Լրահոս
Օրվա լրահոսը

«Եթե ես պարտվեմ կնոջը, դա կլինի խայտառակություն». ընտրություններում կանայք մրցավազքից դուրս են

Հոկտեմբեր 29,2016 19:25

Տասնմեկ տարի առաջ, երբ Երևանի Կենտրոնի թաղապետի ընտրությունների մրցապայքարում դեմ առ դեմ դուրս եկան Գագիկ Բեգլարյանն ու այն ժամանակ ընդդիմադիր դաշտի հայտնի դեմքերից` Հայաստանի Ժողովրդական կուսակցության անդամ Ռուզաննա Խաչատրյանը, Բեգլարյանի համար հաղթանակը դարձավ, ինչպես ինքն էր բնորոշել «թասիբի հարց».

«Եթե ես պարտվեմ կնոջը, դա կլինի խայտառակություն»,-Բեգլարյանի այս խոսքերը մինչ օրս բնորոշում են կանանց դեմ մրցապայքարի հիմնական շարժիչ ուժը:

«Կնոջը պարտվելը ամոթ է», «կանանց շրջանում չկա սոլիդարություն, կանայք չեն հավատում իրենց ուժերին ու չեն հավատում նաև կին թեկնածուների ուժերին», ահա այն հիմնական խոչընդոտները, որոնք փորձագետները նկատում են ընտրություններում առաջադրվող կին թեկնածուների համար: Խոչընդոտներ, որոնց հիմնական պատճառը, թերևս, հայաստանյան հասարակության մեջ արմատացած գենդերային կարծրատիպերն են։

Վերոնշյալի ապացույցը Հայաստանում այս տարի անցկացված Տեղական Ինքնակառավարման Մարմինների (ՏԻՄ) ընտրություններն էին, որոնցում առաջադրված և ընտրված տղամարդ թեկնածուները կանանցից մի քանի անգամ ավելի էին, չնայած, որ մեր երկրի բնակչության հիսուն տոկոսից ավելին կանայք են։

Լենա Նազարյան

Լենա Նազարյան

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության փոխնախագահ Լենա Նազարյանը ներկայացնելով փաստերը՝ նշում է, որ ՏԻՄ ընտրություններում հիմնականում առաջադրվում են միջին տարիքի տղամարդիկ, ինչը թե տարիքային և թե գենդերային խտրականություն է, իսկ հանրության այն կարծրատիպը, թե տղամարդիկ շատ ավելի լավ են հարցերը լուծում, օգնում է տղամարդկանց հասնել ղեկավարման։ Այս ամենին նպաստում է, իհարկե, նաև կանացի նախանձը։

«Ինձ համար վառ օրինակ է այս ՏԻՄ ընտրություններում համայնքի ղեկավարի թեկնածու Արուսյակ Այվազյանի դեպքը, նա լավ ցույց տվեց իր քաղաքացիական դիրքորոշումը, թեկնածություն առաջադրեց ու ստացավ ընդամենը 188 ձայն, այդ համայնքում կին ընտրողների թիվը շատ ավելի մեծ էր, քան նրան ձայն տվողների թիվը»,- ասում է Լենա Նազարյանը:

Զառա Հովհաննիսյան

Զառա Հովհաննիսյան

Իրավապաշտպան Զառա Հովհաննիսյանը նշում է, որ մեր երկրում ղեկավար պաշտոնը ամենևին չի ասոցացվում կնոջ հետ։ Մինչդեռ, ըստ Հովհաննիսյանի, եթե հետևենք տղամարդ թեկնածուների քարոզարշավին, գիտելիքներին ու բառապաշարին, ամենևին չենք կարող ասել, որ կանայք գրագիտության ու այլ առումներով զիջում են նրանց։ Ըստ Հովհաննիսյանի՝ քաղաքականությունում կանանց պասիվության պատճառներից է նաև ֆինանսական միջոցների բացակայությունը։

