Լրահոս
Օրվա լրահոսը

«Նաիրի Ինշուրանսն» ասում էր, թե պատահարից մեկ ժամ հետո են իրենց տեղեկացրել, եւ ոչ անհապաղ

Հոկտեմբեր 29,2016 14:00

2014 թ. օգոստոսի 3-ին, ժամը 8-ի սահմաններում, Երեւանի Կոմիտասի պողոտա-Տիգրանյան փողոցի լուսացույցով կարգավորվող խաչմերուկում տեղի ունեցավ ավտոտրանսպորտային պատահար, միմյանց բախվեցին «VOLKSVAGEN PASSAT» եւ «FORD MONDEO» ավտոմեքենաները: Վթարի հետեւանքով ավտոմեքենաներին պատճառվել էին նյութական վնասներ: Տեղի ունեցած պատահարի մասին ապահովագրական ընկերությունը տեղեկացել էր, սակայն ոչ անհապաղ, այլ՝ պատահարից հետո 1 ժամ 5 րոպե անց: Ինչ է սպասվում դատարաններում յուրաքանչյուր վարորդին՝ նման դեպքերում:

ՀՀ վճռաբեկ դատարանը քաղաքացիական գործերից մեկով կայացված որոշմամբ հստակ մատնանշել է, որ. «Վճռաբեկ դատարանը, հարկ համարելով անդրադառնալ օրենսդրի կողմից նախատեսված` ապահովագրական ընկերությանն ապահովագրական պատահարի մասին տեղեկացնելու պարտականության կատարման «անհապաղության» եզրույթի ընկալմանն ու մեկնաբանմանը, գտնում է, որ այն ունի հետեւյալ բովանդակությունը. «անհապաղ» նշանակում է առանց հապաղելու, անմիջապես, նույն պահին, հնարավորինս արագ, առավելագույնս սեղմ ժամկետում: Ապահովագրական ընկերությունը հետադարձ պահանջի իրավունք է ձեռք բերում վնաս պատճառած անձի եւ (կամ) վնաս պատճառած ավտոտրանսպորտային միջոցի սեփականատիրոջ նկատմամբ, եթե ԱՊՊԱ պայմանագրով սահմանված ժամկետում եւ կարգով, այսինքն` անհապաղ՝ ողջամիտ ժամկետում կամ օբյեկտիվորեն առաջին իսկ հնարավորության առկայության պարագայում ապահովագրական ընկերությանը չի տեղեկացվել ապահովագրական պատահարի մասին»:

«Նաիրի Ինշուրանս» ապահովագրական սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը դիմել էր դատարան՝ ընդդեմ Վահան եւ Արամ Եղիազարյանների` գումար բռնագանձելու պահանջով:

Աջափնյակ եւ Դավիթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը մերժել էր ապահովագրական ընկերությանը: Ընկերությունը բողոքարկել էր ՀՀ վերաքննիչ քաղաքացիական դատարան, ուր երեկ դատավոր Գագիկ Խանդանյանի նախագահությամբ նշանակվել էր բողոքի քննությունը:

Ըստ բողոքաբերի, իրենց ընկերության եւ Վահան Եղիազարյանի միջեւ 2014թ. փետրվարի 12-ին կնքվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության թիվ SA-341036» վկայագիրը: Այդ վկայագրով ապահովագրվել է «VOLKSWAGEN PASSAT» մակնիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը:

Երկու տարի առաջ օգոստոսին տեղի է ունեցել պատահար, որի ժամանակ միմյանց են բախվել նշյալ «VOLKSWAGEN PASSAT» մակնիշի եւ «FORD MONDEO» ավտոմեքենաները:

Պարզվել է, որ պատահարը մասամբ պայմանավորվել է «VOLKSWAGEN PASSAT»-ի վարորդ Արամ Եղիազարյանի «ոչ իրավաչափ գործողություններով»:
2014 թ. սեպտեմբերի 9-ին տուժող կողմից ստացված ապահովագրական հատուցում ստանալու վերաբերյալ դիմումի հիման վրա ընկերության կողմից կազմվել է ապահովագրական հատուցում վճարելու վերաբերյալ թիվ 1822 որոշումը: Որոշման համաձայն տուժող կողմ հանդիսացող` «FORD MONDEO» ավտոմեքենայի սեփականատեր Արա Դերունյանին, որպես ապահովագրական հատուցում, վճարվել է 325.000 ՀՀ դրամ:

Ապահովագրական ընկերությունը դատարանի ուշադրությունը գրավել էր այն հանգամանքի վրա, որ պատահարի մասին իրենց ծանուցվել է պատահարը տեղի ունենալուց հետո 1 ժամ 5 րոպե անց, այսինքն, «դրանով իսկ պատասխանողների կողմից խախտվել է ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրի 13-րդ կետը, ինչպես նաեւ վկայագրի անբաժանելի մասը կազմող ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության պայմանները»:

Իսկ «FORD MONDEO» ավտոմեքենային պատճառված վնասի չափը, ավտոտրանսպորտային միջոցին պատճառված վնասի գնահատման հաշվետվությամբ, գնահատվել է 650.000 ՀՀ դրամ` ԱՊՊԱ-ի գնահատողի կողմից:
Համաձայն ընկերության եւ ապահովադրի միջեւ կնքված «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագրի 13-րդ կետի` ապահովադիրը (ավտոտրանսպորտային միջոցն օրինական հիմքով տիրապետող այլ անձը) պարտավոր է ապահովագրական պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ (առաջին իսկ հնարավորության դեպքում) այդ մասին հայտնել ապահովագրողին` զանգահարելով ԱՊՊԱ կտրոնի վրա նշված հեռախոսահամարով»:

Ապահովագրական ընկերությունը նշել է, թե պատահարը տեղի ունենալուց հետո անհապաղ այդ մասին չեն հայտնել ապահովագրողին, ինչի հիման վրա էլ ընկերությունը ձեռք է բերել վերոհիշյալ գումարը դատական կարգով պահանջելու իրավունքը:
Ընկերությունը վկայակոչում էր ՀՀ վճռաբեկ դատարանի` թիվ ՏԴ3/0222/02/13 քաղաքացիական գործով կայացված որոշումը եւ պահանջում էր Վահան եւ Արամ Եղիազարյաններից համապարտության կարգով բռնագանձել ընդհանուր 325.000 ՀՀ դրամ, որպես պատճառված վնասի փոխհատուցման գումար:
Եղիազարյանների առարկությունը հետեւյալն էր. ընկերության եւ Վահան Եղիազարյանի միջեւ 2014 թվականին կնքվել է «Ավտոտրանսպորտային միջոցների օգտագործումից բխող պատասխանատվության պարտադիր ապահովագրության վկայագիրը», որով ապահովագրվել է «VOLKSVAGEN PASSAT» մակնիշի ավտոմեքենայի օգտագործումից բխող պատասխանատվությունը:

Նշյալ ավտովթարի փաստով ՀՀ Ճանապարհային ոստիկանության ՃՏՊ բաժնի կողմից նախապատրաստվել են նյութեր: Պարզվել է, որ տվյալ վթարի պայմաններում «FORD-ի» վարորդ Արա Դերունյանը թույլ է տվել ՀՀ ճանապարհատրանսպորտային երթեւեկության մասին գործող օրենքի պահանջների խախտումներ, որի հետեւանքով մեքենաներն ընդհարվել էին եւ գույքը վնասվել: Ի դեպ, վարորդ Արա Դերունյանը ենթարկվել է վարչական պատասխանատվության:

Ինչ են ասել փորձագետները: «Փորձագիտական կենտրոն» ՊՈԱԿ-ի փորձագետների եզրակացության համաձայն՝ «Ֆորդի» վարորդը, տվյալ խաչմերուկում հետադարձ կատարելիս ճանապարհը չզիջելով հանդիպակաց ուղղությունից ուղիղ ընթացող «Ֆոլքսվագեն» մեքենային, թույլ է տվել ՃԵԿ-ի 90-րդ կետի պահանջներին հակասող գործողություն: Փորձագետները միաժամանակ եկել են այն հետեւությանը, որ փորձաքննությանն առաջադրված նյութերում առկա ելակետային տվյալները տեխնիկական տեսակետից բավարար չեն՝ Եղիազարյանի կողմից տվյալ ընդհարումը կանխելու տեխնիկական հնարավորության հարցը պարզաբանելու համար:
Եղիազարյանների մեքենային պատճառվել է 630.000 ՀՀ դրամի նյութական վնաս, որը հատուցվել է Արա Դերունյանի ավտոմեքենայի շահագործումից բխող պատասխանատվությունն ապահովագրած ՍՊԸ-ի կողմից:
Գործը հասել է Ֆինանսական հաշտարարին: Արա Դերունյանի դիմումի հիման վրա, առանց Եղիազարյանների մասնակցության, կայացվել է մի որոշում, որից անիրազեկ լինելով՝ նրանք չեն կարողացել բողոքարկել:

