Լրահոս
Օրվա լրահոսը

Վարդևան Գրիգորյանի արձագանքը՝ Գյումրու մանկավարժականի ռեկտորի ժ/պ Սահակ Մինասյանի ասուլիսին (Տեսանյութ)

Հոկտեմբեր 31,2016 11:00

Գյումրու մանկավարժական ինստիտուտի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանը իր պաշտոնավարման հարյուր օրը լրանալու կապակցությամբ մամուլի ասուլիս էր հրավիրել՝ ներկայացնելով այս ընթացքում իրականացրած իր աշխատանքները։ Նա մասնավորապես անդրադարձել էր աշխատակիցների աշխատավարձի 20-50 բարձրացմանը, մագիստրատուրայի առանց քննությունների ընդունելությանը, ուսանողների թվի ավելացմանը։

Գյումրիի մանկավարժական ինստիտուտի նախկին ռեկտոր Վարդևան Գրիգորյանն, արձագանքելով Սահակ Մինասյանի ասուլիսին՝ ասաց․«Ես կուզենայի անդրադառնալ բուհի ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար Սահակ Մինասյանի մամլո ասուլիսի երեք կետերին. աշխատավարձի կտրուկ բարձրացում, հիմնանորոգումներ, վերանորոգումներ և մագիստրատուրայի ընդունելության ցուցանիշի համեմատական վերլուծությանը: Իհարկե, ճիշտ կլիներ, որ ես արձագանքեի հենց հաջորդ օրը, սակայն, ինչպես գիտեք, երեկ նոր լրացավ տղայիս մահվան 40 օրը, և նոր որոշեցի մի փոքր ուշացումով արձագանքել:

Նախ ասեմ, որ ցանկացած անձ, անկախ նրանից, թե կյանքում ինչ պաշտոն է զբաղեցնում, անգամ եթե աշխատանք չունի, պետք է գիտակցի հետևյալը, որ ամենալավ սուտը դառը ճշմարտությունն է, ճշմարտությունը կարող է մի որոշ ժամանակ քնել, բայց մի օր գլուխ կբարձրացնի։ Բուհն ունի երկարաժամկետ զարգացման ռազմավարական ծրագիր՝ իր գործողությունների իրականացման ժամանակացույցով (2015-2019) և 2016 թվականի գործողությունների իրականացման համար կազմված 2016 թվականի եկամուտների նախահաշիվ՝ բոլոր ռիսկերի հաշվառմամբ (երկու կարևորագույն փաստաթղթերն են առկա են բուհի պաշտոնական կայքում): Եկամուտների և ծախսերի ամենամյա նախահաշիվը հաստատվում է կառավարման խորհրդում՝ բուհի տարեկան հաշվետվության ժամանակ:

Ըստ ռազմավարական ծրագրի աշխատանքային պլանի.

Ա) Բաժին 4. ՊՐՈՖԵՍՈՐԱԴԱՍԱԽՈՍԱԿԱՆ ԵՎ ՈՒՍՈՒՄՆԱՕԺԱՆԴԱԿ ԿԱԶՄ

1.3 կետ. բարձրացնել պրոֆեսորադասախոսական ու ուսումնաօժանդակ կազմերի աշխատավարձն առնվազն 20%, որն նախատեսված է իրականացնել 2016թ. 3-րդ եռամսյակում, հետևաբար սա արտացոլված ու հաստատված է այս տարվա բյուջեում՝ համապատասխան հոդվածով:

Բ) Բաժին 6. ԵՆԹԱԿԱՌՈՒՑՎԱԾՔ ԵՎ ՌԵՍՈՒՐՍՆԵՐ

1 կետ. բուհում իրականացվող մասնագիտությունների կրթական ծրագրերի պահանջներին համապատասխան ուսումնական ու աշխատանքային միջավայրի շարունակական բարելավում, որն նախատեսված է իրականացնել 2016թ. 2-րդ եռամսյակ, որն ևս արտացոլված է այս տարվա բյուջեում:

