Աշնանային այս մռայլ եղանակին ակումբներից մեկում լրագրողների համար միջոցառում էին կազմակերպել՝ «Գինու համտես լրագրողների հետ»: Իսկ ինչո՞ւ լրագրողների հետ, քանի որ Հայաստանում միակ պրոֆեսիոնալ սոմելյե (գինեգետ) Անիկ Պետրոսյանի հեղինակած «Հայաստանի գինեգործությունը և հայկական գինիների ուղեցույցը», որը հրատարակվել է «Անտարես» հրատարակչության կողմից, Մադրիդի «Gurmand International Award»-ի ժամանակ ճանաչվել է Եվրոպայի գինիների լավագույն ուղեցույցը: Սա շատ մեծ իրադարձություն է և լավ առիթ, որպեսզի խոսեն և քննարկեն հայկական գինեգործության զարգացման մասին:
Հայկական գինու առաջին ուղեցույցը բաղկացած է երկու մասից: Առաջին մասում պատմական ընդհանուր ակնարկ է Հայաստանի գինեգործության մասին հին ժամանակներից մինչև այսօր, իսկ երկրորդում՝ հայկական գինիներն են, բնութագիրը, խորհրդատվություն, թե որ գինու հետ ինչ կարելի է ճաշակել: Գիրքը եռալեզու է՝ հայերեն, անգլերեն, ֆրանսերեն:
Անիկ Պետրոսյանը նախ բոլորին անձամբ գինի հյուրասիրեց, այնուհետև պատմեց գինիների մասին, թե ինչպիսի պայմաններում պահել, ինչպես բացել, որպեսզի խցանը չվնասվի և այլ հետաքրքիր փաստեր` կապված այդ կախարդական ըմպելիքի հետ. փաստորեն գինու շշի դիզայնը պայմանավորված է խաղողի տեսակով:
Կարդացեք նաև
Անիկը պատմեց, որ 10 տարուց ավելի է ինչ այս ոլորտում է. «Գինու մշակույթով հետաքրքրվելը լրիվ պատահական է ստացվել: Մասնակցեցի ֆրանսիացի գինեգետի կազմակերպած դասընթացին և վերջում քննությունը միայն ես կարողացա հանձնել և դա ինձ մոտիվացրեց, որ ավելի խորանամ, դառնամ այս ամենի մի մասը: Այժմ այս ամենը ինձ այնքան հարազատ է դարձել, որ ուրիշ գործով զբաղվել ես չեմ ուզում»:
Իր մասնագիտության մասին խոսելիս նշում է, որ նախքան Ֆրանսիա գնալը շատ էր լսում, որ Հայաստանը պրոֆեսիոնալ սոմելյե չունի և այս պրոբլեմը մի շարք քննարկումների առիթ է դարձել: Իսկ այժմ ներկայանալով որպես պրոֆեսիոնալ սոմելյե՝ նա այդ հարցին մեկընդմիշտ վերջ է դրել:
Իսկ Ֆրանսիայում ուսումը ավարտելուց հետո՝ վերադառնալով Հայաստան որոշում է ստեղծել գինիների ուղեցույց: Գինեգետի հավաստմամբ. «Հայաստանը գինեգործության ոլորտում դարերի փորձ ունի և մենք ունենք շատ լավ գինիներ, որոնք արժանի են, որպեսզի նկատվեն օտարերկրացիների կողմից և ըստ արժանվույնս գնահատվեն: Ուղեցույց ստեղծելը իմ նախաձեռնությունն է, իմ մտահղացումը, ինչու ոչ նաև երազանքը, որն արդեն իրականացրել եմ»:
Անիկը նշեց, որ գրքի հետ կապված ամբողջ աշխատանքը միայնակ է արել՝ գտել է թարգմանիչներ, լուսանկարիչներ, խոսել է հնագետների հետ և արել է հնարավոր ամեն ինչ, որպեսզի գիրքը պրոֆեսիոնալ կերպով ներկայացնի: Հիմնականում գլխավոր աջակիցը եղել է «Անտարես» հրատարակչությունը, նաև փոքրիկ ներդրումներ են ունեցել արտադրողները:
«Անտարես» մեդիա հոլդինգի նախագահ Արմեն Մարտիրոսյանը, խոսելով գրքի մասին, շեշտեց, որ սա լավ այցեքարտ է Հայաստանի համար. «Գիրքը բոլորի համար է: Ամեն մարդ կարող է իր համար վերցնել այն, ինչ հետաքրքիր է, մեկը արտաքինը, մեկը բովանդակությունը, մեկը գինիների մասին տեղեկությունը, մյուսը խաղողագործության մասին այն ամբողջ հետաքրքիր փաստերը, որոնք կան այս գրքում»:
Անիկը խոսեց երազանքներից և նշեց, որ ցանկություն ունի Հայաստանում հիմնել սոմելյեների դպրոց. «Ես անհատական դասընթացներ կազմակերպում եմ, բայց այս մասնագիտության համար միջավայրը, հարմարավետությունը շատ կարևոր է: Ուզում եմ դպրոց հիմնել, բայց միայնակ ես չեմ կարողանա այդ ամենը իրագործել՝ պետական հովանավորչություն կամ անհատ հովանավորներ են պետք և այլ մանր-մունր հարցեր կան»:
Երազանքներից հետո հասանք լավ-վատ գինի հասկացությանը, իսկ սա շատ բարդ հարց է: Գինեգետը կարևորեց, այն որ որակ-գին համապատասխանեցումը պետք է ճիշտ արվի: Նաև ասաց, որ գինին մենակ խմելու համար չէ. «Գինին պիտի կիսես ինչ-որ մեկի հետ, եթե դուք այն կիսում եք լավ մարդու հետ, սիրած մարդու հետ, ապա այն դառնում է ձեզ համար աշխարհի ամենալավ գինին: Ամեն կումից հետո նոր միտք ու խոսելու նոր թեմա է բացվում»:
Լիլիթ ԽԱՉԱՏՐՅԱՆ