Զովունի համայնքի գործող ղեկավար ՀՀԿ-ական Սերժիկ Ավետիսյանը լիազորությունները վայր դնելուց 12 օր առաջ փորձում է ավարտին հասցնել իր բոլոր ծրագրերը՝ համայնքի սեփականություն հանդիսացող որոշ հողատարածքների վաճառքի կամ վարձակալությանը վերաբերող կազմակերպչական աշխատանքները:
Այսօր առավոտյան տասնմեկից սկսվել է երեք աճուրդ. գործող գյուղապետը աճուրդի է հանել երեք բնակավայրային հողատարածք:
Ավագանու անդամ Գոռ Հայրապետյանը Aravot.am-ին ահազանգեց, որ Սերժիկ Ավետիսյանը աճուրդներ է նախատեսել մինչեւ նոյեմբերի 10-ը. «Նոյեմբերի 4-ին աճուրդի է հանված ծառայողական «Նիվա» մակնիշի մեքենա, նոյեմբերի 10-ին՝ տասը բնակավայրային նշանակության հողատարածք, որոնցից մեկը համայնքի մանկապարտեզի մասնաշենքերից մեկն է՝ 2400 մ հողակտորով, չորս գյուղատնտեսական նշանակության եւ մեկ արդյունաբերական նշանակության հողատարածք: Ընդհանուր առմամբ, աճուրդի հանված հողատարածքները հասնում են 6,6 հեկտարի»:
Գործող գյուղապետի՝ աճուրդի հանած արդյունաբերական նշանակության հողատարածքներից մեկն էլ գյուղապետարանի պահեստային շինությունն է:
Կարդացեք նաև
Ի դեպ, Սերժիկ Ավետիսյանն աճուրդները սկսել է այս տարեսկզբից: Ավագանու անդամ Գոռ Հայրապետյանի խոսքով, հունվարի 2-ից մինչեւ հոկտեմբերի 27-ը կազմակերպել է ութ աճուրդ. «Արդյունքում՝ երկու բնակավայրային, վեց՝ գյուղատնտեսական նշանակության հողատարածքներ են արդեն վաճառվել»:
Aravot.am-ը Սերժիկ Ավետիսյանից հետաքրքրվեց՝ արդյոք համայնքի սեփականությունը վաճառում է օրենքի շրջանակներում, գյուղապետը լսեց հարցը, մի որոշ ընթացք լռելուց հետո անջատեց հեռախոսն ու դարձավ անհասանելի:
Հիշեցնենք, որ այս տարվա հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններում ՀՀԿ-ական Սերժիկ Ավետիսյանը պարտվեց անկուսակցական Վրույր Սիմոնյանին: Սերժիկ Ավետիսյանը լի լիազորությունները վայր կդնի նոյեմբերի 12-ին:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ
Կարելի է օրենսդրական փոփոխությամբ հերթական ընտրություններից կես տարի առաջ արգելել համայնքային սեփականության հետ գործարքներ անելը: