Լրահոս
Օրվա լրահոսը

Պատրաստվելով ոչ թե նախորդ, այլ հաջորդ պատերազմի

Հոկտեմբեր 29,2016 12:00

Հոկտեմբերի 21-22-ը աշխատանքային այցով ՊԲ էր այցելել ՀՀ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը` հայկական երկու հանրապետությունների ռազմական փոխհամագործակցության, փորձի փոխանակման եւ գործողությունների համադրման ծրագրի շրջանակում: Ըստ ՀՀ ՊՆ հաղորդագրության` երկօրյա աշխատանքային այցի ընթացքում հստակեցվել են հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ընթացիկ եւ առաջիկա խնդիրները, ճշգրտվել են այն հիմնական անելիքները, որոնք անհրաժեշտ են հակառակորդի ագրեսիվ նկրտումները սանձելու եւ զսպման ու հակազդման մեխանիզմներն առավել արդյունավետ դարձնելու ուղղությամբ:

Մեկ շաբաթ առաջ պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանն ԱԺ-ում կառավարության ծրագրի քննարկման ժամանակ նշեց, որ կոռուպցիայի եւ հովանավորչության դեպքերը բացառելու միջոցով բանակում լուծելու են արդարության եւ թափանցիկության մթնոլորտի ամրապնդման, բանակում մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների երաշխավորման խնդիրներ. «Համատեղ ջանքերով մենք պետք է կոտրենք այն կարծրատիպը, թե զորամասը երբեմն-երբեմն նվերներ տանելու եւ գեղեցիկ ելույթ ունենալու վայր է: Բանակը ՀՀ-ի ամենամեծ ինստիտուցիոնալ կառույցն է»: Նա ՊՆ-ի առաջնահերթ խնդիրներից մի քանիսը նշեց, ընդգծեց նաեւ կամավորության սկզբունքով կանանց զինվորական ծառայության անցման հնարավորությունների ընդլայնումը, պայմանների ստեղծումը` նաեւ նրանց ծառայողական առաջխաղացման հավասար իրավունքների եւ երաշխիքների ապահովման համար:

Վիգեն Սարգսյանը Արցախի հեռուստատեսությունում հարցազրույց է տվել, որում առավել մանրամասն խոսել է պաշտպանական ոլորտի անելիքների մասին: Ադրբեջանի բացահայտ ագրեսիվ քաղաքականությունը, ԼՂ խնդիրը ռազմական ճանապարհով լուծելու պատրաստակամությունը մատնանշելով՝ նա նկատեց, որ մեր մարտական հերթապահությունը, հետեւաբար, պետք է կառուցվի այդ տրամաբանությանն արձագանքելով: Ըստ նրա` Ադրբեջանի փորձերը կշարունակվեն այնքան ժամանակ, մինչեւ, ինչպես ժամանակին ասել էր Իսրայելի վարչապետ Գոլդա Մեիրը (Իսրայելի կառավարությունը 1969-1974թթ., ղեկավարել է կին վարչապետ-Է. Գ.)՝ «հակառակորդը չսկսի սիրել իր զավակներին ավելի շատ, քան ատում է մեր զավակներին»:

Համակարգի խնդիրներից խոսելով՝ պաշտպանության նախարարը նկատեց, թե մեզանում Զինված ուժերի եւ բանակի նկատմամբ ժողովրդական սիրո յուրահատուկ արտացոլումն է. «Մենք շատ բարձր ենք գնահատում սահմանում կանգնած զինվորին, մենք ընդհանուր, ամորֆ սիրում ենք բանակը, բայց հրաժարվում ենք հստակ ֆիքսել, որ զինվորի եւ հաղթանակի միջեւ կա հրամանատար»: Այստեղ նա մատնանշեց սպայի աշխատանքի թերագնահատվածությունը, սպայի կերպարի ճիշտ ընկալման ձեւավորման ուղղությամբ անհրաժեշտ աշխատանքը, ինչպես նաեւ կարեւորեց կոռուպցիոն երեւույթների իսպառ վերացումը Զինված ուժերում եւ բանակում՝ նկատելով, որ շատ խիստ եւ հետեւողական աշխատանք պետք է տարվի այդ ուղղությամբ` հասարակական լայն ներգրավմամբ:

Որպես հաջորդ կարեւորագույն հարց նա առանձնացրեց «խելացի սպառազինման» խնդիրը. «Մեզ պարտադրում եմ սպառազինությունների մրցավազք: Մենք պետք է կարողանանք քայլ առաջ անել եւ պատրաստվել ոչ թե երեկվա պատերազմին, այլ վաղվա պատերազմին, եւ վաղվա պատերազմին պատրաստվելիս մենք պետք է սթափ գնահատենք, թե որն է մեր կարիքը, ինչ ունենք մեր զինանոցներում եւ ինչ պետք է ավելացնել, որպեսզի այդ պայքարը լինի նվազագույն միջոցներով առավելագույն արդյունք տվող: Որովհետեւ եթե մենք նույնիսկ ունենայինք աշխարհի բոլոր ռեսուրսները, սպառազինության մրցավազքը միշտ տանում է դեպի տնտեսությունների քայքայման` ե՛ւ հարուստ տնտեսությունների, ե՛ւ զարգացող տնտեսությունների: Հետեւաբար նա, ով պարտադրում է այդ մրցավազքը, եւս ունի այդ խնդիրը: Մենք պետք է գայթակղությունը` անպայման ամեն ինչի դիմաց նույն տիպի զինատեսակ ունենալ, վերանայենք եւ «խելացի սպառազինման» ճանապարհով գնանք»:

Համակարգը հնարավորինս ամրացնել այնպես, որպեսզի Ղարաբաղյան բանակցություններում հնարավոր լինի հասնել ԼՂ-ն ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացմանը. «Սա տարածքային վեճ չի, պատմական արդարության վերականգնման վեճ չի, սա ազգային անվտանգության եւ ինքնուրույն սեփական ճակատագիրը որոշելու պայքար է: Հետեւաբար պաշտպանական համակարգը, Զինված ուժերն անելու են ամեն ինչ, որպեսզի որեւէ փոխզիջում ուղղված չլինի այդ իրավունքների նվազեցմանը»,- ասում է Վիգեն Սարգսյանը:

Անդրադառնալով «ազգ-բանակ» բանաձեւին, խոսակցություններին, թե դա տանում է դեպի ռազմականացում, նա չհամաձայնեց՝ բացատրելով. «Դա չի նշանակում ազգի ռազմականացում, այլ մեր հասարակությունը պետք է իրեն զգա ազգային բանակի մի մաս… Այսինքն՝ որքանով մենք կհասկանանք մեր գործառույթը` որպես պաշտպանության համակարգի բաղադրիչ մաս»:

Հայաստանի պաշտպանության նորանշանակ նախարարն, այսպիսով, ՊՆ-ի քաղաքացիական կառավարման ճանապարհին Զինված ուժերի եւ պետական կառավարման համակարգի միջեւ ամուր կամրջի ձեւավորման օգտին է հանդես գալիս:
Ապրիլյան քառօրյա պատերազմից հետո ՊՆ-ում, բանակում բացթողումների, «դասեր քաղելու» մասին շատ է խոսվել: ԼՂ-ում, շփման գծում, ըստ տեղեկությունների, իսկապես լայնածավալ աշխատանքներ տարվում են, եւ դա ողջունելի է: Իսկ Հայաստանում ի՞նչն է փոխվում եւ ի՞նչ ուղղությամբ: Եթե ԼՂ-ի ժողովրդի անվտանգության եւ ինքնորոշման իրավունքի լիարժեք իրականացումը, Արցախի միջազգային ճանաչումը դիվանագիտական լուրջ աշխատանքի հարց է, ապա ՊՆ-ի ու բանակի գործառույթը այդ գործընթացին նպաստելու նպատակով լիովին այլ է:

