դու ճիշտ չես գնահատում քո տնտեսության հնարավորությունները, վարչարարական գործիքները, եթե իրականությունից դուրս հարկային եկամուտներ ես նախատեսում, կարող ես շեղումներ ունենալ: Իսկ եթե տնտեսվարող սուբյեկտներն ընթացքում ունենում են խնդիրներ, դա լուրջ ազդում է տնտեսական պոտենցիալի վրա»,- ասաց Վարդան Արամյանը:

Չորրորդ սկզբունքը, ըստ նախարարի, պետության կողմից արդեն իսկ ստանձնած եւ շարունակական բնույթ ունեցող պարտավորությունների իրականացումն է: Վարդան Արամյանի փոխանցմամբ, միջազգային կառույցները հաջորդ տարի համաշխարհային տնտեսության համար աճի մի փոքր արագացում են կանխատեսում՝ 3.4 տոկոս: Այս աճը հիմնականում ակնկալվում է զարգացող ու անցումային շրջանում գտնվող երկրներում: Ռուսաստանի տնտեսության համար եւս դրական աճ է կանխատեսվում, այն ամենից հետո, երբ մասնագետները հայտարարել էին, թե ՌԴ տնտեսությունն արդեն հասել է հատակին: «Բնականաբար, սա մեզ վրա դրական է ազդելու: Նավթի շուկայում եւս միջազգային կառույցները գների որոշակի աճ են կանխատեսում»,- ասաց նա:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31