Քաղաքական գործիչներից ոմանք թեժ աշուն էին կանխատեսում, բայց, փաստորեն, թեժ աշուն տեղի չունեցավ եւ դժվար էլ տեղի ունենա, քանի որ աշունն արդեն վերջանալու վրա է:
Այդուհանդերձ, նույնիսկ մեծ ցանկության դեպքում չենք կարող ընթացիկ աշունը թեժությունից զուրկ համարել: Նկատի ունենք վարչապետի շռնդալից նորամուտը՝ համեմված Լիսկայի ու այլոց պաշտոնաթողություններով, նկատի ունենք նաեւ ՏԻՄ ընտրությունները՝ հատկապես Գյումրիի ու Վանաձորի մասերով, եւ եթե այս ամենին գումարենք նաեւ Վիկտոր Դալլաքյանի եւ այլոց հրաժարականները, առաջին նախագահի դեֆոլտը եւ այլ անսպասելի ու սպասելի իրադարձություններ, կարող ենք արձանագրել, որ ընթացիկ աշունն ամենեւին էլ թեժությունից զուրկ չէր:
Չնայած ընթացիկ աշնան թեժությունը որոշ չափով ու որոշակիորեն կապում ենք Կարեն Կարապետյանի գալստյան հետ, այդուհանդերձ, եթե Կարեն Կարապետյանը չգար, ամենայն հավանականությամբ՝ իսկապես ու իսկական թեժ աշուն կլիներ, ու երեւի հենց էդ իսկական ու իրական թեժությունը կանխելու նպատակով էլ Մոսկվայից Երեւան գործուղվեց Կարեն Կարապետյանը, որովհետեւ կարծիք կար, որ ենթադրյալ թեժ աշունն ամեն ինչից բացի՝ կարող էր նաեւ միանգամայն գունավոր լինել: Կարծիք կա նաեւ, որ Կարեն Կարապետյանի նշանակումը նաեւ Սերժ Սարգսյանի սրտով է եղել, որովհետեւ թեժ աշնան գունավոր տարբերակն ինչքան Մոսկվայի, նույնքան էլ Սերժ Սարգսյանի համար կարող էր անցանկալի լինել: Գունավոր ասելով՝ նկատի ունենք Հայաստանում արդեն հնարավոր հակառուսական շարժումը, որը կարող էր «Սասնա ծռերի» բնական ու տրամաբանական շարունակությունը լինել: Կարծիք կա նաեւ, որ Մոսկվան Կարեն Կարապետյանին Երեւան է գործուղել որպես Սերժ Սարգսյանին հավանական ու հնարավոր փոխարինող:
Սրանք բոլորը ենթադրություններ են՝ տրամաբանական ու անտրամաբանական, բայց այս ամենի մեջ ամենաանտրամաբանականն այն է, որ մեր քաղաքական գործիչներից ամենաարեւմտամետները, ենթադրելով հանդերձ, որ Կարեն Կարապետյանին Մոսկվան ու անձամբ Պուտինն են Երեւան գործուղել, համակրանքով են արտահայտվում Հայաստանի նորանշանակ վարչապետի մասին: Այս հանգամանքը եւս մեկ անգամ վկայում է, որ մեր քաղաքական գործիչներից շատերը ղեկավարվում են ոչ էնքան իրենց քաղաքական գաղափարներով ու աշխարհաքաղաքական մոտեցումներով, ինչքան անձնական շահերով, անձնական համակրանքներով ու հակակրանքներով: Ասվածը վերաբերում է նաեւ շարքային քաղաքացիներին, որոնք նույնպես անձնական համակրանքներով ու հակակրանքներով են առաջնորդվում, գումարած՝ լիսկաների ու անձամբ Լիսկայի հանդեպ հակակրանքն ու ատելությունը, եւ եթե մի գեղեցիկ օր Կարեն Կարապետյանն իսկապես էժանացնի մեր գազը, դժվար թե Հայաստանի քաղաքացիների կողմից այնպիսի հիացմունքի արժանանա, ինչպիսին արժանացավ Լիսկային պաշտոնանկ անելու պարագայում: Գումարած Գագիկ Բեգլարյանի ու մանավանդ Գագիկ Խաչատրյանի պաշտոնանկությունները: Ոմանց համար նաեւ՝ Հասմիկ Պողոսյանինն ու էլի ուրիշներինը:
Փաստորեն, Կարեն Կարապետյանին հաջողվում է անել այն, ինչը չհաջողվեց անել նախորդ գրեթե բոլոր վարչապետներին: Նա, փաստորեն, հաջողացրեց կառավարությունը մաքրել գրեթե բոլոր տհաճ ու անցանկալի անուններից: Ոմանց կարծիքով՝ նորանշանակ վարչապետին հաջողվեց այդ անել, որովհետեւ ինքը գործուղված լինելով Մոսկվայից ու անձամբ Պուտինից՝ վերջինից նաեւ բավական լուրջ իրավունքներ է ստացել: Գումարած՝ անձամբ Սերժ Սարգսյանից ստացած իրավունքները: Բայց իրավունքներն այլ բան են, իրավունքներից լիարժեք ու խելացի օգտվելը՝ միանգամայն այլ:
Կարդացեք նաև
Կարեն Կարապետյանից առաջ էլ ունեցել ենք վարչապետներ, ովքեր մեծ իրավունքներով են օժտված եղել, սակայն չեն կարողացել իրենց այդ իրավունքներն ի շահ գործի եւ նույնիսկ ի շահ իրենց անձի օգտագործել:
Կարեն Կարապետյանին հաջողվում է այդ անել: Առայժմ հաջողվում է, ընդ որում՝ միանգամայն հետաքրքիր, բովանդակալից ու էֆեկտիվ: Նա վերջին տարիներին Հայաստանից հեռու բնակվելով՝ զարմանալիորեն ճիշտ է զգում հասարակության զարկերակը: Ըստ ամենայնի, Երեւանի քաղաքապետի պաշտոնի ընձեռած փորձն էլ իզուր չի անցել:
Կարեն Կարապետյան վարչապետի նորամուտը ցույց է տալիս, որ պոպուլիստական մտածողությունն ու մոտեցումները ոչ միայն ընդդիմության ներկայացուցիչների համար կարող են նպաստավոր ու օգտակար լինել, այլեւ իշխանավորների ու իշխանության ներկայացուցիչների համար:
Սպասենք նոր զարգացումների ու անակնկալների:
ՈՍԿԱՆ ԵՐԵՎԱՆՑԻ
«Առավոտ»
29.10.2016