Սկսենք նրանից, որ Արցախի միջազգային ճանաչման ուղղությամբ, ցավոք, ՀՀ իշխանություններն առայժմ սահմանափակվում են ժամանակ առ ժամանակ այդ մասին հայտարարություններով, մինչդեռ հիմա, առավել քան երբեւէ, ալիեւյան ռեժիմի սանձարձակության, միջնորդներին շանտաժի ենթարկելու պայմաններում, միջազգային հանրությունից ԼՂ միջազգային ճանաչման հարցում հնարավոր է գալ պայմանավորվածությունների: Գումարած սրան, էական ոչինչ չի արվում ԼՂ-ի բանակցությունների սեղանին վերադարձնելու հարցում, մինչդեռ նկատենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբում ամերիկյան կողմը վերջերս հետեւողականորեն շեշտում է ԼՂ կարգավիճակի հարցը, այսինքն՝ այստեղ էլ դիվանագիտական աշխատանքի տեղ կա:

Այժմ դառնանք Վիգեն Սարգսյանի` վերջին օրերի հայտարարությունների հիմնական շեշտադրումներին: «Խելացի սպառազինության» իմաստն այն է, որ «Իսկանդերն» ու «Սմերչը» զսպող գործոն են, բայց ոչ երաշխիք հնարավոր պատերազմում հաղթանակներ արձանագրելու կամ` ոչ պատերազմ, ոչ խաղաղություն պայմաններում հակառակորդի նկատմամբ առավելության հասնելու համար: Հետեւաբար հակառակորդի ունեցած նույն սպառազինությունից հայթայթելու վրա գումարներ ծախսելն անիմաստ է, ռեսուրսների առումով Ադրբեջանի հետ մրցավազքի դուրս գալը կնշանակի խաղալ Ալիեւի «խաղի կանոններով»: «Խելացի սպառազինությամբ» Հայաստանը պետք է Ադրբեջանին խաղաղություն պարտադրի` բանակում արդյունավետ կառավարմամբ:

Եթե հայկական կողմին հաջողվել է պարտադրված պատերազմում` այն ժամանակ եւս ռեսուրսային զգալի տարբերության պայմաններում, հաղթանակներ արձանագրել Ղարաբաղյան պատերազմում 90-ականների սկզբին, ապա այժմ հայկական կողմի խնդիրը պետք է լինի «խելացի սպառազինությամբ» Ալիեւին խաղաղության դրդելը: Այդ կերպ կհաջողվի չեզոքացնել Ալիեւի «ռեսուրսային առավելությունը»: Հետեւաբար Վիգեն Սարգսյանի նշած «խելացի սպառազինության» ուղով առաջ ընթանալը ճիշտ տարբերակ է: Մնում է այդ գաղափարը չդառնա իշխանության համար մի գովազդային արտահայտություն, այլ գործնականում դրա ուղղությամբ աշխատանքներն իրականացվեն կարճ ժամկետներում:

Նույնը վերաբերում է Վիգեն Սարգսյանի առաջ քաշած` ազգ-բանակ գաղափարին: Մենք հպարտանում ենք մեր բանակով ու զինվորով, բայց, խոշոր հաշվով, նրա հանդեպ չկա պետական-քաղաքացիական մոտեցում: Դա չի նշանակում, որ բանակը Հայաստանի տնտեսության համար պետք է բեռ դառնա, այլ հակառակը` բանակը տնտեսության զարգացման ուղղությունները պետք է նախանշի: Այսինքն՝ ոչ թե սեղանների շուրջ բաժակաճառերով, սոցիալական ցանցերում գրառումներով ու փողոցներում մեքենաների վրա գրություններով պետք է համոզվենք, թե մեր քաղաքացիները որքան են սիրում հայ զինվորին, այլ մեր աշխատանքով: Դա կլինի պետական-քաղաքացիական մոտեցում, որով, խոշոր հաշվով, կձեւավորվի բանակի ու պետության տեսլականը:

ԷՄՄԱ ԳԱԲՐԻԵԼՅԱՆ

«Առավոտ», 28.10.2016

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2016
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31