Մամլո ասուլիսի ժամանակ հնչեցրած այն գործողություններն, իբրև իրականացվել են իր կողմից, չի համապատասխանում իրականությանը, քանի որ սրանք բոլորը պլանավորված գործողություններ են: Ես իմ մամլո ասուլիսի ժամանակ ասացի, որ բուհն այս պահին ուսումնական տարին փակած, արձակուրդայինը վճարված է, ունի տնտեսած մոտ կես միլիարդ գումար: Հունիսի վերջին գիտական խորհրդի նիստում քննարկվել ու հաստատվել է այն փաստը, որը պրոֆեսորադասախոսական կազմը դրույքաչափից անցում է կատարելու ժամավճարային կարգի ու յուրաքանչյուր պաշտոնի (պրոֆեսոր, դոցենտ, ասիստենտ, դասախոս) համար տրվել է 1 ժամի արժեքը, իսկ դրույքաչափով աշխատող բոլոր վարչական աշխատակիցների համար՝ վճարվող ամսական աշխատավարձի չափը: Անգամ ունենալով նախնական 2016-2017 ուստարվա ուսումնական ծավալները և դասաբաշխումները՝ հաշված էր, թե ընդհանուր գումարային ինչ տոկոս է կազմում բարձրացումը, կարծեմ 40%- ին մոտ:

Այսքան արված աշխատանքից հետո, եթե պատկերացնում եք, որ այս պահի ժամանակավոր պաշտոնակատարը կարող է իրեն վերագրի, քանի որ վճարումն իրականացվել է սեպտեմբերից, ուրեմն նորմալ է:

Բուհը նախապես պլանավորել է ջեռուցման համակարգի, սպորտային դահլիճների և նրան պատկանող սանհանգույցների, լոգախցերի, հանդերձարանների, բուհի բոլոր սանհանգույցների, հեռավար լսարանի հիմնանորոգման աշխատանքներ, որը պետք է իրականացվեր երկրորդ կիսամյակում: Բնականաբար կազմվել են բոլոր պլանները, հայտարարվել է մրցույթ, մրցույթը շահող կազմակերպությունները հայտնի են եղել, որոնց հետ կնքվել են պայմանագրերը, և աշխատանքների սկիզբը արդեն տրված էր: Հիմա եթե իր օրոք իրականացվեց վերջին փուլը, դա չի նշանակում, որ իրավունք ունի վերագրել իրեն փայլուն մտքերին և մտածեց, որ անհրաժեշտ է նման քայլ:

Եթե ինքն է նախագծել ու իրականացրել այս բոլորը, ուրեմն նշանակում է խախտվել է բյուջեի համապատասխան հոդվածների իրականացումը և ավելին, իրավունք չկա յուրաքանչյուր հոդվածի պլանավորված նախահաշվի 10%-ից ավելիի շեղում: Իսկ նմանատիպ լայնածավալ հիմնանորոգում իրականացնելիս պետք է խախտես գնումների օրենքը կամ երեք ամսում չէիր էլ կարող անգամ մրցույթը շահած լինել:

Անդրադառնամ երրորդ կետին, համեմատական վերլուծությունը մագիստրատուրայի նախորդ և այս տարվա ընդունվածների քանակի: Մեր բուհի մագիստրատուրան հիմնականում (90%) համալրվում է բուհի տվյալ տարվա բակալավրի շրջանավարտներով: 2014-2015 ուստարում բուհն ունեցել է ընդամենը 71 շրջանավարտ, սրանք այն տարվա դիմորդներն են եղել, որ դպրոցներն անցան 12 ամյա ուսուցման և չունեցանք շրջանավարտներ հանրակրթությունում: Այդ տարի մագիստրատուրա ընդունվել են 113 ուսանող, որը մեզ համար, անգամ համեմատելով բոլոր բուհերի հետ, եղել է շատ բարձր ցուցանիշ: Իսկ դրանից ընդամենը մեկ տարի առաջ բուհն ունեցել է նույնքան ընդունվածներ, անգամ մի փոքր ավելի, քան այս տարի: Հետևաբար, անհրաժեշտ է կատարել խորը վերլուծություն, այլ ոչ թե պարզունակ երկու թվեր համեմատություն»։

Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. էդիկ says:

    Հարգելի պարոն Գրիգորյան բոլորին է հայտնի, որ Դուք իմաստուն,բարի և ոչ կոնֆլիկտային անձ եք: Գիտենք նաև, որ Ձեր հանդեպ մեղմ ասած ճիշտ դրսևորում չցուցաբերվեց: Ներկայումս Ձեր կամկից անկախ հայտնվել եք երկու լարվածության կիզակետում: Այստեղ է, որ պահանջվում է վերը նշված բնավորության գծերի դրսևորում: Հակառակ պարագայում կոնֆլիկտային կողմերից ոչ մեկը չի շահելու: Տուժելու են նաև կոլեկտիվների անդամները և ընդհանուր գործը: Իհարկե համարժեք հարգալից վերաբերմունք պետք է ցուցաբերվի Ձեր հանդեպ, ինչն էլ վստահ եմ հիմք կհանդիսանա փոխադարձ երկխոսության:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31