Այսօր Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղի եկեղեցու վերաբացման ու օծման արարողությանը մասնակցելիս մեզ մոտեցավ տարեց մի տղամարդ՝ խնդրելով հետաքրքրվել իրենց գյուղի դպրոցի ճակատագրով։ Պապիկը նեղվեց, որ գյուղի դպրոցի համար նոր շենք են կառուցել 1999 թվականին, սակայն այնպիսի մի կառույց են հրամցրել, որ ջուրը դասասենյակներով, միջանցքներով հոսում է, սունկ է աճում ամենուր, իրենց երեխաներն էլ խոնավությունից կորցնում են առողջությունը։ Ըստ մեր զրուցակցի, գյուղի երեխաները համատարած հիվանդ են։
«Դպրոցի շենքը փոսի մեջ է, անհարմար, բոլոր երեխաները սնկային հիվանդություն են ձեռք բերել, կասեք ինչո՞վ են առավել մայրաքաղաքի աշակերտները գյուղի երեխաներից։ Եկեք մտնենք ստուգենք, գյուղի էրեխեն է ծառայո՞ւմ, թե՞ քաղաքի, պարզ է, որ ջոջի էրեխեքը չեն ծառայում, հույսը գյուղի էրեխեքն են, որ զոհվում են․․ Բա հիմա ինչի՞ եք թույլ տալիս, որ ապագա զինվորները հիվանդանան, ջրահեռացման մի համակարգն ի՞նչ է, որ դպրոցին կամ չեք տեսնում»,- զայրացավ պապիկը։
Նա նաև հիշեց Սերժ Սարգսյանի հետ 2008 թվականի քարոզարշավի ժամանակ Սարալանջում ունեցած իր զրույցը։«Ես ասի քո պաշտոնը հաշվի չեմ առնում, որպես մարդ, հավասար մարդիկ ենք, ինչպե՞ս է, որ դու աղի պես ես ապրում, ես գոյություն չեմ կարող պահպանել, Սերժ Սարգսյանն ասաց՝ լավ կլինի, թող նախագահ ընտրվեմ, լավ կլինի․․․»,- ասաց պապիկը։
Կարդացեք նաև
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