Լրահոս
Օրվա լրահոսը

Հայկ Խանումյան. Բակո Սահակյանը մինչեւ 2030թ. պաշտոնավարելու տեսական հնարավորություն կունենա ու կփորձի դա օգտագործել. «Հայկական ժամանակ»

Հոկտեմբեր 29,2016 11:10

ԼՂՀ քաղաքական շրջանակներում մտահոգություն կա, որ Բակո Սահակյանն իր պաշտոնավարման ավարտից հետո եւս երեք տարի կնախագահի, այնուհետեւ 2020 թ. իրավունք կունենա կրկին առաջադրել իր թեկնածությունը: Ճիշտ է, թե՛ գործող, թե՛ ապագա Սահմանադրությունը թույլ չի տալիս երեք անգամ անընդմեջ առաջադրվել այդ պաշտոնին, բայց արդեն այս երկարաձգման գործընթացն այդ հարցը կլուծի: ԼՂՀ «Ազգային վերածնունդ» կուսակցության ղեկավար Հայկ Խանումյանը գտնում է, որ այդպիսով Բ. Սահակյանը մինչեւ 2030թ. պաշտոնավարելու տեսական հնարավորություն կունենա ու կփորձի դա օգտագործել:

«Քաղաքական ուժերի հետ հանդիպումներ, քննարկումներ են եղել, որին նաեւ ես եմ ներկա եղել, այդ հարցը տրվել է իրեն, ու ինքն էլ չի հերքել: Ասում է, որ դրա մասին դեռ վաղ է խոսելը, բայց պարզ է, թե ինչու է վաղ՝ չեն ցանկանում, որ հասարակությունը նախապես իմանա այդ մասին: Բայց հստակ է, որ նման ցանկություն կա եւ վաղուց կա, եւ նրա այդ ցանկության համար լոբբինգ է արվում: Մի խոսքով, սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ այստեղ նման մտահոգություններ կան: Եվ ես կարող եմ ավելացնել, որ այդ փոփոխությունը կատարվում է մեկ անձի իշխանության համար»,- ասաց Հայկ Խանումյանը:

Վերջինիս կարծիքով, սահմանադրական փոփոխությունների հանրաքվեն արդեն կարող է տեղի ունենալ 2017թ. հունվար-փետրվար ամիսներին: Նրա խոսքերով, Արցախում դեռ որեւէ ընդվզում չկա իշխանությունների այդ մտադրությունների դեմ նախ այն պատճառով, որ ժողովուրդը քիչ է տեղեկացված:

Բացի այդ, ԼՂՀ-ում դեռ քաղաքացիական հասարակությունն ակտիվ չէ, որ խնդիրները վեր հանի ու ժողովրդին պայքարի մղի: Այնուամենայնիվ, լրագրողների եւ տարբեր մասնագետների կողմից այդ գործընթացների դեմ պայքար սկսելու նպատակով խումբ ձեւավորելու մասին հայտարարություն է եղել: Ամենայն հավանականությամբ, իշխանությունների նախաձեռնության դեմ որոշակի ընդվզում կառաջանա սահմանադրական փոփոխությունների նախագծի հրապարակումից հետո միայն:

Խանումյանը հավելում է, որ իրենց կուսակցությունը նույնպես կպայքարի այդ փոփոխությունների ու իշխանությունների մտադրությունների դեմ: «Դեմի» ակտիվ քարոզարշավ են ծավալելու, սակայն մեծ շարժում առաջացնելու համար ռեսուրսներ չունեն:

Արմինե ԱՎԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Հայկական ժամանակ» օրաթերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31