Լրահոս
Գոռոզություն
Օրվա լրահոսը

«Համամիտ եմ, որ Հայաստանի ազգային հավաքականը պետք է հայ մարզիչ գլխավորի». Խաչիկ Չախոյան

Հոկտեմբեր 30,2016 13:11

Երեկ Վանաձորի ֆուտբոլի ակադեմիայի բացմանը ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը ԶԼՄ-ների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է հայկական ֆուտբոլին առնչվող տարբեր խնդիրների, մասնավորապես, ազգային հավաքականի նորանշանակ գլխավոր մարզիչ Արթուր Պետրոսյանի լիազորություններին, Յուրա Մովսիսյանին եւ Ռոբերտ Արզումանյանին հավաքական հրավիրել-չհրավիրելու իր դիրքորոշմանը եւ հավաքականի ղեկին արտասահմանցի մասնագետ չհրավիրելուն:

Հատկապես այս երեք թեմաներն են ֆուտբոլային հասարակության քննարկումների եւ տարատեսակ մեկնաբանությունների հիմնական առարկան: Մարզական մեկնաբան Խաչիկ Չախոյանը Aravot.am-ի հետ զրույցում իր տեսակետներն է արտահայտել այս հարցերի շուրջ:

-Ռուբեն Հայրապետյանը հստակ ասաց, որ Հայաստանի հավաքականն արտասահմանցի մարզիչ չի գլխավորելու, քանի որ նրանք միայն վնասում են: Բայց մենք ունեցել ենք Իան Պորտերֆիլդ, որի օրոք մեր ընտրանու խաղն իմաստ ձեռք բերեց ու հաջողություններ արձանագրվեցին:

-Պորտերֆիլդը բացառություն էր, նվիրված մարդ ու մասնագետ, որը կարողացավ կայծ առաջացնել, թիմ կառուցել: Բայց բացառություններով մեր թիմը չի կարող հեռու գնալ: Փաստացի, հիմա Պորտերֆիլդը չկա: Ես արդեն մեկ անգամ նշել եմ, որ, օրինակ, Ղազախստանում գլխավոր մարզչի համար վերջին հինգ տարիներին  ծախսել են $ 16 միլիոն: Եվ ի՞նչ: Երբ մենք Ռումինիային պարտվեցինք 0:5, այդ օրը ղազախները նույն հաշվով պարտվեցին Մոնտենեգրոյին: Արտասահմանցի մարզիչներ հրավիրելը շատ դեպքերում արդարացված չէ: Այս հարցում ես պարոն Հայրապետյանի հետ համամիտ եմ: Մենք ունենք մեր մոտեցումները, հոգեկերտվածքը: Մեզ հայ մարզիչ է պետք: Վարդան Մինասյանի օրինակը դրա ապացույցն է: Հայ մարզիչն է կարողացել հավաքականը հասցնել հաջողության: Նույնը ապացուցվում է նաեւ «Արարատ-73»-ի օրինակով: Ճիշտ է, Նիկիտա Սիմոնյանը եկավ համարյա պատրաստ թիմ, բայց իր շտրիխը դրեց ու նրա ղեկավարությամբ «Արարատը» հաղթեց:

-Ֆեդերացիայի նախագահը հայտարարեց նաեւ, որ ոչ-ոք չի ուզում հավաքականի գլխավոր մարզիչ աշխատել:

-Ես չգիտեմ՝ ուզում են թե չեն ուզում, բայց ֆեդերացիայի նախագահը փաստերի հիման վրա է այդպիսի հայտարարություն անում: Հավաքական ղեկավարելը հեշտ գործ չէ. հասարակության կողմից մեծ ճնշում, մեծ պատասխանատվություն: Առավել եւս, որ մեր հավաքականից միշտ հաղթանակներ են սպասում բոլոր թիմերի նկատմամբ: Եթե գլխավոր մարզիչ աշխատելուց հրաժարվում են, իմ կարծիքով,ուզում են հասկանալ՝ կարո՞ղ են այդպիսի պատասխանատվություն ստանձնել: Ու դա նորմալ է: Արթուր Պետրոսյանը համաձայնել է ու նրան տրվել են լայն լիազորություններ:

-Բայց ֆեդերացիայի նախագահը արգելում է կոնկրետ Յուրա Մովսիսյանին եւ Ռոբերտ Արզումանյանին հրավիրել հավաքական:

-Ես շատ լավ գիտեմ, թե Ռուբեն Հայրապետյանը ինչ է արել ազգային հավաքականի եւ հավաքականում հանդես եկած յուրաքանչյուր ֆուտբոլիստի համար: Եթե կարգապահական խախտում կա, դա թիմի ներքին խոհանոցն է, որին շատ դեպքերում մենք կարող ենք ընդհանրապես ծանոթ չլինել: Ես չեմ կարծում, որ ֆեդերացիայի նախագահն անհիմն կարող է նման քայլի գնալ: Ուրեմն, պատճառ, առիթ կա, որ այս կամ այն ֆուտբոլիստը չի հրավիրվում: Ֆեդերացիայի նախագահի իրավունքները ոչ մի տեղ ամրագրված չեն: Ընդհանրապես, ֆեդերացիայի նախագահը նախեւառաջ հետեւում է իր երկրում ֆուտբոլի զարգացմանը, ազգային հավաքականին, երկրի առաջնության կազմակերպմանը: Բայց ֆեդերացիայի յուրաքանչյուր նախագահ, բնականաբար, կարող է իր կարծիքը հայտնել հավաքականի այս կամ այն խաղացողի հետ կապված: Մենք, օրինակ, չգիտենք, թե Իսպանիայում, Իտալիայում կամ մի ուրիշ երկրում մարզիչը, երբ ֆուտբոլիստ է հրավիրում հավաքական, ֆեդերացիայի նախագահի կարծիքն այդտեղ չկա՞: Մենք հիմա կենտրոնացել ենք մեր ֆեդերացիայի վրա: Ես, օրինակ, կարծում եմ, որ հավաքականի գլխավոր մարզիչը ֆուտբոլիստ հրավիրելիս պետք է խորհրդակցի նախեւառաջ մարզչական շտաբի հետ, հասկանա, թե ֆեդերացիայի նախագահն ինչ կարծիք ունի տվյալ կազմի մասին: Եթե ֆեդերացիայի նախագահը թեկուզ առանց մանրամասնելու հայտարարում է կարգապահության խախտումների, թիմն ապակայունացնելու մասին, պետք է ընդունենք, որ իրոք լուրջ երեւույթներ տեղի ունեցել են:

-Իսկ երբ պայմաններ են դրվում գլխավոր մարզչի առջեւ այս կամ այն ֆուտբոլիստի համար, դա իրավունքների խախտում չէ՞:

-Եթե մարզիչները չեն բողոքում, ուրեմն իրավունքի խախտում չէ:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31