Նախկինում ոստիկանությանը պատկանող «Կոնտինենտտեքս» ընկերության մի խումբ նախկին աշխատակիցներ արդեն 4-րդ տարին է՝ պահանջում են վճարել իրենց աշխատավարձերը, սակայն ապարդյուն. նրանք որտեղ ասես, որ դիմում չեն գրել՝ է՛լ ՀՀ նախագահին, է՛լ կառավարություն, է՛լ տարբեր գերատեսչություններ, սակայն արդյունք չկա: Նրանց դիմումները մակագրվում են պետական գույքի կառավարման վարչությանը, որն էլ, ինչպես նախկին աշխատակիցներն են ասում՝ կամ չի կարողանում խնդիրը լուծել, կամ էլ չի ցանկանում:
Այս ընկերությունը սնանկացել է, լուծարվել է, աշխատավարձերի կուտակած պարտքերն էլ մնացել են «օդում կախված»: Ընկերության նախկին աշխատակիցները պարբերաբար բողոքի ցույցեր են անում կառավարության շենքի դիմաց, բայց էլի արդյունքի չեն հասնում:
Նախկին աշխատակիցներն «Առավոտի» հետ զրույցում պնդում են՝ ընկերությունը դիտավորյալ տարել են սնանկացման: ՀՀ ոստիկանությունն այս կարի ֆաբրիկայի 100% բաժնետերն էր, հենց այս ֆաբրիկայում էլ պատվիրում էր ոստիկանների համազգեստների արտադրությունը:
Մեզ հետ զրույցում նախկին աշխատակիցները պատմեցին, որ ֆաբրիկայի գործերը սկսեցին վատանալ, երբ ոստիկանությունը տնօրեն նշանակեց Սամվել Բեկչյանին. «Բեկչյանը շատ կազմակերպված ձեւով ֆաբրիկան հասցրեց վատ վիճակի: Օրինակ՝ 2012 թվականին 100 միլիոն դրամի պատվեր ունեինք, Բեկչյանը դա դիտավորյալ չկատարեց: Ոստիկանությունը պատվերն իջեցրել էր, ու օրենքով էդ գումարի 30%-ը փոխանցել էր: Սրա նպատակն այն էր, որ ֆաբրիկան պատվերն անելու համար հումք գներ: Բայց Բեկչյանը այդ փողերը չգիտես ինչ արեց, ոչ մի հումք էլ չառավ, վերջում, երբ ոստիկանությունը պահանջեց համազգեստը, տնօրեն կոչվածը 24 միլիոն դրամ փոխանցեց Քանաքեռի ֆաբրիկային, որն էլ կարեց պատվիրված համազգեստի խմբաքանակը: Քանաքեռից ավելի էժան գներով առավ, մեր ֆաբրիկայում էլ նախկին պատվերներից կարած համազգեստի խմբաքանակ կար, կեսն էլ դրանցով համալրեց, ու Բեկչյանն այդ խմբաքանակը հանձնեց ոստիկանության տնտեսական վարչությանը: Ի դեպ, սա այն շրջանն էր, որ ոստիկանների համազգեստը փոխվում էր: 2012-2013 թվականներին մեր ձեռնարկությունը պատվերներ է ունեցել, աշխատել ենք, բայց բոլորը անօրինական ձեւակերպումներով է կազմակերպել Բեկչյանը: Ամեն անգամ երբ հարց էինք տալիս, Բեկչյանն ասում էր՝ վերեւներում գիտեն, իրենց ցուցումով եմ անում»:
