Aravot.am-ը հոկտեմբերի 29-ին «Դեբատ» մամուլի ակումբում «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ տնօրեն Գրիգոր Ամալյանին խնդրեց անդրադառնալ այն հանգամանքին, որ անալոգիային հեռարձակման անջատելուց հետո թուրքական ալիքներ են ի հայտ եկել:
«Բոլոր երկրների ճառագայթումները ներթափանցում են հարեւան պետություններ: Սա ընդամենը բնագիտական իրողություն է, որի դեմ որեւէ բան անել չես կարող: Մյուս կողմից՝ միջազգային կարգավորումներով կան համաձայնություններ՝ որոնք են այն թույլատրելի շեմերը, ազդանշանի ինչ մակարդակներ կարող են թափանցել հարեւան երկիր եւ ինչ խորության վրա է դա համարվում աղմուկ կամ խոչընդոտ կամ ներխուժում ուրիշի տարածք: 140կմ խորությամբ սահմանային գոտիներում երկրներն ունեն փոխադարձ ներթափանցման տեխնիկական որակից ներքեւ: Նույն կերպ մեր բոլոր ալիքները մշտապես թափանցել են մեր հարեւան երկրներ: Մեր տարածք են թափանցում ոչ միայն թուրքական, պարսկական ալիքները, այլ նաեւ վրացական, նույն խորությունների վրա մեր ալիքները: Դա առանձնահատկություն է, չի կարելի ունենալ լուսարձակ, որը միացնես եւ քո սահմանից այն կողմ իր լույսը չտարածվի»,-ասաց նա:
Գրիգոր Ամալյանը երեւույթը նորմալ է համարում. այն միշտ եղել է: Նա ընդգծեց, որ ազատված հաճախականությունները պետք է լցվեն կամ պետք է տրամադրեն մասնավոր մուլտիպլեքսորներին, եւ այդ թուրքական ալիքները քաղաքացիները չեն տեսնի. «Ուղղակի երբ որ մեր դաշտը խիստ զբաղեցված էր, մեր ազդանշանների մակարդակը շատ ավելի բարձր էր, դուք այս ալիքները չէիք տեսնում: Երբ որ թափուր է եթերի այդ կտորները, բնականաբար, փոքր աղմուկները սկսում եք նկատել»:
Ամի ՉԻՉԱԿՅԱՆ
Կարդացեք նաև