«Մոսկվայի օրերը Երևանում» միջոցառումների ծրագրի շրջանակում կազմակերպվել է Մոսկվայի և Երևանի միջև գործարար համագործակցության համաժողով, որի ընթացքում առանձին անցկացվել են հանդիպում-քննարկումներ՝ «Ապագային ուղղված քաղաքներ» ներդրումային և զարգացման ծրագրերի, «Զբոսաշրջային ներուժ ու զարգացման հեռանկարներ», ինչպես նաև «Խելացի քաղաքի ինովացիոն նոր լուծումներ, քաղաքի կառավարում և բարեկարգում» թեմաների շուրջ:
Համաժողովի բացմանը ներկա են գտնվել Երևանի քաղաքապետի գլխավոր խորհրդական Վանո Վարդանյանը, Երևանի ավագանու անդամներ, Մոսկվայի կառավարության նախարար, արտաքին տնտեսական և միջազգային կապերի դեպարտամենտի ղեկավար Սերգեյ Չերյոմինը, Մոսկվայի քաղաքային դումայի նախագահ Ալեքսեյ Շապոշնիկովը, ինչպես նաև Երևանի վարչական շրջանների ղեկավարներ և քաղաքապետարանի աշխատակազմի ներկայացուցիչներ, գործարարներ:
Կողմերը քննարկել են երկուստեք գործարար միջավայրի բարելավման, քաղաքային ծրագրերում ներդրումների ներգրավման և նշված ուղղություններով քաղաքների զարգացմանն ուղղված ծրագրերն ու առաջիկա անելիքները:
Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն