Հոկտեմբերի 20-24-ին ՀՀ Սփյուռքի նախարարության դահլիճում եւ այնուհետեւ Արցախի մայրաքաղաքում կայացավ լրագրողների 8-րդ համահայկական համաժողովը՝ «Հայոց պետականությունը՝ միասնության առանցք» կարգախոսի ներքո:
Համաժողովի կազմության օրից լինելով կազմակերպիչ հանձնաժողովի անդամ՝ կարող եմ վկայել, որ երկու տարին մեկ գումարվող այդ համաժողովները իսկապես ոգեւորիչ միջոցառումներ են հատկապես սփյուռքից ժամանած լրագրողների ու խմբագիրների համար՝ միմյանց ծանոթանալու, հայաստանյան գործընկերների հետ շփվելու, հայրենի իրականություններին եւ իրողություններին անմիջականորեն իրազեկ դառնալու, հայրենասիրական զեղումներ ունենալու եւ սփյուռքահայերի համար ամենակարեւորը՝ պետական պաշտոնյաների հետ լուսանկարվելու տեսակետից: Առանձին ոգեւորության առիթ է հատկապես Արցախը՝ հայրենասիրության եւ հայրենատիրության իր գերհզոր գրավչությամբ:
Այսուհանդերձ, ինձ թվում է, որ ժամանակն է փոխելու բազմածախս եւ բազմաշխատ այս եւ նման համաժողովների ամբողջ ձեւաչափը, դրանց օրակարգն ու խնդիրները: Պետք է փոխել հրավիրյալ լրագրողների եւ լրագրությամբ զբաղվողների ընտրության ձեւն ու որակը:
Ընդամենը երկու տարի, անգամ երկու ամիս առաջ ինչ-որ մի վայրում, ինչ-որ մի կայքէջ ստեղծած, կամ պայմանների ու պարագաների բերմամբ խմբագիր դարձած սփյուռքահայ մի՝ սիրողական մակարդակի լրագրողի ոգեւորելու կամ ոգեշնչելու համար կարելի է բոլորովին այլ միջոցառումներ կազմակերպել: Փոխարենը պետք է հրավիրել մարդկանց, ովքեր իսկապես ասելիք, մանավանդ անելի՛ք ունեն համահայկական իմաստով (չէ՞ որ համաժողովները կրում են համահայկական եւ ոչ թե աշխարհագրական բնույթ): Պետք է հրավիրել նրանց մանավանդ, ովքեր արդեն իսկ ընդգրկված են այդ աշխատանքներում եւ կամ ունա՛կ են աշխատելու համահայկական խնդիրների մակարդակով:
Կարդացեք նաև
Իսկ առավելագույն ուշադրությունը պետք է կենտրոնացնել մեր այն հայրենակիցների վրա, ովքեր աշխատում են օտար լրատվամիջոցներում որպես խմբագիր, լրագրող, թղթակից կամ այլ: Դա ուրիշ մակարդակ կտա նման նախաձեռնություններին, նաեւ գործնականություն ու խորք: Նաե՛ւ արդյունք:
ՀԱԿՈԲ ԱՎԵՏԻՔՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ազգ» շաբաթաթերթի այսօրվա համարում