Այսօր Արթիկի տարածաշրջանի Սարալանջ գյուղում վերաբացվեց ու օծվեց եկեղեցին, որը 5-րդ դարի կառույց է։ Գյուղի բնակիչները, օրհնելով բարերարին՝ ծնունդով սարալանջցի, սակայն Արթիկում գործարարությամբ զբաղվող Սանասար Ղազարյանին, սա պատմական իրադարձություն որակեցին, քանի որ նրանց ասելով, իրենց գյուղում տրամադրություն բարձրացնող նորությունները քիչ են։ Գյուղի տարեց տղամարդկանց բնութագրմամբ, իրենց գյուղը Հայաստանի «ամենախեղճ, ամենաքյասիբ» տեղանքն է։
Դպրոցի ուսուցիչներից մեկն էլ ասաց, որ Սարալանջը զուրկ է Աստծո բարեհաճությունից, քանի որ դպրոցը ջրի մեջ է, գյուղի խնդիրներն էլ չափից ավելի շատ են։ Գյուղի ամենամեծ խնդիրը գազաֆիկացված չլինելն է։ Գյուղացիները բողոքեցին, որ այս տեղանքում մնացել են երկու գյուղ՝ մեկը Սարալանջն է, մյուսը՝ հարևան Փարոսը, այժմ կոչվում է Նահապետավան, որոնք գազաֆիկացված չեն։ Գյուղացիները պատմեցին, որ 2008 թվականին, երբ Սերժ Սարգսյանը հավակնում էր նախագահի պաշտոնին, այցելել է իրենց գյուղ ու խոստացել ընտրվելու դեպքում 3 ամիս անց գազաֆիկացնել այն։
«Սարալանջում աշխատելն անօգուտ, անեկամուտ է, գյուղովի վարկերի տակ ենք։ Շատերը գնում են խոպան, որ վարկերը ուղարկեն, բայց գործերն էնքան վատ են, չեն էլ կարողանում տոմս գնեն, վերադառնան, հիմա էլ գյուղովի ընկած մի ուրիշ բանկից ենք փող հանում, որ մյուս բանկից վերցրած վարկերը տանք։ Մի տեսակ խուճապի մեջ ենք։ Աշխատանք բացարձակապես չկա, կարտոֆիլ, գազար ենք մշակում, բայց լիքը խնդիրներ կան, չենք կարողանում ժամանակին ջրել, իրացման խնդիր ունենք։ Մի խոսքով, գյուղում ապրելն այլևս ձեռնտու չէ, գյուղի տղամարդկանց 50-60 տոկոսը արտագնա աշխատանքի է, իսկ 30 տոկոսը փակել է իր դռները ընդմիշտ ու ընտանիքով հեռացել։
Կարդացեք նաև
Մեր գյուղը պաշտոնապես 250-260 բնակիչ ունի։ Ախր ինչպես ապրեն այստեղ, գազ չկա, ձմեռը երկարաշունչ, փայտով տաքացնելը շատ թանկ է նստում, անասուն պահելն անգամ ձեռնտու չէ։ Գյուղի 50 տոկոսը հրաժարվեց անասնապահությունից, մի «Ջերմուկը» խանութում 300 դրամ է, իսկ մի լիտր կաթը 100 դրամ են մեզանից գնում, տանում, էլ ի՞նչ օգուտ․․․Գյուղի մի քանի երիտասարդ կարող է Արթիկի խանութներում աշխատեն, բայց մնացածի համար աշխատանք գտնելը գերխնդիր է»,- բողոքեցին գյուղի երկու տարեց տղամարդիկ։
Գյուղացիները նոր կառավարության հետ ոչ մի հույս չեն կապում։ «Սերժ Սարգսյանն ի՞նչ արեց, որ վարչապետ Կարեն Կարապետյանն ինչ անի։ Սերժ Սարգսյանը 2008 թվականին եկավ մեր գյուղ ձայն տանելու համար, խոսք տվեց, որ երեք ամիս հետո գազը կլինի, մինչև հիմա գազ չկա», -նեղվեց մեր զրուցակիցներից մեկը։
Ի դեպ, այս գյուղի գյուղապետարանը գործում է տնակներում, գյուղապետ Ցոլակ Հովհաննիսյանն ասաց, որ գյուղապետարանի շենքը այրվել է, պատճառը դա է։
Իսկ 2001 թվականին շահագործման հանձնված գյուղի դպրոցի շենքը պատուհաս է դարձել երեխաների գլխին, այն կառուցել են փոսի մեջ՝ փնթի շինաշխատանքներ կատարելով․ ջրերը լցվում են դպրոցի շենք, ներս մտնողը խոնավության հոտից խեղդամահ է լինում, ու ինչպես բողոքում են գյուղացիները՝ իրենց երեխաները համատարած տառապում են սնկային հիվանդությամբ։
Այս թեմային կանդրադառնանք առաջիկայում։
Նունե ԱՐԵՎՇԱՏՅԱՆ