ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարության եւ աէրոբիկայի եւ ֆիթնեսի ազգային ասոցիացիայի համատեղ նախաձեռնած առողջ ապրելակերպի տարածման «Կյանքը՝ սպորտի ռիթմով» զանգվածային մարզումային ծրագրի մասնակիցներն այսօր ժամը 11:00-ին կրկին կհավաքվեն Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի հարակից ազատ տարածքում: Մարզումներն անցկացնում են բարձրակարգ ու փորձառու մարզիչներ:
Ծրագրի մեկնարկի առաջին մարզումային օրը 80-ից ավելի մարդ էր եկել: Նրանցից շատերն առաջին անգամ էին որոշել զբաղվել առողջական ֆիզկուլտուրայով:
«Առավոտը» զրուցել է ՀՀ սպորտի եւ երիտասարդության հարցերի նախարարի խորհրդական Վլադիմիր Հովհաննիսյանի հետ, որն ինքն էլ մարզումների ամենաակտիվ մասնակիցներից է:
-Սպասո՞ւմ էիք, որ միանգամից այդքան մասնակից կհավաքվի:
-Անկեղծ ասած, ավելին էլ էինք ակնկալում: Ճիշտ է, սառը եղանակը որոշ դերակատարություն ունեցավ, բայց նրանք, ովքեր պարբերաբար մարզվում են, կգան ու իրենց հետ բարեկամներին, ընկերներին, հարեւաններին ու ծանոթներին էլ կբերեն: Բացի դա, կարծում եմ՝ շատերը չէին պատկերացնում, թե իրականում ինչ է սպասվելու իրենց: Բայց մեկնարկը տրվել է ու գրեթե համոզված եմ, որ գնալով մասնակիցների քանակը կավելանա: Առաջին անգամվա համար կազմակերպիչները մի բան էն շատ կարեւորում: Մասսայականության արհեստական ապահովման ոչ մի փորձ չի եղել, ինչպես արվում է շատ դեպքերում տարբեր միջոցառումների ժամանակ: Բոլորը եկել էին իրենց ցանկությամբ, կարդալով ֆեյսբուքում հրապարակված հրավերը: Սա ոգեւորում է ու ցույց տալիս, որ մեզանում ֆիզիկական կուլտուրայով ու մասսայական սպորտով զբաղվել ցանկացողները քիչ չեն: Ընդամենը նրանց օգնել ու պայմաններ ապահովել է հարկավոր:Այս ծրագրի էությունը հետեւյալն է. թեկուզ ձմեռնամուտին ձեւավորել առողջ ապրելակերպով զբաղվողների կայուն խմբեր, ծանոթանալ նրանց նախասիրություններին, իմանալ ցանկությունները եւ եղանակները տաքանալուց հետո ըստ ուղղվածության առողջարարական տարբեր խմբերի մշտական մարզումներ կազմակերպել մայրաքաղաքի զբոսայգիներում, բացօթյա տարածքներում, որպեսզի յուրաքանչյուր ոք իմանա, թե որտեղ ինչ ուղղվածության խմբերի մարզումներ են կազմակերպվելու եւ ընտրի, թե որ մեկը հաճախի:
Կարդացեք նաև
-Մարզումների գալիս են ֆիզիկական պատրաստվածության տարբեր աստիճան ունեցող մարդիկ: Դա չի՞ խանգարի ծրագրի իրականացմանը:
-Դուք նախորդ մարզմանը ներկա էիք: Հետեւաբար, նկատած կլինեք, որ սկսելուց առաջ մարզիչները հետաքրքրվում են, թե ովքե՞ր են առաջին անգամ զբաղվում իրենց առողջության ամրապնդումով, ով ինչի համար է եկել: Այդպես մասնակիցները բաժանվում են խմբերի եւ միայն դրանից հետո սկսում մարզումները՝ ծանրաբեռնվածության համապատասխան չափաբաժին ստանալով: Մի բան էլ: Երբ մարզիչը ցույց է տալիս վարժությունը, յուրաքանչյուր ոք այն կատարում է իր հնարավորությունների սահմաններում ու այդ ընթացքում մյուս մարզիչներն էլ շրջում են սկսնակների խմբի շարքերով, հետեւում մարզվողներին ու ընթացքում օգտակար խորհուրդներ տալիս: Մենք էլ ծրագրի մասնակիցներին առաջարկում ու հորդորում ենք, որպեսզի մարզվելու գալուց առաջ խորհրդակցեն բժշկի, իսկ եթե չեն հասցրել, մարզիչների հետ:
ԱՇՈՏ ՀԱԿՈԲՅԱՆ
«Առավոտ»
29.10.2016