Ընկերության նախկին աշխատակիցների պատմելով՝ 2012 թվականի ապրիլից մինչեւ հոկտեմբեր ամիսները Սամվել Բեկչյանը կարի արտադրամասը վարձակալության է տվել «Սամլ Ֆրութ» ընկերությանը, որի համար ձեւակերպում կատարեց այն բանից հետո, երբ ոստիկանությունն աուդիտ իրականացրեց, այն էլ ընդամենը 2 ամսվա վարձակալության վճար գրեց նախկին տնօրենը, բայց դրամարկղ ոչ մի կոպեկ չփոխանցվեց, «Սամլ ֆրութն» էլ ոչ մի կոպեկ չէր վճարել ֆաբրիկային: Կարվել էր 5000 հատ զինվորական համազգեստ՝ բաճկոն, տաբատ, գլխարկ, 5000 հատ անջրաթափանց վերնազգեստ, այս ամենը արտահանվել էր, ինչպես նախկին աշխատակիցներն են վստահեցնում, Վրաստան. «Բայց այս պատվերի համար էլ գումար չփոխանցվեց դրամարկղ»:
Կարդացեք նաև
Բեկչյանը ֆաբրիկայի աշխատելու համար որոշ աշխատակիցների վճարումները կատարել է այն բանից հետո, երբ նրանք սկսել են բողոքի ալիք բարձրացնել, իսկ մի մասին այդպես էլ չի վճարել, դրանք տասնյակ միլիոն դրամի հասնող գումարներ են: Ֆաբրիկայի նախկին աշխատակիցների պատմելով՝ «Մեկն առձեռն գումար էր տվել Բեկչյանին՝ էլաստիկ ժապավեն էր գնել ֆաբրիկայից, պահեստում կար դրանից, սա էլ վաճառեց ու դրամարկղ մուտք չարեց: Էսպիսի բաներ շատ է արել»:
«Սամլ ֆրութ» ընկերությունը Սամվել Բեկչյանի կնոջ՝ Արմինե Սարդարյանի անունով է գրանցված. սա փաստում է էլեկտրոնային ռեգիստրը: Ընդ որում, մեր հարցմանն ի պատասխան՝ պետական եկամուտների կոմիտեից պատասխանել են. «Նշված ժամանակահատվածում՝ 2012 թվականի ապրիլ-հոկտեմբերին, «Սամլ Ֆրութ» ՍՊԸ-ն հարկային վճարումներ չի կատարել»: Իսկ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ն, ըստ ՊԵԿ-ի, 2012 թվականի ապրիլ-հոկտեմբերին պետական բյուջե է վճարել 11.870.000 դրամի հարկեր եւ պարտադիր այլ վճարումներ. «26.09.2016 թվականի դրությամբ «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի հարկային պարտավորությունները կազմում են 55.706.292 դրամ, իսկ «Սամլ Ֆրութ» ՍՊԸ-ի՝ 7.774.945 դրամ»:
ՊԵԿ-ից մեր հարցմանն ի պատասխան նաեւ տեղեկացրել են, որ ՀՀ ԿԱ ՊԵԿ քննչական վարչությունում քննվող քրեական գործով «Կոնտինենտտեքս» ՓԲԸ-ի տնօրեն եւ «Սամլ Ֆրութ» ՍՊԸ-ի իրական սեփականատեր Սամվել Բեկչյանը ներգրավվել է որպես մեղադրյալ` ՀՀ քրեական օրեսգրքի 193-րդ եւ 205-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով նախատեսված հանրորեն վտանգավոր արարքներ կատարելու համար: Մեղադրյալի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել ստորագրություն չհեռանալու մասին, նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:
Ֆաբրիկայի նախկին աշխատակիցները ՊԵԿ քննչականին հուշում են, թե որտեղ է հետախուզման մեջ գտնվող Բեկչյանը, նրանք վստահեցնում են՝ Սամվել Բեկչյանը գտնվում է Մոսկվայում եւ վայելում է կյանքը, իսկ իրենք ընկած դռնեդուռ՝ իրենց աշխատանքի վարձատրությունն են փորձում ստանալ. «Ուր գնում ենք՝ աշխատանք չեն տալիս, մենք էլ կարիքի մեջ ենք, ամենքս 1 միլիոնից ավելի աշխատավարձ ունենք ստանալու, մեր պարտքերն ո՞վ պետք է վճարի»:
Հիմա ֆաբրիկայի շենքը չկա, այն վաճառվել է վաղուց, շենքն էլ նոր սեփականատերը քանդել է:
Սնանկության գործով կառավարիչը աշխատակիցներին հավատացրել է, թե ֆաբրիկայի եղած գույքը երբ վաճառվի, այն ժամանակ էլ աշխատավարձերի պարտքը կմարվի: Սակայն նկատենք, որ մինչեւ աշխատավարձերի պարտքի մարումը՝ նախ պետության պարտքերը պետք է վճարվեն: «Ֆաբրիկան մի նորմալ գույք էլ չունի, հին փտած աթոռներ, սեղաններ, կարի հին մեքենաներ, ցեց ընկած կտորներ, էդ ինչ պիտի վաճառեն ու ինչ գնով, որ մեր փողերն էլ տան»,- ասացին աշխատակիցները:
Սամվել Բեկչյանին եւ Արմինե Սարդարյանին պատկանող հողատարածքների աճուրդով վաճառքի մասին հայտարարությունները դեռ անցյալ տարվանից հրապարակվել էին: Ըստ այդմ, «Սամլ Ֆրութ» ՍՊԸ-ի պարտավորությունների կատարման ապահովման համար գրավադրված` պարտապան գրավատու եւ երաշխավոր-քաղաքացի Արմինե Սամարջիկի Սարդարյանին եւ Սամվել Բեկչյանին ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով գրավատուներին պատկանող անշարժ գույքերի աճուրդների մասին ծանուցում է հրապարակվել: Ըստ հայտարարության՝ վաճառքի է հանվել Եղվարդ քաղաքում գտնվող ընդհանուր համատեղ սեփականության իրավունքով պարտապան գրավատու եւ երաշխավոր` քաղաքացի Արմինե Սարդարյանին եւ գրավատու Սամվել Բեկչյանին պատկանող գույքը որպես գրավի առարկա՝ գյուղատնտեսական նշանակության վարելահող (ջրովի)` 1.86 հա եւ այլ հող՝ 0.14 հա, մեկնարկային գինը` 3 900 000 դրամ, եւ նույն քաղաքում գտնվող գյուղատնտեսական նշանակության վարելահող՝ 5.2 հա եւ այլ հող՝ 0.36 հա, մեկնարկային գինը` 10 800 000 դրամ: Հայտարարությունից տեղեկանում ենք նաեւ, որ այս սնանկության գործով կառավարիչը Տիգրան Հարությունյանն է:
«Առավոտը» փորձեց որոշ տեղեկություններ պարզել պարոն Հարությունյանից՝ արդյոք հողատարածքները վաճառվե՞լ են, սակայն նա կտրականապես մերժեց պատասխանել՝ ասելով, որ դա առեւտրային գաղտնիք է, եւ ինքը, իբր, տեղյակ չէ «Սամլ Ֆրութից», ինքը Արմինե Սարդարյանի սնանկության գործով կառավարիչն է, մինչդեռ հողատարածքը հենց այս ընկերության գրավի առարկան է:
«Կոնտինենտտեքսի» սնանկության գործով կառավարչից էլ փորձում էինք տեղեկություններ ստանալ՝ արդյոք որեւէ գույք վաճառվե՞լ է, սակայն կառավարիչը օրեր շարունակ մեր զանգերին չպատասխանեց:
Ֆաբրիկայի աշխատակիցները վստահեցնում են, որ այս հարցը չլուծելու դեպքում ծայրահեղ քայլերի կդիմեն. «Եթե դա պետական հիմնարկություն է եղել, պետությունն էլ պետք է վճարի մեր պարտքերը: Թե չէ, ինչի ասես՝ պատրաստ ենք»:
ՆԵԼԼԻ ԲԱԲԱՅԱՆ
«Առավոտ»
28.10.2016