«Քաղաքականությունն ու տնտեսությունը զուգահեռ են ընթանում: Հաղթում ու հիմնավորվում են նրանք, որոնք ունեն տնտեսական լուրջ բազա: Մինչդեռ Հայաստանում կանանց մեկ տոկոսն է բիզնեսում ներգրավված, դա է պատճառը, որ կանանց ներգրավվածությունը քաղաքականությունում էլ է քիչ»,- կարծում է իրավապաշտպանը:

Իրինա Յոլյան

Իրինա Յոլյան

Սյունիքի մարզում հայտնի լրագրող Իրինա Յոլյանը, որն իր հոդվածներում մշտապես անդրադարձել է ՏԻՄ ոլորտին, բարձրաձայնել է առկա խնդիրները, արդեն որոշում կայացնող մակարդակում իր կարծիքն արտահայտելու համար այս ընտրություններում առաջադրեց իր թեկնածությունը։

Իրինան համարձակվեց ճեղքել տղամարդկանց «միապետությունը» և Գորիսում որպես ավագանու անդամ առաջադրված 25 տղամարդ թեկնածուների կողքին առաջադրեց իր թեկնածությունը։

«Դժվարությունները շատ են, ես գիտեի, թե ուր եմ գնում ու ինչ խնդիրների եմ բախվելու, ինձ համար հեշտ չէր, քանի որ իմ աշխատանքային գործունեության շրջանում անդրադառնալով աղմկահարույց պատմությունների, տեղական և մարզային իշխանությունների համար ոչ ցանկալի թեմաների, այնպես չէր, որ ես միանշանակ ընդունելի էի իմ կերպարով, բացի այդ պետք էր ունենալ այդ «դաբրոն», սակայն այդ ամենը գիտակցելով ես որոշեցի փորձել՝ հաշվի առնելով, որ վերջին տարիներին հասարակության մեջ շատ բան է փոխվել։ Բոլորը տղամարդիկ էին, տղամարդիկ, որոնք հեղինակություններ էին, երիտասարդ տղաներ, որոնք ունեին մեծ ռեսուրսների տեր ծնողներ և ամբողջությամբ օգտագործեցին նրանց ռեսուրսները»,֊ասում է Իրինա Յոլյանը։

Նա պատմում է, որ իր քարոզարշավի շրջանակներում հանրությանն ընդամենը ներկայացրել է իր ծրագրերը, անելիքները՝ այնպես, ինչպես օրենքն է պահանջում։

«Մինչդեռ այն, ինչն օգտագործում են տղամարդիկ՝ ընկերական շրջապատ, թաղային հեղինակություններ, վարչական ռեսուրս, խոստումներ և այլն, կանայք այդ լծակները չեն ընտրում որպես ընտրապայքարի միջոց, հետևաբար ընտրապայքարն ընթանում է անհավասար միջավայրում ու ստիպում է դուրս մղվել»,- ասում է Յոլյանը։

Համայնքների խոշորացումը՝ նոր դամոկլյան սուր կանանց գլխին

Համայնքների խոշորացման նոր գործընթացն այս տարվա ՏԻՄ ընտրությունների մարտահրավերն էր կանանց համար, ի թիվս այլ խնդիրների, խոշորացված համայնքներում կանայք դառնում են կրկնակի անմրցունակ:

«Գորիսում՝ քաղաքային մակարդակում, ես ընտրվել էի ու բավականին առաջնային՝ յոթերորդ տեղով։ Սակայն քանի որ խոշորացվում են համայնքները, դրա արդյունքում որոշ համայնքներում մի քանի անգամ ավելացավ մասնակցությունը և այդ արհեստական բարձրացման հետևանքով ես դուրս մնացի։ Դիտորդների հետաքրքրվածությունն այդքան էլ մեծ չէր մեր համայնքում և որոշ համայնքներում հնարավոր եղավ աշխատացնել որոշ անօրինական գործիքներ, ինչի հաշվին էլ նրանց, որոնց ի սկզբանե որոշվել էր անցկացնել՝ անցան,- ասում է Յոլյանը,- եթե դու քո համայնքում կարող ես ներկայանալ, քեզ բոլորը գիտեն, ապա խոշորացման հետևանքով ռեսուրսները քչանում են»։

