«Եթե որեւէ մեկը կմտածի, որ Շենգավիթ վարչական շրջանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Իշխան Բարսեղյանի այս դեպքից հետո կոռուպցիան որեւէ կերպ կնվազի, առնվազն միամտություն է: Գտել են մի թույլ օղակի, խեղճ վիճակում հայտնված մարդու, որը առավել խոցելի է եղել այդ տեսակետից, ու ցուցադրական, որպես մի փորձանմուշ, հրամցնում են հանրությանը՝ իբրեւ պայքար կոռուպցիայի դեմ: Դա ծիծաղելի է: Սա ընդամենը մի էպիզոդ էր, չնչի երեւույթ՝ կոռուպցիան նույնիսկ չբնութագրող: Իրական կոռուպցիան այլ վայրերում է, այլ շնաձկների ձեռքում»,- Aravot.am-ին ասաց Փաստաբանների պալատի փաստաբան Տիգրան Աթանեսյանը՝ անդրադառնալով Իշխան Բարսեղյանի կաշառք վերցնելու գործով նախօրեին նրա ձերբակալությանը:
Ըստ նրա, երբ ԱԱԾ-ն հրապարակում է, որ դատավորը կաշառք է վերցրել, այդ պահից էլ կայացված է այդ մարդու դատավճիռը:
Հիշեցնենք, որ ԱԱԾ-ն տեսանյութ էր տարածել, թե ինչպես է դատավորը գետնանցումում կաշառք վերցնում:
«Գոյություն ունի մատուցման ձեւ, միգուցե չպետք է դեմքը ցույց տալ, միգուցե պետք է ձայնը փոխել, իսկ կարող է այդ մարդը, որը գումարն էր տալիս, գումա՞ր էր պարտք, այդ տեսանկյունից եկեք նայենք, ու շատ այլ տարբերակներ կարող են լինել: Միանշանակ չեմ կարող ասել, որ տեսագրության ցուցադրումը սխալ էր»,- ասաց փաստաբանը՝ անդրադառնալով ԱԱԾ-ի տարածած տեսագրությանը, որը, դատավորի պաշտպան՝ փաստաբան Վարդուհի էլբակյանի դիտարկմամբ, անմեղության կանխավարկածի խախտում էր:
Կարդացեք նաև
Մեր հարցին, թե դատավորի ձերբակալման գործով նաեւ փաստաբանի ձերբակալելն արդյոք խոսում է այն մասին, որ դատական համակարգում փաստաբանները համագործակցում են կոռումպացված դատավորների հետ, պարոն Աթանեսյանը պատասխանեց. «Երբ մտնում ես ծովը լողալու, անպայման թրջվում ես: Եթե դատավորը ստիպում է փաստաբանին, ասում է՝ թող հաճախորդդ գումար տա կամ գումար բեր, խնդիրդ լուծեմ, փաստաբանը սովորական մարդ է, որն ունի տուն պահելու, հաճախորդներ ունենալու խնդիր: 99% դեպքերում փաստաբանը հայտնվում է այդ վիճակում, ինչ անի, հրաժարվի գործից, վերադարձնի գումարը, բայց ոնց ապրի, պետական աշխատավարձ չի ստանում: Հետեւաբար, փաստաբանները շատ դեպքերում ստիպված են գնալ դրան: Դատական համակարգն է վարակված, եւ փաստաբանները, գտնվելով կախյալ վիճակում իրենց վստահորդներից, ստիպված հայտնվում են նման վիճակում: Փաստաբանն ինչով է մեղավոր, եթե դատավորն ասում է փող բեր, ինչ անի փաստաբանն այս դեպքում»:
Մեր հարցին, թե շա՞տ են դեպքերը, երբ դատավորները փաստաբաններին ստիպում են հաճախորդից գումար բերել, պարոն Աթանեսյանը պատասխանեց. «Եթե ասում ենք՝ դատական համակարգը վերից վար կոռումպացված է, ուրեմն դատողությունները ձեզ եմ թողնում»:
Դատավոր Իշխան Բարսեղյանի մասին փաստաբան Աթանեսյանը լսել է այն ամենը, ինչ այս օրերին գրեց մամուլը. «Ինձ հստակ ոչինչ հայտնի չէ այդ դատավորից, բայց ասեկոսեներով ես էլ գիտեմ, որ այդ մարդը բավականին լուրջ խնդիրների մեջ է: Կյանքի դժվարին վիճակներում է, թե ինչն է պատճառը, ես չգիտեմ: Ես մեղադրում եմ դատական համակարգի ղեկավարությանը, որ եթե մենք փաստաբաններով դա գիտենք, հաստատ իրենք էլ գիտեն, որ այդ մարդը խնդիր ունի: Նման ծայրահեղ վիճակում գտնվող մարդուն իրավունք չունեին թողնել, որ դատավոր աշխատի: Պետք է հասկանային մարդու վիճակը, տեղափոխեին այլ աշխատանքի, ձեռք մեկնեին, եթե դա հնարավոր էր, օգնեին, որ ոտքի կանգներ: Իսկ վատ վիճակում գտնվող մարդուն թողել են, որ լինի դատավոր, կամա թե ակամա կարող էր վնաս տալ, ինչու էիք թողել, որ մարդկանց ճակատագրեր լուծի: Եթե մարդը օգնող չունի, բնական է, որ հանգուցալուծումը պետք է լինի ողբերգական:
Իշխան Զաքարյանը վատ մարդ չէ, զրուցել եմ հետը մի քանի անգամ, նորմալ տպավորություն ունեմ: Պարոն Բարսեղյանի մոտ ունեցել եմ գործեր, լուծումներից եղել եմ ե՛ւ գոհ, ե՛ւ դժգոհ: Մի խնդիր եմ միշտ նկատել, որ վճիռները կողմին առաքել է կայացնելուց նույնիսկ հինգ, վեց, յոթ ամիս հետո: Այսպիսի խնդիր միշտ եղել է նրա մոտ, այսպիսի խնդիրը միայն ինձ հետ չէր, իմ բազմաթիվ գործընկերներ ինձ նույնն են ասել: Այս հանգամանքը միայն բավական էր, որ դատական համակարգը հասկանար, որ այս մարդը խնդիր ունի: Ոնց կարելի է կայացնել դատական ակտ ապրիլին ու առաքել նոյեմբերին: Ըստ էության, ես անարդարություն, սրիկայություն երբեք չեմ տեսել պարոն Բարսեղյանի մոտ»:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