Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Գրիգոր Ամալյան. Եթե Հայաստանը պահպաներ անալոգային հեռարձակումը, կհայտնվեր աշխարհի հետ անհավասարակշռության մեջ

Հոկտեմբեր 29,2016 18:01

Հոկտեմբերի 20-ին Հայաստանի Հանրապետությունում սկսվել է թվային հեռարձակմանն անցման գործընթացը: «Հայաստանի հեռուստատեսային եւ ռադիոհաղորդիչ ցանց» ՓԲԸ-ի գլխավոր տնօրեն Գրիգոր Ամալյանը «Դեբատ» ակումբում լրագրողների հետ հանդիպման ընթացքում անդրադարձավ գործընթացին:

Նա նշեց, որ գործընթացը սկսվել է մարզերից, այնուհետեւ հոկտեմբերի 25-ին անալոգային հեռարձակումն անջատել են Գյումրիում եւ Վանաձորում, իսկ հոկտեմբերի 26-ին Երեւանում. «Իրականացված ծրագրի ընթացքում ընդամենը 108 հազար ընտանիք հնարավորություն ունեցավ անվճար ստանալ այդ սարքերը, իսկ մնացած բոլոր մեր ընտանիքների համար խնդիր առաջացավ ձեռք բերել կցորդ սարքերը: Ընդ որում գիտեք՝ այսօր ոչ սոցիալապես բավարար ապահով ընտանիքները ունեն ոչ թե մեկ հեռուստացույց, այլ երկուսը, գուցե երեքը, սա բացարձակապես շքեղության կամ բարեկեցության չափանիշ դիտել չի կարելի տեղեկատվական մեր ժամանակներում»:

Գրիգոր Ամալյանը ասաց, որ հեռահաղորդակցության ոլորտում բոլոր զարգացումները կարգավորվում են Հեռահաղորդակցության միջազգային միության կողմից, որի որոշումները պարտադիր են անդամ երկրների համար. «Սա է այն մարմինը, որը պետությունների միջեւ իրականացնում է հաճախականությունների բաշխում՝ օգտագործման բոլոր նպատակների համար: Սա այն կառույցն է, որը ուղենիշեր է դնում էլեկտրոնիկայի ոլորտում՝ սկսած միկրոսխեմաների արտադրությունից, վերջացրած սարքերի, պրոֆեսիոնալ, կենցաղային սարքերից: Այն պահից, երբ կայացնում է հեռանկարային որեւէ որոշում, որ այս թվից աշխարհը պետք է անցնի նոր տեխնոլոգիայի, աշխարհի բոլոր արտադրողները սկսում են վերակազմակերպել իրենց արտադրությունը, որպեսզի արտադրվող սարքերը սինքրոնացված լինեն եւ միասնական, որ շուկաները չսահմանափակվեն ըստ երկրների կամ ըստ պետությունների: Կար 2006 թվականի եզրափակիչ ակտը, որով անդամ երկրները, որ 2015 թվականից աշխարհում հեռուստառադիո հեռարձակումը պիտի բացարձակապես թվային ձեւաչափով իրականացվի»:

Գրիգոր Ամալյանը նկատեց, որ հայկական շուկայում դեռ վաճառվում են հեռուստացույցներ, որոնք ե՛ւ թվային են, ե՛ւ անալոգային, սակայն այլեւս աշխարհում չի արտադրվելու հեռուստացույց, որն իր մեջ ունի նաեւ անալոգային ընդունիչ սարք. «Եթե Հայաստանի Հանրապետությունը չէր հետեւում ընդհանուր ժամանակացույցային պահանջներին, ապա մենք հայտնվում էինք մի իրավիճակում, երբ պահպանելով անալոգային հեռարձակումը մեր քաղաքացիները չէին ունենա որեւէ հնարավորություն ձեռք բերելու անալոգային հեռուստացույց՝ այդ հեռարձակումն ընդունելու համար: Մեկ ուրիշ պայման, որ կարեւոր է՝ որեւէ երկիր, որն ունի իր ազգային շահերը, պարտադիր պետք է ունենա ինֆորմացիոն իր արտադրությունը տեղեկատվական իր արդյունաբերությունը, մյուս կողմից այդ արդյունաբերությունը չպետք է լինի լճացած կամ փակ համակարգի ներսում, այլ էական պետք է կարեւոր լինի տեղեկատվական փոխանակությունը աշխարհի հետ: Երբ որ ողջ աշխարհում անցում էր կատարվում թվային հեռարձակման ձեւաչափերի, այստեղ փոփոխվում էին պարզ ստուդիական սարքավորումներից մինչեւ հեռարձակման սարքավորումները:

Եթե Հայաստանը պահպանում էր հեռարձակման անալոգային ձեւաչափը, մենք հայտնվում էինք աշխարհի հետ անհավասարակշռության մեջ, ստացվում էր դրսից որեւէ տեղեկատվություն, հեռուստահաղորդում, ծրագիր, ուղիղ հեռարձակում ներկրելու համար մենք ստիպված պետք է լինեինք գտնել տեխնիկական լուծումներ նրանց թվայինից մեր անալոգին թարգմանելու համար, եւ մյուս կողմից ամեն անգամ, երբ մենք անհրաժեշտություն կունենայինք աշխարհին ներկայացնել մեր երկրի մասին տեղեկատվությունը, մենք ստիպված կլինեինք նորից տեխնիկական լուծումներ գտնել մեր անալոգային արտադրված տեղեկատվությունը վերափոխելու աշխարհի համար անհասկանալի, տեխնիկապես ընդունելի տեղեկատվությամբ: Այսինքն՝ կբացառվեր որեւէ դեպք, երբ մեր լրատվամիջոցը հնարավորություն կունենար ուղիղ հեռարձակմամբ աշխարհին ցույց տալ իրադարձություններ, միջոցառումներ»:

Ամի ՉԻՉԱԿՅԱՆ

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31