Վաղը հոկտեմբերի 30-նն է` Խորհրդային տարիների քաղբանտարկյալի օրը։ Այն սկսած 1974թ. հոկտեմբերի 30-ից մշտապես մեկօրյա հացադուլով նշել են խորհրդային կալանավայրերում գտնվող քաղկալանավորները։ Ռուսաստանում այդ օրն այսօր պետականորեն նշվում է որպես Բռնադատվածների հիշատակի օր։
Առաջին հայացքից կթվա, թե անիմաստ է այսօր խոսել այս օրվա խորհրդի մասին։ Ժամանակավրեպ է։ Բոլորովին ուրիշ պահանջներ է մեր այսօրը առաջ քաշում եւ խորհրդային տարիների քաղբանտարկյալությունը, Անկախ ու ժողովրդավարական Հայաստանի համար մղված պայքարը, թափած քրտինքը եւ արյունը, զոհած կյանքերը անհետաքրքիր են ու անցած։
Բայց մեր այսօրվա այս աննախանձելի վիճակի գլխավոր պատճառներից մեկն այն է, որ մենք չենք կարողացել կամ հրաժարվել ենք արժեւորել մեր երկրի նորագույն պատմության վերջին փուլի ամենալուսավոր ու ամենաարժեքավոր հատվածներն ու դրվագները։ Դա 1960-1988թ․ եղած այլախոհական շարժումն է, 1988-1991թթ․ համաժողավրդական շարժումն է եւ 1991-94թթ․ մաքառման ու հաղթանակների շրջանն է։ Քանի դեռ մեզ անկախության համար մղված պայքարն ու զոհաբերությունները որպես ժամանակավրեպ ու ոչ այնքան կարեւոր էջ է մատուցվում, քանի դեռ 1988-91 թթ․ հզոր համաժողովրդական շարժումը շարունակվում է խորհրդային մտածողության տեսանկյունից դիտարկվել, իսկ 1991-94 թվականները մութի ու ցրտի տարիներ են անվանվում, մենք դատապարտված ենք Ռուսաստանի ֆորպոստ լինելուն, մենք դատապարտված ենք կեղծված ընտրությունների, մենք դատապարտված ենք կիսագրագետ գործիչներով լցված պառլամենտ ունենալուն եւ դատապարտված ենք անգրագետ ու քրեական անցյալով ու քրեական մտածողությամբ օժտված օլիգարխով կամ օլիգարխներով մեր ապագան պայմանավորել։
Մեր խորհրդային անցյալը իր ողջ արատավոր վարք ու բարքով այսօր մեր ներկայի մեջ է։ Մեր անցյաը ապականել ու ապականում է մեր ներկան։ Մենք խորհրդային բեռը մեր ուսերից ցած չենք դրել ու այդ բեռի տակ կքած՝ մոլորվել ու դեպի ապագա տանող ոչ մի լուրջ քայլ անել չենք կարողանում։ Սլանում է ժամանակը՝ մեզ անհուսորեն հետ թողած։ 21-րդ դարի 2016 թվականի Հայաստանից 20-րդ դարի 60-70-ական թվականների ճահճի հոտն է փչում։ Այն երազանքները, որ ունեինք Անկախության հռչակման օրերին, երազանքներ էլ մնացել են։ Որովհետեւեւ մեր իշխանավորները, եւ մեր «հեղինակությունները», եւ մեր մտածողությունը շարունակում են ապրել այն ժամանակների կաղապարներով ու կարծրատիպերով։
Կարդացեք նաև
Վերջնականապես ապականված մեր այս օրերում պետք է որ Խորհրդային տարիների քաղբանտարկյալի օրը եւ իրենք՝ այդ բանտարկյալները, մոռացության մատնվեն։ Այլ կերպ լինել չէր էլ կարող։ Բայց ի հեճուկս ժամանակի ու օրվա պահանջի,երեւիարժի հիշեցնել մարդկանց այդ օրվա ու այդ շրջանի գործիչների մասին։ Անկախության համար պայքարի ճանապարհին զոհաբերված կյանքերը եւ թափած այրունը պարտավորեցնում են։