WomenNet.am-ը վերլուծելով ավագանիներում կանանց տոկոսային ներկայացվածությունը մինչև խոշորացումն ու դրանից հետո, պարզել է, որ հոկտեմբերի 2-ի ընտրությունների արդյունքներով, խոշորացված բոլոր համայնքներում, բացի մեկից արձանագրվել է հետընթաց կանանց ներկայացվածության առումով: Ընդհանուր առմամբ, կանանց ներկայացվածությունը 6 խոշորացված համայնքներում պակասել է երեք անգամ՝ մինչ խոշորացումը եղել է 15%, իսկ խոշորացումից հետո 5% է:

Կայքը տեղեկացնում է, որ նույն պատկերն է ավելի վաղ՝ սեպտեմբերի 18-ին խոշորացված համայնքներում անցկացված ընտրությունների արդյունքներով: Ութ խոշորացված համայնքներում՝ Գորիսում, Մեղրիում, Գորայքում, Տեղում, Այրումում, Նոյեմբերյանում, Կողբում և Ուրցաձորում անցկացված ընտրությունների արդյունքում կանանց ներկայացվածությունը միավորված համայնքների ավագանիներում կիսով չափ պակասել է ՝ 10%-ից հասնելով 5.5 %- ի:

Իրավիճակը թվերով

Այս տարի, սեպտեմբերի 18-ին Արագածոտնի, Արարատի, Արմավիրի, Սյունիքի և Տավուշի մարզերի 317 համայնքներում կայացած ՏԻՄ ընտրություններում ավագանու անդամի համար պայքարում էր 2 692 թեկնածու, որից 339 կանայք էին (12.6%): Կենտրոնական ընտրական հանձնաժողովի ամփոփ տվյալներով ընտրված ավագանու 2022 անդամներից 239-ն են կանայք, ինչը 11.8 % է կազմում, (նախկինում կանանց ներկայացվածությունը կազմել է 9.4 %):

Նույն օրը նշված հինգ մարզում կայացած համայնքի ղեկավարի ընտրություններում 408 թեկնածուներից ընտրվել են 237-ը: Նրանցից միայն երկուսն են կին, այն էլ արդեն գործող համայնքապետները, մինչդեռ համայնքի ղեկավարի պաշտոնի համար պայքարում էր տասը կին:

Օրեր անց, արդեն հոկտեմբերի 2-ին Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի, Սյունիքի և Վայոց ձորի 373 համայնքներում տեղի ունեցած ավագանու ընտրություններին մասնակցել են 2676 տղամարդ թեկնածու և 336 կին (11.2%): Ըստ ԿԸՀ-ի՝ ավագանու անդամ են ընտրվել 1991 տղամարդ և 251 կին, ինչը կազմում է 11.2% (նախկինում կանանց ներկայացվածությունը կազմել է նույնքան):

Հոկտեմբերի 2-ին տեղի ունեցած համայնքի ղեկավարի ընտրություններում 290 ընտրված համայնքապետներից 7-ն են կանայք, նրանցից 6-ը վերընտրված համայնքի ղեկավարներ են: Որպես համայնքի ղեկավար առաջադրված էր 507 տղամարդ, 16 կին:

Կանայք չեն նահանջում

Կովկասի ինստիտուտի գիտաշխատող Հրանտ Միքայելյանն ասում է, որ Հայաստանում ամենաշատ կին համայնքի ղեկավար ընտրվել է 2010-ին՝ 24 հոգի, իսկ դրանից հետո թվերը նվազել են։

Թեև շատ է խոսվում, որ կանանց թվաքանակի առումով այս ընտրություններն աննախադեպ էին, սակայն «ՕքսԵՋեն» Երիտասարդության և կանանց իրավունքների պաշտպանության հիմնադրամի ներկայացուցիչ Անուշ Խաչատրյանն այնքան էլ համաձայն չէ։

«Կանանց մասնակցության թվաքանակի ավելացումը գրանցվել է համամասնական ընտրությամբ դիմածների շրջանակում, իսկ Վանաձորում և Գյումրիում, որտեղ ըստ նոր Սահմանադրական կարգի է անցկացվել ընտրությունները, կանանց ներգրավվածության ավելացումը կապված է եղել քվոտավորումից»,- մեկնաբանում է Խաչատրյանը՝ հավելելով, որ քվոտավորման ընդունման կապակցությամբ թեև շատ դեբատներ եղան, այնուամենայնիվ, ըստ փորձագետի, փորձը ցույց տվեց, որ քվոտավորումը կանանց մասնակցության ավելացման առումով դրական տեղաշարժ տվեց։

ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, «Կանայք և տեղական ժողովրդավարությունը» ծրագրի ղեկավար Նատալյա Հարությունյանն ասում է, որ կան և՛ քաղաքական, և՛ անձնական պատճառներ, որոնց հետևանքով կանայք խուսափում են առաջադրվելուց։

«Հատկապես կայացած կանայք վախենում են չընտրվելուց, վախենում են, որ իրենց վարկը կընկնի, մինչդեռ ՏԻՄ ընտրությունները շատ լավ ելակետ են կանանց համար»,- ասում է Հարությունյանը` շեշտելով, որ արդյունքի հասնելու համար համալիր աշխատանք է պետք տանել։

«Պետք է աշխատել ոչ միայն կանանց, այլ նաև տղամարդկանց հետ, որովհետև նրանք են աջակցողը, շատ հաճախ կանայք իրենց մենակ են զգում և հենց դա է ետ պահում առաջադրվելուց։ Ընտրողի հետ էլ է պետք աշխատել, որպեսզի իրենք չխուսափեն կանանց ընտրելուց»,- կարծում է Հարությունյանը:

Գորիսի ավագանու արդեն նախկին միակ կին թեկնածու Իրինա Յոլյանը, թեև փոքր-ինչ հիասթափվել է անհավասար ընտրապայքարից, սակայն վստահ է ՝ կանայք կարևոր դեր ունեն ղեկավար մարմիններում և հարկավոր է կանանց քաղաքական մասնակցությունը խրախուսելու նոր միջոցներ ձեռնարկել։

«Սովորաբար որևէ կին պատահաբար չի մտնում քաղաքականություն։ Որքան ուսումնասիրել եմ, բոլոր այդ կանայք իրենց ոլորտի լավագույն մասնագետներն են, սակայն առաջադրվող կանանց մեծ մասը, նույնիսկ իննսուն տոկոսից ավելին չի ընտրվել։ Կանանց համար պետք է մեխանիզմներ ստեղծվեն, թեև օրենքով ամրագրված կետեր կան, բոլոր իրավունքներն ու հնարավորությունները տրված են, բայց նաև այս ընտրությունների ժամանակ համոզվեցինք, որ թեև կանանց ոչ ոք չի արգելում առաջադրվել, սակայն այն միջավայրը, որը ստեղծվում է ընտրությունների ընթացքում կանանց դուրս է մղում պայքարից, կանայք չեն կարողանում խաղի այդ կանոններին դիմակայել»։

Գոհար ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

«Կյանքը լուսանցքում. մարդկային պատմություններ» բաժնի հոդվածները պատրաստվում են Բաց հասարակության հիմնադրամներ – Հայաստան կազմակերպության օժանդակությամբ, դրամաշնորհ N19308:

Սույն բաժնում տեղ գտած տեսակետները և վերլուծությունները արտահայտում են հեղինակների կարծիքը և հաստատված չեն ԲՀՀ – Հայաստանի կամ նրա Խորհրդի կողմից:

Aravot.am կայքը անհատույց տրամադրել է հարթակ՝ N19308 դրամաշնորհային ծրագրի շրջանակներում պատրաստված հոդվածները տպագրելու համար:

Դրամաշնորհի և «Հանուն հավասար իրավունքների» նախաձեռնության ղեկավարն է` լրագրող Գայանե Աբրահամյանը:

Հոդվածների վերաբերյալ հարցերի դեպքում դիմել` +374 99 266 886 հեռախոսահամարով, email: [email protected],

Ֆեյսբուք: https://www.facebook.com/profile.php?id=100007800990200,

Թվիթեր: https://twitter.com/4equalrightsarm

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31