Լրահոս
Օրվա լրահոսը

Կարսի անկման ազգային ողբերգությունը. armenian-community.ge

Հոկտեմբեր 31,2016 10:48

Ժողովուրդների ազգային հիշողության մեջ կան ոչ միայն ինքնաճանաչման և հպարտության, երկունքի և խոյանքի ոգեշնչող պահեր, այլ կան նաև փորձության ու հուսաբեկման, մեղկության և անկումի ողբերգական վայրկյաններ, որոնք կյանքի և ժամանակի թավալման հետ ավելի ու ավելի են շեշտում իրենց բախտորոշ նշանակությունը:

Հայ ժողովրդի ազգային հիշողության մեջ այդօրինակ դառնության մի էջ է բացվում հոկտեմբերի 31-ին…

96 տարի առաջ, հոկտեմբերի վերջին օրը, հազիվ երկուսուկես տարեկան Հայաստանի Հանրապետության արևելյան դարպասներից Կարսի բերդաքաղաքը, գրեթե առանց դիմադրության, անձնատուր եղավ թշնամուն` Կարսն ընկավ Թուրքիայի քեմալական զորքերի գրոհի տակ:

Կարսի մեջ ամրակայված հայոց ազգային բանակի զորայինները դասալքության դիմեցին։ Չենթարկվեցին թշնամու գրոհի դեմ անձնվիրաբար հայրենիքը պաշտպանելու իրենց հրամանատարի հրահանգին: Ի տես իր զինվորների դասալքության` երիտասարդ հրամանատարը՝ գնդապետ Մազմանյանն ինքնասպանությամբ վերջ տվեց խորտակված իր կյանքին…

Հայ քաղաքական միտքը այսօր էլ դիմագրավում է մարտահրավերին՝ վճռահատելու տասնամյակներ ի վեր շարունակվող Կարսի անկման պատճառների պարզաբանման ու բախտորոշման շուրջ բուռն և դաժան բանավեճին:

Ժամանակն է բարձրաձայն և աներկբա հաստատել, թե նախ՝ Կարսի անկման բուն պատճառը Լենին-Քեմալ դավադիր գործարքն էր:

Հայաստանի Հանրապետությունը խորտակելու ռուս-թուրքական մեծ դավադրության մեջք կոտրող հարվածը եղավ Կարսի դասալքությունը, որ արագացրեց Հայաստանի անկախության կործանումը:

Արտաքին ուժերի դավադիր հարվածի չափ ահավոր եղավ Կարսում 96 տարի առաջ արձանագրված հայոց զորքի դասալքությունը, որի համար պատասխանատու ենք ազգովի:

Ինչպես որ Կարսի անկումից տարիներ հետո Գարեգին Նժդեհը արդարացի ցասումով պիտի պատգամեր հայոց նորահաս սերունդներին՝ «Կարսի ամոթը Հայաստանի Հանրապետական կառավարությանը չէ միայն, այլ ողջ հայ ժողովրդինը: Չափվում են, բախվում են բանակները, բայց հաղթում կամ պարտվում են ազգերը, ցեղերը: Կարսի պատերի տակ պարտվողը հայ զինվորն ու զորավարը չէին միայն, այլ բովանդակ հայությունը, հայ ժողովրդի` իր ամբողջության մեջ անմարտունակ, անարի, անմշակ հոգին: Ահա՛ ճշմարտությունը, հա՛յ երիտասարդ…»

Այս առումներով՝ հոկտեմբերի 30-ի տարելիցը գալիս է վերստին ահազանգ հնչեցնելու հայոց սերունդներին, թե որևէ պարագայում չպետք է կրկնվի Կարսի անկման ողբերգությամբ պարզված ազգային դասալքության երևույթը, որպեսզի Հայաստանի և հայության դեմ նյութված մեծապետական կամ թշնամական որևէ դավադրություն կարողանանք ազգովի՛ն և ըստ արժանվույն դիմագրավել, կանխել և վիժեցնել:

Պատմական դառն ու դաժան իրողությունն այն է, որ հոկտեմբերի 31-ի օրը, 1920 թվականին, Հայաստանի Հանրապետության դեմ առանց պատերազմի հայտարարության ընդհանուր հարձակում ձեռնարկած քեմալական զորքը արդեն հասել էր Կարսի մատույցներին, իսկ բերդաքաղաքի պաշտպանության կոչված հայկական զորքի երիտասարդ հրամանատարը՝ գնդապետ Մազմանյանը, հակագրոհի հրահանգ էր տվել իր զինվորներին, որոնք սակայն մերժեցին ենթարկվել իրենց հրամանատարին ու… դասալքության դիմեցին:

Պարզված ամոթալի դասալքության դեմ հանդիման, Գնդ. Մազմանյանը սեփական ատրճանակով ինքնասպան եղավ իր զինվորների աչքի առջև…

Գնդ. Մազմանյանի ինքնասպանությունը միայն ողբերգության սկիզբն էր, որ ահագնացավ հեղձուցիչ արագությամբ:

Թուրքական զորքի ընդհանուր հրամանատար Քյազիմ Քարաբեքիրի հուշերի համաձայն՝ քեմալական զինվորները և նրանց միացած թուրք, քուրդ, մահմեդական և հայ բոլշևիկ(!) ապստամբները երեք ժամվա մեջ գրավեցին ամբողջ քաղաքը, հայկական բանակի բազմահարյուր սպաներ ու զինվորներ ռազմագերի վերցրին, հսկայական քանակությամբ ռազմամթերքի (թնդանոթ, ռումբ, զենք ու փամփուշտ) տիրացան և տասնյակ հազարներով անզեն բնակչություն «թուրքավարի» կոտորեցին:

Թեև հայկական բանակը այլուր, նույն օրերին մղվող Սուրմալուի ճակատի կռիվներին, հերոսական դիմադրություն ցույց տվեց և ետ մղեց քեմալական գրոհները, բայց Կարսի անկումով գրեթե ավարտված էր Լենին-Քեմալ զինակցությամբ մշակված Հայաստանի անկախությունը և Հանրապետական վարչակարգը կործանելու դավադիր ծրագրի իրագործման ռազմական փուլը:

Կարսի անկումից հետո, մեկ ամսվա ընթացքում, քեմալական զորքը մոտեցավ Ալեքսանդրապոլին, իսկ Կարմիր բանակը հյուսիսից մտավ Հայաստան և հասավ մինչև Իջևան: Հայաստանի հարավ-արևելյան դարպասները, հատկապես Զանգեզուրը եղավ միակ ամրոցը, ուր հայկական զորքերը, Նժդեհի հրամանատարությամբ, ետ մղեցին թշնամու զորքերը:

Ազատ ու Անկախ Հայաստանի Հանրապետությունը կործանվեց Լենին-Քեմալ դավադրության հարվածների տակ։ Մի կողմից հայ բոլշևիկների հակապետական քարոզչական խռովությունները, իսկ մյուս կողմից թուրք և մահմեդական բնակչության զինյալ ապստամբությունները բարոյահոգեբանական ծանր հարվածի տակ դրեցին այլապես մարտունակ և լավապես զինված հայկական բանակին:

Թուրքական բանակի դեմ 1918թ.ին կենաց-մահու կռիվ մղած և հաղթանակած հայ ժողովուրդն ու ազգային զորքը որևէ պատճառ չունեին դասալքության մատնվելու միևնույն թուրքական գրոհներին դեմ հանդիման:

Բայց 1920թ.ի աշնանը կատարվեց ռազմաքաղաքական հիմնական մի փոփոխություն տարածաշրջանում: Ռուսաստանը վերադարձավ Անդրկովկաս՝ Կարմիր համազգեստով ու Հայաստանի Հանրապետությանը վերջ տալու, խորհրդային իր լուծը պարտադրելու քաղաքական նպատակով:

Ավելի՛ն. Կարմիր Ռուսաստանը ձեռնամուխ էր եղել Քեմալական Թուրքիայի հետ ռազմավարական մի նոր զինակցության, որի ամրապնդման իր խնդիրը հայկական հողերի հաշվին պատրաստ էր թուրքերին «կաշառք» տալու:

Իսկ հայ ժողովուրդն ու նրա ռազմական ներուժը մարմնավորող հայկական բանակը պատրաստ չէին զենք բարձրացնելու ռուսական Մուրճի դեմ, հակառակ որ այդ մուրճը թուրքական սալի վրա մահացու հարվածի տակ էր առել Հայաստանի ու հայության Ազատ ու Անկախ ապրելու սրբազան իրավունքը:

Այս աստիճան ամոթալի մի ողբերգություն եղավ Կարսի անկումը հայոց նորագույն պատմության մեջ:

armenian-community.ge

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31