Անկախ Հայաստան հռչակած Գերագույն խորհրդում եղել են վեց նախկին խորհրդային տարիների քաղբանտարկյալ, գումարած Ղարաբաղ կոմիտեի անդամները, որոնք նույնպես կալանավորված լինելով խորհրդային շրջանում արժանացել են այդ պատվավոր կոչմանը։ Բայց նրանք՝ այս քաղբանտարկյալները եւ նրանց հետ պառլամենտ եկած մյուս նորերը անցյալի եւ ապագայի միջեւ սահման գծելու ոչ մի ջանք չգործադրեցին։ Նրանցից ոչ ոք հանդես չեկավ Լյուստրացիայի մասին օրենքի անհրաժեշտության օգտին, օրենք, որը կդառնար սահման եւ կարգելեր անցյալի վարք ու բարքի, ինչպես նաեւ անցյալով ապրող գործիչների մուտքը մեր իրականություն։ Միայն Ազատ Արշակյանը մեկ թույլ փորձ արեց այս ուղղությամբ։ Նրա հետ մի քանի բարձրաստիճաններ ոտքի վրա մի երկու կարճ զրույց ունեցան ու նա հեշտորեն հրաժարվեց այդ նախաձեռնությունից։ Ընդունվեց Բռնադատվածների մասին մի օրենք, որը բռնադատվածներին ու Հայաստանի անկախության ու ժողովրդավարության համար պայքարողներին որպես մեկ ընդհանրություն, մեկ երեւույթ եւ մեկ միավոր դիտարկեց։
Բռնադատվածների մասին նման օրենքի ընդունումը, իսկ գլխավորապես Լյուստրացիայի մասին օրենքի չլինելն անցյալի վերադարձի համար կանաչ լույս դարձավ։ Անցյալը առանց որեւէ խոչընդոտի ներթափանցեց ամենուր։ Սկզբում վախվորած, ապա ավելի ու ավելի համաձակ։ 1995 թվականից նրանք արդեն ամենուր էին։ Եւ, եթե առաջ ամաչում էին իրենց անցյալից, իրենց անցյալից հրաժարվելով փորձում էին որպես նորերի յուրայիններ երեւալ, ապա 95-ից էլ ամաչելու բան չունեին։ Տեղավորվելով ամենուր սկսեցին դուրս մղել 1988-91 թթ․ ալիքի վրա իշխանության եկած նորերին։ 2000-ական թվականները կարելի է նրանց ջաղջախիչ հաղթանակի տարիներ համարել։ Հաղթանակ, որ ձեռք բերեցին նորերի նոր ժամանակները խորապես չհասկանալու ու չընկալելու եւ պատմության կողմից տրված հնարավորությունները ճիշտ չօգտագործելու շնորհիվ։ Այսօր շատերն են ասում, թե նրանց այս հաղթանակը մեկընդմիշտ է ու հուսահատ լքում են երկիրը։
Բայց այս մտորումներն այսօր ես գրում եմ հիմնականում չհեռացողների, հատկապես չհեռացող ու ակտիվ երիտասարդների համար։ Հույս կա, հույս ունեմ, որ նրանք կբեկեն դեպի անխուսափելի ու իրար հաջորդող պարտություններ տանող այս ընթացքը։
Վարդան Հարությունյան
Վարդան, մեկնաբանել ես ճիշտ, բայց վերապահումներ կան:Բարձրաստիճան զինվորականներ կան, որոնք մասնակից են պատերազմին, բայց այսօր զինվորի տված կաշառքների ու չտրված փամփուշտների հաշվին պալատ են սարքում: Դա բացատրել կոմունիստական անցյալով ճիշտ չի լինի: Անցյալ 70-ականներին բոլորը անխտիր գիտեին կոմունիզմի գաղափարի ու ինտերնացիոնալիզմի սնանկությունը, այսինքն որևէ արժեքային համակարգ գոյություն չուներ՝ դա բերեց հասարակության մեջ նյութապաշտության դոմինանտ դերին: Այո, դա էր մեր ժառանգությունը 90-ականներին: Բայց ազգային զարթոնքը 90-ականներին ահռելի ալիք տվեց և նունյքան արագ մարեց պատերազմից հետո… 90-ականներին կոմսոմոլը, գործակալական ցանցը և ՊԱԿ-ը հաղթեց քաղբանտարկյալներին: Վարդան, 6 քաղբանտարկյալը 120 գործակալի դեմ չէին կարող ոչինչ անել: Այսօր ունենք դժբախտ վիճակ՝ մտածում ենք, որ մի ինչ որ Կարեն ուզում է և կարող է ՛՛երկիրը փոսից հանել՛՛ երկիրը փոսը գցողի անձի և կոդլայի օգնությամբ… Միամիտ ենք…