Իրենց առարկություններում Եղիազարյանները նշել էին. «Ֆինանսական համակարգի հաշտարարի որոշումը չի կարող հիմնավորված համարվել եւ առավել եւս չի կարող փոխարինել փորձագետի կողմից տրված եզրակացությանը»: Ի դեպ, Արամ Եղիազարյանը հայտարարել էր, թե պատահարին նախորդող պահին երթեւեկել է շուրջ 60 կմ ժամ արագությամբ եւ ՃԵԿ-ի պահանջներին հակասող որեւէ գործողություններ թույլ չի տվել: Ավտովթարի միակ մեղավորը «Ֆորդն» է, որը ձախ շրջադարձ կատարելով՝ փակել է իր ճանապարհը եւ ստեղծել վթարային իրավիճակ:

Նրանք դատարանի ուշադրությունը հրավիրել էին իրենց կողմից ապահովագրական ընկերությանը վթարի մասին տեղեկացնելու ժամին, որը որպես փաստական հանգամանք օգտագործելով՝ ընկերությունը փորձում է հետադարձ պահանջի իրավունքով Արա Դերունյանին վճարած գումարը իրենցից ստանալ. «Վթարը տեղի է ունեցել ոչ թե ժամը 8-ին, այլ 8-ից հետո, հավանաբար՝ ժամը 8 անց 30-ի հատվածում: Եթե իմանային, որ ապահովագրական ընկերությունը հետագայում նման պահանջներ կներկայացներ իրենց դեմ, ապա ժամը, անշուշտ, հստակ կֆիքսեին»:

Երբ Արամ Եղիազարյանը զանգահարել է ապահովագրական ընկերություն, ապահովագրական գործակալի կամ հերթապահի այն հարցին, թե վթարը որ ժամին է տեղի ունեցել, պատասխանը եղել է 08.35. «Ավտովթարի հետեւանքով իր մեքենան ամբողջությամբ ծխով էր պատված, հրդեհի բռնկումը անխուսափելի էր թվում եւ միայն երջանիկ պատահականությամբ հրդեհ չբռնկվեց, քանի որ ինքը, հավաքված պատահական անցորդների հետ միասին, հազիվ կարողացել է անջատել մեքենայի մարտկոցի լարերը եւ այդ կերպ կանխվել է հրդեհի բռնկումը: Վթարից հետո ինքը կատարվածի ազդեցության տակ ընկել էր շոկային վիճակի մեջ, չէր հասկանում, թե ինչ է կատարվել, իսկ այդ վիճակից դուրս գալու համար րոպեներ էին պետք: Բացի այդ, հայերը, ելնելով իրենց հոգեկերտվածքից, միանշանակ չեն ընդունում կողմերից մեկի մեղավորությունը եւ սկսում են միմյանց մեղադրել ու յուրաքանչյուրը տվյալ պահին փորձում է ապացուցել, որ ինքը ճիշտ է, իսկ մյուսը մեղավոր: Իրենց դեպքում նույնպես որոշ ժամանակ վատնել են միմյանց մեղադրելու վրա: Այդքանից հետո, երբ հնարավորություն է ունեցել զանգել ապահովագրական ընկերությանը, տեսել է, որ հեռախոսը չկա: Վթարին նախորդող պահին հեռախոսը դրված է եղել մեքենայի փոխանցումների տուփի մոտ, որը վթարից հետո շպրտվել էր իր տեղից եւ ահագին ժամանակ չէր կարողանում գտնել, իսկ երբ գտել է, անմիջապես զանգահարել է»: Զանգահարել է ոչ թե 1 ժամ 5 րոպե հետո, ինչպես նշված է հայցադիմումում, այլ «զանգել եմ առաջին իսկ հնարավորության առկայության դեպքում, հնարավորինս սեղմ ժամկետում, վթարից շուրջ 20-25 րոպե անց»:

 
ՌՈՒԶԱՆ ՄԻՆԱՍՅԱՆ

«Առավոտ»

28.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31