Քանոնահար Մարիաննա Գեւորգյանը
պրեմիերաներ խոստացավ առաջիկա համերգին
– Նոյեմբերի 5-ին Կոմիտասի անվան կամերային երաժշտության տանը կայանալու է ձեր մենահամերգը՝ «Տաղարան» համույթով, համերգն էլ նվիրված է Խաչատուր Ավետիսյանի 90-ամյակին: Ինչ տեսակ պատասխանատվությամբ եք մոտեցել համերգին եւ մասնավորապես՝ Խաչատուր Ավետիսյանին, որը ձեր սիրելի հեղինակներից է:
– Մենահամերգներ շատ եմ ունեցել, բայց այս մեկը տարբերվում է ու առանձնահատուկ է ինձ համար։ Մի քանի ամիս առաջ էր, երբ մաեստրո Սեդրակ Երկանյանն առաջարկեց մենահամերգ ունենալ՝ նվիրված կոմպոզիտոր Խաչատուր Ավետիսյանի 90-ամյա հոբելյանին։ Համերգին հնչելիք ստեղծագործությունները ընտրել ենք ես ու մաեստրոն՝ շատ բծախնդրորեն, հատընտիր են: Ցանկացել ենք, որ այդ երեկոն հանդիսատեսն ուղղակի վայելի։ Բոլոր գործերը նորովի մշակել ու գործիքավորել է պարոն Երկանյանը, այսինքն՝ պրեմիերաներ են։ Հսկայական աշխատանք է տարվել, որի համար շնորհակալ եմ Սեդրակ Երկանյանին եւ տաղարանցիներին, որոնք մեծ սիրով ու ոգեւորությամբ իմ կողքին են։ Կուզեի նշել, որ այս առիթով կոմպոզիտոր Վարդան Աճեմյանն էլ իր ներդրումն է ունեցել եւ մի շատ գեղեցիկ լիրիկական գործ է գրել, այն հնչելու է առաջին անգամ։ Համերգը սկսելու ենք Խաչատուր Ավետիսյանի «Արցախի» ստեղծագործությամբ։
– Դուք մի շարք մրցույթների դափնեկիր եք, ի՞նչ են տալիս մրցույթները երաժիշտ-կատարողին: Չկա՞ դրանցում սպորտային մրցակցության բաղադրիչ:
– Մրցույթներին մասնակցելու համար պետք է թե հոգեպես եւ թե տեխնիկապես լավ պատրաստված լինել, հակառակ դեպքում՝ անիմաստ եմ համարում մասնակցելը։ Մրցույթ-փառատոները շատ կարեւոր են ցանկացած ասպարեզում, դրանք նախ եւ առաջ տալիս են նոր հնարավորություններ։ Պետք է, սակայն, չմոռանալ, որ մրցույթներին մասնակցությունը կարող է ունենալ երկու արդյունք՝ հաղթանակ, որի ժամանակ դու վայելում ես քո աշխատանքի արդյունքը ու ոգեշնչված շարունակում գործունեությունդ, եւ պարտություն, որը շատ խորը հետեւանքներ կարող է թողնել։ Ես սառնասրտորեն եմ վերաբերվում այս իրողությանը եւ առաջնորդվում այն տրամաբանությամբ, որ լավագույն մրցակցությունը ինքդ քեզ հաղթելն է։
– Դուք սովորել եք լավագույն մասնագետների (Հասմիկ Լեյլոյան, Ալվարդ Միրզոյան) մոտ: Մասնագիտական խորհուրդ, որ միշտ մտապահում եք որպես քանոնահար:
– Կարող եմ ասել՝ իմ բախտը բերել է. ես ուսանել եմ դեռ դպրոցական տարիքից երկու լավագույն ու միմյանցից շատ տարբեր դասախոսների մոտ։ Իրենք անմնացորդ տվել են մասնագիտական բոլոր գաղտնիքներն ու խորհուրդները, ես էլ սիրով ընդունել ու կիրառում եմ։ Ձգտում եմ միշտ իմ արվեստը հասցնել կատարելության։ Յուրաքանչյուր ասպարեզում լավագույն արդյունքի հասնելու համար պետք է հաղթահարել բազմաթիվ խոչընդոտներ, շատ աշխատել, ցուցաբերել մեծ կամք, չկոտրվել, ունենալ լավ թիմ։
– Որոշ ժամանակակից հեղինակներ հենց ձեզ են վստահել հատուկ քանոնի համար փոխադրած իրենց ստեղծագործությունների առաջին կատարումները: Հատկապես ի՞նչ ստեղծագործություններ կառանձնացնեիք:
– Կառանձնացնեի ինձ համար ամենահուզիչը. դա եղել է Նորքի տուն-ինտերնատի բնակիչ Ռոբերտ Աբրահամյանի գրած «Երգ սիրո մասին» ստեղծագործությունը, որն էլ նվագել եմ հենց այնտեղ՝ համերգի ժամանակ։ Ընդհանրապես պատասխանատվության մեծ զգացումով եւ գիտակցորեն եմ կատարում պրեմիերաները։
– «Տաղարան» համույթում ձեր գործունեության մասին պատմեք: Ի՞նչ է «Տաղարանը» ձեզ համար:
– Հնագույն երաժշտության «Տաղարան» համույթում, որ գեղարվեստական ղեկավարը մաեստրո Սեդրակ Երկանյանն է, ես հանդես եմ գալիս որպես մենակատար քանոնահարուհի: Հնագույն երաժշտությունը շատ հոգեհարազատ է ինձ, մերն է, մեր հոգուց է բխում, ու մենք պետք է սրբորեն պահենք, պահպանենք ու փոխանցենք սերունդներին։ Մաեստրոն երաժիշտ-կատարողին տալիս է հնարավորություն ներկայանալու իր ողջ էությամբ ու կատարողական արվեստով։ Պարոն Երկանյանը ստեղծում է բոլոր պայմանները, որ խմբի բոլոր անդամներն իրենց լիարժեք զգան։ Յուրաքանչյուր համերգի հանդես եմ գալիս նոր մշակված ու գործիքավորած ստեղծագործությամբ։
– Ձեր մասին շատ են կարծիքները, որ հրաշալի տեխնիկա ունեցող քանոնահար եք: Ինչպե՞ս եք վերաբերվում նման գնահատականներին:
– Գնահատված լինելը ամենակարեւորն է, երբ աշխատանք ես կատարում՝ սպասում ես արձագանքի։ Ինձ համար ամենակարեւորը հանդիսատեսի, ունկնդրի սերն է, դրանից բարձր գնահատանք չկա։
Զրուցեց
ԳՈՀԱՐ ՀԱԿՈԲՅԱՆԸ
«Առավոտ»
28.10.2016